13.07.2017 14:34

Կառավարությունը ձգտում է բարելավել Հայաստանի դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքում

Կառավարությունը ձգտում է բարելավել Հայաստանի դիրքը Գլոբալ մրցունակության ինդեքում

Կառավարության նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագիրը։

2016-2017թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում (ԳՄԻ) Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 3 տեղով: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ Վրաստանը) 6-րդն է:

ԳՄԻ միջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները եւ վարկանշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրը: Ըստ 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի միջոցով գնահատվում են երկրների ինստիտուտների եւ ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահության եւ տարրական կրթության, բարձրագույն կրթության եւ վերապատրսատման ոլորտներում առաջընթացը եւ այլն:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձեւավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողմերը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50% երկրներին: Առանձնացվել են նաեւ բացասական դինամիկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից:

Նշված քայլերի արդյունքում ստացվել է թվով 78 ցուցանիշ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա համեմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել:

Կառավարությունը հույս ունի, որ ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաեւ արդեն իսկ իրականացվող եւ ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխումները մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկանների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով։

Միջոցառումների ծրագիրը ներառում է 36 միջոցառում, որոնք կիրականացվեն 2017-2018 թվականների ընթացքում։ 2018 թվականի ավարտին, այս ծրագրի իրագործման արդյունքների եւ Գլոբալ մրցունակության նոր զեկույցի գնահատականների հիման վրա կձեւավորվի նոր միջոցառումների ծրագիր։