12.07.2017 19:39

Գեւորգ Նալբանդյան. Դիվանագիտությունը պատվերով համերգ չէ

Գեւորգ Նալբանդյան. Դիվանագիտությունը պատվերով համերգ չէ

Հուլիսի 11-ին կազմակերպվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, եւ ահա հարց է հնչում, թե հասարակական ինչ պատվերով է Նալբանդյանը խոսել Մամեդյարովի հետ: Իշխանությունն, իհարկե, պետք է գործի հասարակական պատվերի շրջանակներում, բայց դիվանագիտությանը դա վերաբերում է ընդհանրապես: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նա պետք է գործի հնարավորության եւ նպատակահարմարության գերակայությամբ:

Թե ինչ է սպասում հասարակությունը Ղարաբաղի հարցում, պարզ է, բայց կա նաեւ Ադրբեջանի հասարակական պատվերի հանգամանք: Եւ եթե կողմերից յուրաքանչյուրը սեղանին դնի ստացած պատվերը, ապա բանակցությունները նույն պահին կխզվեն: Այս պարզ ճշմարտությանը հասու է յուրաքանչյուր բանական արարած, բայց այլ բան է ներքին համոզմունքը, այլ` քաղաքական պատվերը: Նալբանդյան-Մամեդյարով բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել սեպտեմբերին եւս մեկ հանդիպում ունենալու պայմանավորվածություն, համանախագահները փոխանցել են մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւի գագաթնաժողով կազմակերպելու առաջարկություն:

Դա նշանակում է, որ բանակցությունները շարունակվում են, որոշակի հույսեր պահպանվում են: Նորմալ իշխանությունը նման դեպքում կօգտագործեր առիթը եւ հասարակությանը խաղաղության հասնելու նպատակի ուղերձ կհղեր, բայց մենք գործ ունենք մի ռեժիմի հետ, որի համար, կարծես, Ադրբեջանի հետ հարաբերություններում որեւէ առաջընթաց հավասարազոր է ամոթալի արարքի, որը նա շտապում է թաքցնել, իրեն ենթակա քարոզչամիջոցներով ցրել այդ տպավորությունը:

Քաղաքական մանկամտությունը հասել է այն աստիճանի, որ դա արվում է թիմի առանցքային անդամներից մեկին` արտաքին գործերի նախարարին հարվածի տակ դնելու գնով: Մինչ նա Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ բանակցում է Ռուսաստանի արտգործնախարարի հետ, «պատասխանատու» լրատվամիջոցները շտապում են ֆոն ստեղծել, որ «Լավրովը Նալբանդյանին թելադրում է, իսկ Մամեդյարովի հետ` բանակցում»:

Մենք Նալբանդյանի «մարտավկան» չենք, ուղղակի ցույց ենք տալիս իշխող ռեժիմի բարոյալքվածությունը, որ մի ձեռքով Նալբանդյանին գործուղում է Լավրովի հետ բանակցելու, մյուսով նրան հեղինակազրկում` չհասկանալով, որ վնասում է առաջին հերթին իրեն: Հասարակությանը պետք է պարզ լինի, որ մամուլում ինչ ասվում է, իրականության հետ կապ չունի: Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում հիմք է ընդունում մադրիդյան սկզբունքները, դրանց հիման վրա մշակված Կազանի փաստաթուղթը: Այդ դեպքում դիվանագիտությանը հասարակական պատվերի մասին խոսք չպետք է լինի: Հասարակության ակնկալիքները չափազանց մեծ են, իրականությունը` այլ:

Սպասումների եւ հնարավորությունների տարբերությունը բնական է, անբնականն այն է, որ ռեժիմը խուսափում է դա խոստովանել եւ անկեղծորեն ներկայացնել հասարակությանը: Պատճառն այն է, որ նա լեգիտիմ չէ, չունի բավարար աջակցություն: Թաքցնելով ճշմարտությունը` ռեժիմը երկարաձգում է սեփական գոյությունը, բայց որքան այդպես շարունակվում է, կրկնակի-եռակի չափով տուժում են Հայաստանը եւ Ղարաբաղը, հայ ժողովուրդը:

Դիվանագիտությունը պատվերով համերգ չէ, ոչ էլ իշխանությունը` կատարող: Պետության, երկրի եւ ժողովրդի համար կարեւորագույն նշանակության` Ղարաբաղի հարցում իրավիճակ եւ լուծում թելադրող պետք է լինի իշխանությունը, որովհետեւ ամեն ինչի պատասխանատուն ինքն է: