13.07.2017 12:04

Սերգո Տոնոյան. «Լուրեր ռազմաճակատից»

Սերգո Տոնոյան. «Լուրեր ռազմաճակատից»

Հայաստանյան հեռուստատեսության, ռադիոյի եւ ԶԼՄ-երի տեղեկատվական ծրագրերի գերակշիռ մասն ունի հստակ կառուցվածք:

Ցանկացած լրատվական հաղորդում սկսվում է Արցախում՝ շփման գծում իրավիճակի ներկայացմամբ: «Լուրեր ռազմաճակատից» բաժինն, ըստ էության, այն առաջին տեղեկատվությունն է, որ պետք է ստանա ցանկացած քաղաքացի: Դրա տեւողությունը կախված է նախորդ օրը տեղի ունեցած իրադարձությունների ծավալից: Դժբախտաբար, եթե եղել են զոհեր, ապա առաջին ռեպորտաժը ռազմաճակատից այն հերոսական մարտի մասին է, որտեղ ընկել է 18 կամ 20-ամյա երիտասարդը: Արցախի ՊԲ, ՀՀ ՊՆ, իսկ այնուհետեւ ԱԳ-ների՝ տարիներ շարունակ կրկնվող, նույն բովանդակությամբ, երբեմն՝ հակիրճ, երբեմն՝ չափից դուրս պաթետիկ հաղորդագրությունները ներկայացնելուց հետո հաղորդավարը իր հուզիչ ձայնով ստիպելու է ձեզ տեղափոխվել արդեն հերոսացած երիտասարդի հայրենի բնակավայր: Ամենայն հավանականությամբ՝ դա լինելու է մարզերից մեկի որեւէ մի գյուղ: Օպերատորի բոլոր փորձերը հնարավորինս թաքցնել գյուղի անբարեկարգ վիճակը, իսկ սգավոր ընտանիքի բնակության՝ է՛լ ավելի վատթար պայմանները, անհաջողության են դատապարտված: Հայրենի գյուղերի բնությունն է մի փոքր օգնելու ռեպորտաժը քիչ թե շատ «նորմալ կադրերով լցնելու» եւ մոնտաժի ռեժիսորի դժգոհությանը չարժանանալու համար: Շարունակությունը կրկին կանխատեսելի է: Նախ՝ հարազատներն են խոսելու, այսինքն՝ մարդկային անգթությունը նորից հասնելու է այն աստիճանի, որ որդեկորուս մայրը, արցունքն աչքերին, պետք է պատմի մեզ իր տղայի, նրա անկատար մնացած երազանքների եւ այլնի մասին: Պետք է, որովհետեւ այդպես է պահանջում պետությունը, որովհետեւ ինչպես հաջորդ կադրում խոսող գյուղապետի, կամ դպրոցի տնօրենի, կամ այդ երիտասարդի առաջին ուսուցչի խոսքից է պարզվելու՝ տղան զոհվել է հանուն մի խումբ բառերի՝ հայրենիք, պետություն, ազգ, ընտանիք, սեր...

Ծրագրի գաղջը մի փոքր ցրելու եւ պետության, հայրենիքի ու ազգի անսպառ զորությունը եւս մեկ անգամ ապացուցելու համար դուք արդեն կողքի գյուղում եք կամ մարզկենտրոնում, որտեղ նախկին այսինչ գիտահետազոտական ինստիտուտի այնինչ մասնաճյուղի արդեն այսքան տարի անտեր մնացած շենքի նկուղային հարկի վերանորոգումից հետո բացվել է մի փոքր արտադրություն, ինչը, ըստ այդ աշխատանքները ֆինանսավորած ռուսաստանաբնակ բարերար Այսինչ Այնինչովի, որն այդ գյուղի թոռ է՝ կարող է պիտանի լինել ռազմաճակատի համար: Գյուղում մնացած, այսինքն՝ չարտագաղթած երիտասարդները, հատկապես նրանք, ովքեր նոր են վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից, մեծ սիրով կսկսեն աշխատել նորաբաց այս հիմնարկում:

Ի դեպ, զորացրվածների մասին: Դիտելով հաջորդ ռեպորտաժը, որտեղ հեղինակավոր կազմակերպության մի բժիշկ բանախոս ներկայացնում է կառավարության եւ ինչ-որ միջազգային կազմակերպության համատեղ ֆինանսավորությամբ կատարված հետազոտության արդյունքները, դուք ուրախությամբ կտեղեկանաք, որ այս տարի զորացրվածների մեջ այսինչ առողջական խնդիրներ ունեցողների թիվն այսքան տոկոսով նվազել է: Իսկապես բարի լուր է, հատկապես՝ երբ հաղորդավարը շտապում է տեղեկացնել, որ երեք օր առաջ Արցախում մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային մարմնական վնասվածք ստացած երեք զինծառայողներից երկուսի վիճակը կայունացել է:

Եթե աստվածները մեզ ժպտաեցել են, եւ հատուկենտ մնացած մեր արվեստագետ-մտավորականներից ոչ մեկը չի կնքել իր մահկանացուն այս գիշեր, ապա հերթը պաշտոնական լրահոսինն է: Թե ի՞նչ են ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ մեկն աշխարհի այս մի երկրում կայացած ինչ-որ գագաթնաժողովի ժամանակ, մյուսն էլ՝ մեկ ուրիշ նմանատիպ այլ վայրում, մեր հայրենիկցներին սիրով կբացատրի՝ արդեն չենք էլ հիշում, թե քանի տարի «մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող» կուսակցության խոսնակներից մեկնումեկը, դրանց պակասը այս կուսակցությունը չունի: Այն, որ լավ է լինելու՝ պարզից էլ պարզ է: Թե ե՞րբ՝ մի փոքր պարզ չէ, համբերել եւ դիմանալ է պետք: Եւ պատրաստ լինել, միշտ պատրաստ լինել, որովհետեւ «թշնամին միշտ արթուն է»:

Երբ կլրանա հաղորդմանը հատկացված ընդհանուր ժամանակի մեծ մասը, մնացած րոպեները կհագեցնեն ձեզ գիտության, արվեստի, պարտադիր՝ նաեւ եկեղեցու, իսկ վերջում՝ հայրենական սպորտի ձեռք բերած ցնցող հաջողությունների մասին պատմող նյութերով: Միակ հիասթափությունը՝ հաջորդիվ սերիալից առաջ եղանակի տեսությունն է: Հայաստանում անփոփոխ շոգ է:

Այսպես է ամեն օր, ամեն ժամ, ստատուս քվոն հենց սա է, անփոփոխ ստատուս քվոն: