13.07.2017 12:33

Արսեն Գրիգորյան. Ընտրակաշառքից ազատ ժամերին

Արսեն Գրիգորյան. Ընտրակաշառքից ազատ ժամերին

Իշխանության անպատժելիությունը Հայաստանում դարձել է «կապուտաչյա» Սեւանի նման այցեքարտ: Անպատժելիությունն ու ինքնասպանությունները ստատուս-քվոյից դուրս կատարվող միակ «աշխույժ» իրադարձություններն են Հայաստանում: Հա, մեկ էլ արտագաղթը:

Օրը ցերեկով դատարանի դահլիճում ծեծում են մեղադրյալների: Օրը ցերեկով փաստաբան Տիգրան Եգորյանին ուզում են դուրս թողնել իր պրոֆեսիոնալ գործունեությունից: Նրան քննող փաստաբաններն ուղղակի ատում են Տիգրանին: Ես լսել եմ նրանց, բառի բուն իմաստով ատում են: Հետո վերադառնում դատարաններ, որ խոսեն արդարադատության պակասից: Դրամն են փոխում «համաշխարհային ազգի» բարդույթներով: Այսինքն, ինչ անում են, քաղաքացին շահ չունի: Ավելին, ոչ միայն պետության ապագան է աղտոտվում նրանց գործողություններով, այլեւ՝ անցյալը: Տաղանդավոր Պարույր Սեւակը, որն ինքնուրույն շտրիխ է գրականության մեջ, բայց ոչ ավելին, դրամի վրա հայտնվելու հեռանկարի պատճառով դարձավ ծիծաղի թեմա:

Ստատուս-քվոյի ամենասարսափելի կողմը մահվան իներցիան է՝ երբ վերջին՝ անբուժելի փուլի քաղցկեղն արձանագրված է, իսկ մահը դեռ չկա: Այդ մահն անխուսափելի է: Այսպիսի իրավիճակում «խելքին մոտ» է, որ ոչ ոք չհասկանա, թե ինչ է խոսում: Որովհետեւ այդ քաղցկեղն ախտահարել է ոչ միայն մարմինը, այլեւ միտքը: Այդ քաղցկեղն ախտահարել է նույնիսկ Աստծուն: Որովհետեւ պարզ զգացվում է, որ մարդու ներսում Նա չկա: Պարզ զգացվում է, որ իր բնական մղումը՝ գտնել Աստծուն, այլեւս մարդկային չէ: Այլապես այս փոքրիկ երկրում նույնքան բնական կլիներ լռելը, որովհետեւ աղմուկն այստեղ անմարդկային է: Իր ծավալներն աղմուկի չեն: Բոլորը, անխտիր բոլորը գիտեն, որ աղմուկը բնական է ճահճի մեջ, բայց իրենց հետ ոչինչ չեն կարող անել, հեքիաթի սովորական գորտ են, որն արարված է հենց ստատուս-քվոյով: Նրա հեքիաթն ավարտվել է հենց ծննդյան փաստի մեջ:

Էդուարդ Շարմազանովն ասում է, որ 2018-ից հետո էլ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի կարիքն ունի: Գեւորգ Կոստանյանն ասում է, որ մարտի 1-ի սպանությունները քաղաքական չեն: ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանն ասում է, որ իր կառույցի հանդեպ հասարակական վստահությունը մեծացել է: Նրանք չեն ստում, նրանք հիմարություններ չեն ասում, նրանք պարզապես աղմկում են: Իսկ աղմուկը միշտ ոչ ըստ էության է: Սրան հաջորդում է ԿԲ հավաստիացումը, որ ներդրումային միջավայրը բարելավվել է, իսկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն ասում է, որ ներդրումներն ավելացել են: Անպատժելիության այցեքարտը սա է, երբ աշխույժ է ստատուս-քվոն: Երբ անում ես մտքովդ անցածը ու խոսում, խոսում, խոսում:

Իսկ ի՞նչ է անպատժելիությունը: Դա առաջին անբարոյականությունից ուշքի չգալուց հետո հաջորդի հետ գործ ունենալն է: Հիշում եք, ժամանակին Տավուշի գործող մարզպետը եկեղեցու պատին իր պատկերն էր նկարել սրբի տեսքով: Այդպիսի ցինիզմը աղմուկ բարձրացրեց: Ստատուս-քվոն ցնցվեց: Այսօր ստատուս-քվոն ապահով ձեռքերում է՝ զինվորները սպանվում են ու... պարգեւատրվում, թալանը ամբողջ թափով շարունակվում է, իսկ քաղաքացին կախվում է կամ արտագաղթում՝ ընտրակաշառքից ազատ ժամերին: Ոչ ոք ոչինչ չի վիճարկում: Կարծես ազգովի գտել են երջանկության էլիքսիրը: Որն, ի դեպ, ժամանակին ձեւակերպել է Սերժ Սարգսյանը՝ ազգի կեսը կամ երգում է, կամ սերիալում նկարահանվում: Նկատեցի՞ք՝ մեռնողներ ու արտագաղթողներ չկան: Ու չեն լինելու: Որովհետեւ ստատուս-քվոյի մեջ բացականեր չկան: Իսկ ապրողները երջանիկ են: Հարցն այն է, թե ովքե՞ր են ապրողները, երբ ոչինչ չի փոխվում: