12.07.2017 20:45

Վահան Թումանյան. Հայաստանի ընտրությունը

Վահան Թումանյան. Հայաստանի ընտրությունը

Վերջին ոչմիթիզհողականի համար էլ պարզ է, եթե նա, իհարկե, անմեղսունակ չէ, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է բանակցությունների սեղանի շուրջ` խաղաղության եւ բարիդրացիության մասին պայմանագրով: Սա աքսիոմա է: Խնդիրն այն է, թե ովքեր կլինեն բանակցողները, ինչ պայմանագիր եւ ում միջեւ կստորագրվի: Եթե առաջին հանրապետության կառավարիչները բավարար հեռատեսություն կամ ժողովրդախոսակցական լեզվով ասած` «քթի ծակ» ունենային, չկառչեին «վեց վիլայեթից եւ անբաժանելի մաս Կիլիկիայից», ապա Ղարաբաղի հարցը հնարավոր էր լուծել Հայաստանի համար անհամեմատ նպաստավոր ձեւով: Եթե 1990 թվականի օգոստոսին Ղարաբաղի «լիդերները» հույս չդնեին Մոսկվայի վրա եւ ընդունեին սահմանադրական իշխանությունը վերականգնելու ճանապարհով Ադրբեջանի հետ իրավահարաբերությունները պայմանագրային հիմքերի վրա դնելու գաղափարը, ինչին նրանք պարտադրված հանգեցին մեկ տարի հետո, բայց ստացան Ադրբեջանի մերժումը, ապա սովետմիության փլուզման պահին կունենայինք բոլորովին այլ ստատուս քվո:

Այսօր դեռեւս լիովին չի սպառվել Ղարաբաղի կոնֆլիկտը հայ-ադրբեջանական բանակցություններով կարգավորելու հնարավորությունը, բայց այն շատ ավելի թույլ է, քան` 1997 թվականին, երբ սեղանին դրվող պայմանագրի կողմ էր ճանաչվում նաեւ Ղարաբաղը: Ավելի ճիշտ, Ղարաբաղն էր Ադրբեջանի հետ կնքելու կոնֆլիկտի զինված փուլին վերջ դնելու մասին պայմանագիրը, Ղարաբաղն էր բանակցելու իր ապագա կարգավիճակը: Հայաստանը մնալու էր Բաքու-Ստեփանակերտ պայմանավորվածությունների, իսկ միջազգային հանրությունը` պատերազմի չվերսկսման երաշխավորը: Հայաստանի «վոին»-ական ռեժիմը մի քանի ամսում մսխեց դիվանագիտական այդ ահռելի ռեսուրսները եւ կանգնեց «ընդհանուր պետության» տարբերակի, այնուհետեւ` քիվեսթյան եւ Ռամբուեի արկածախնդիր տարբերակների առջեւ: Բարեբախտություն է, որ շահագրգիռ ուժերը թույլ չտվեցին դրանց իրականացումը, միջնորդները հնարավորն արեցին, որպեսզի Հայաստանը վերջնականապես չկորցնի իրավասուբյեկտությունը: Մադրիդյան սկզբունքները Հայաստանի ձեռքբերումը չեն: Դա միջնորդների գաղափարն է, որով փորձ է արվում կոնֆլիկտի կարգավորումը բերել 1997 թվականի տրամաբանությանը` ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք: Այս սկզբունքներն էին դրված 1997 թվականի համաձայնությունների հիմքում: Տարբերությունն այն է, որ քսան տարի առաջ պայմանավորվում էին Ադրբեջանը եւ Ղարաբաղը, իսկ այսօր` Ադրբեջանը եւ Հայաստանը:

Բայց դա կարելի էր չարիքներից փոքրագույնը համարել, եթե չհետագծվեր մի շատ վտանգավոր միտում. Ղարաբաղի կարգավորման ընթացքում Հայաստանը դադարում է սուբյեկտությունից: Թեեւ օրվա իշխանությունը գեներացնում է Ղարաբաղի հարցում «դիրքորոշումը կոշտացնելու» գաղափարը, իրականում գոյություն ունի քննարկումների մի հարթակ, որտեղ Հայաստանը չկա: Դա Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռախոսության հարթակն է: Եւ տպավորություն կա, որ Ղարաբաղի հարցով սկզբունքային քննարկումներ հենց այնտեղ են ծավալվում:

Ռեժիմի սպասարկու մեդիա-ռեսուրսները եւ քաղաքագիտական-վերլուծաբանական շրջանակները փորձում են ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, նրան ներկայացնում են «հայ ժողովրդի թիկունքում եւ նրա հաշվին Թուրքիայի հետ պայմանավորվելու», «ընդդեմ Հայաստանի եւ Ղարաբաղի Ադրբեջանին սպառազինելու» եւ այլ ծիծաղելի մեղադրանքներ: Ասես ինչ-որ տեղ կա մի հայ-ռուսական պայմանագիր, որը Ռուսաստանին արգելում է հարաբերություններ ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Մանկամտությունը հասնում է այնտեղ, որ պարբերաբար ռուս-ադրբեջանական հարաբերությունների առթիվ հրապարակային խանդի տեսարաններ են ստեղծվում` հարուցելով Ռուսաստանի քմծիծաղը եւ Ադրբեջանի անթաքույց հրճվանքը:

Մինչդեռ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների շուրջ հայդատական թատերախաղ եւ Սահմանադրական դատարանի եզրակացություն բեմադրելով` հեղինակազրկեց Հայաստանը: Հենց այդ ժամանակահատվածում են կնքվել սպառազինությունների առուվաճառքի ռուս-ադրբեջանական պայմանագրերը, իսկ Ադրբեջանը` ձախողել Կազանի փաստաթղթի ստորագրումը:

Այսօր տեսանելի է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցը հետեւողականորեն տեղափոխում է Ռուսաստանի հետ հարաբերությունների տիրույթ: Հավանական է դառնում խնդրի արտատարածաշրջանային կարգավորումը: Այդ դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքը լինելու է գերակա: Հայաստանը պետք է ընտրություն կատարի անորոշության եւ դիվանագիտական ճեղքման միջեւ: Առաջինը Ղարաբաղի հարցը տանում է դեպի ռուս-թուրքական պայմանավորվածություններ: Երկրորդը հնարավորություն է, որպեսզի խնդիրը քննարկվի հայ-ադրբեջանական երկխոսության մակարդակում, որտեղ հայկական կողմերը դեռեւս պահպանում են իրենց իրավասուբյեկտությունը:

Վերջապես, կարեւոր է ոչ միայն, թե ինչ լուծում է լինելու, այլեւ` թե ովքեր են հանգելու դրան: