13.07.2017 15:16

Երբ ակամայից (՞) իշխանությունների ճակատից մաքրում են Հաց բերողի մահվան խարանը

Երբ ակամայից (՞) իշխանությունների ճակատից մաքրում են Հաց բերողի մահվան խարանը
Լուսանկարը՝ Hetq.am-ի

Հաց բերողի մահը խարան է իշխանությունների ճակատին: Իշխանությունների համար դա լուրջ խնդիր է ոչ միայն հասարակության, այլեւ միջազգային հանրության առջեւ: Անմեղ բանտարկյալների հարցեր շատ են եղել, շինծու մեղադրանքներ ու բռնություններ՝ եւս, սակայն, Հաց բերողի դեպքն աննախադեպ էր, քանի որ ապօրինի բանտարկությունն արդյունքում բերեց մահվան: Եւ իշխանությունները գիտեն, որ այդ հարցով դեռ շատ թուքումուր պիտի ունեն: Գիտեն, որ մեղավոր են: Որ իրենց ապօրինությունները հանգեցրել են մարդու մահվան: Այսինքն՝ կա՛մ այդ ամենը պիտի խոստովանեն, կա՛մ էլ պիտի ամեն կերպ մաքրեն իրենց մեղքը՝ փորձելով իրենց պատասխանատվության ողջ բեռն այլ անձանց վրա բարդել: Այո, իշխանությունների շահը ենթադրում է սա. կամ պետք է խոստովանեն, որ  հանցանք են գործել, կամ իրենց ճակատին դաջված այս ամոթալի խարանը պետք է մաքրվի: Բայց  ինչպե՞ս:

Հաց բերող Արթուր Սարգսյանի փաստաբանների, իսկ ավելի կոնկրետ նրանցից մեկի՝ Տիգրան Եգորյանի դեմ փաստաբանների պալատում ներկայացված դիմումի մասին շատերն են խոսում: Ո՞րն է այդ դիմումի իրական նպատակը: Իրենց ասելով՝ որպես «արդարության գլադիատորներ» արդարության հասնե՞լը, թե՞ իշխանություններին տհաճություններ պատճառող փաստաբաններին վարկաբեկելը:

Քարոզչալրատվական մանրուքներին ծանոթ ցանկացած ոք գիտի. եթե մարդուն մեղադրում ես ին- որ բան անել կամ չանելու համար, հետո պարզվում է, որ այդ մարդը չի արել այն, ինչի համար մեղադրվում է, եւ անգամ ներկայացնում է ապացույցներ, մարդկանց հիշողության մեջ սովորաբար ավելի շատ արմատավորվում է առաջին ինֆորմացիան: Այսինքն՝ այն, ինչ ասվում է սկզբում, ավելի արագ է տարածվում եւ հիշվում, քան այն, ինչ ասվում է հետո: Ու պատահական չէ, որ չնայած ներկայացված՝ հակառակն ապացուցող փաստերին, կարելի է տարբեր մարդկանցից լսել նույն հարցը՝ իսկ ճի՞շտ է, որ փաստաբանը….

Ու ստացվում է, որ բազմաթիվ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանի անունը շոշափվում է այսպիսի բացասական կոնտեքստում:

Հիմա՝ մի փոքր նախաբան:

Փաստաբանների պալատում փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի հիման վրա: Դիմումատուները պնդում են, թե Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի փաստաբաններից Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության (Բեխտերեւի հիվանդություն) առկայության մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ։ Առաջին նիստում դիմումատու Արուսյակ Հայրապետյանը պնդել է իրենց մեղադրանքը և պահանջել հիմնավորել, թե ինչո՞ւ Եգորյանը չի դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով փոխել կալանքի ձևը՝ ըստ օրենքի պահանջի։ Ապա պատմել է, որ իրենք են հետո իմացել, որ հիվանդությունն առկա է, պատահաբար խորհրդակցել են ինչ-որ փաստաբանի հետ, նա էլ ասել է, որ այդ դեպքում պետք է դիմել ՀՔԾ եւ տեղեկացնել հիվանդության մասին, իրենք էլ դիմել են ՀՔԾ, քննիչը, լսելով հիվանդության մասին, նույնիսկ հուզվել է, ու կարճ ժամանակ անց Հաց բերողն ազատ է արձակվել: Դիմումատուների պնդմամբ՝ իրենց կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում:

Մյուս «մեղադրանքը». «Առանց ներքին ատյանները ըստ պատշաճի սպառելու՝ փաստաբանները դիմում են ՄԻԵԴ՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով ոչ միայն Արթուր Սարգսյանի հարցի հարիր լուծումը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության վարկանիշը միջազգային ատյաններում»:

Իրականությունը, սակայն, ինչպես գիտենք, այլ է՝ փաստաբանները Արթուր Սարգսյանի առաջին իսկ կալանքի նիստից սկսած՝ բոլոր ատյաններին ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ հիվանդության մասին: Այսինքն, Սարգսյանը մնացել է ճաղերի հետեւում ոչ թե փաստաբանների անգործության պատճառով, այլ իշխանությունների ապօրինի «ցանկությամբ», ճիշտ այնպես, ինչպես եւ զրկվել էր ազատությունից: Եւ երկրորդ, ՄԻԵԴ դիմելու կարգում կան բացառություններ, երբ հրատապ դեպքերում հնարավոր է դիմել այդ ատյանին՝ առանց ներպետական ատյանները սպառելու, քանի որ հապաղելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Ընդ որում, ներպետական ատյանները դատարաններն են՝ առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ, եւ ոչ թե ՀՔԾ-ն, ինչպես պալատում կայացած առաջին նիստի ժամանակ պնդում էր դիմողներից մեկը:

Սա գիտեն օրենքի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող անձինք: Հետեւաբար, նման մեղադրանք կարող են հնչեցնել կամ իրավական գրագիտությամբ չփայլող անձինք, կամ որոշակի շահեր ունեցողները: Բացի այդ, հենց ինքը Հաց բերողը ազատության մեջ հայտնվելուց հետո տված հարցազրույցում անդրադարձել է այդ հարցին, պնդել, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը իր պաշտպանները ներկայացրել են ժամանակին, ամեն ինչ կատարվել է իր համաձայնությամբ, եւ կոչ է արել հանգիստ թողնել իր փաստաբաններին:

Սա՝ այն մասին, թե ինչ են պահանջում դիմումատուները, եւ ինչ է եղել իրականում:

Սակայն հիմա  վերանանք դիմողների եւ պատասխանողների անձերից եւ լսենք «մեղադրանքները»: Ընդ որում՝ հարցի իրավական կողմը մի կողմ թողնելով: Ուղղակի լսենք նրանց հայտարարությունները: Ի՞նչ եզրակացության պետք է գանք նրանց հայտարարություններից, եթե մենք իրավական մանրամասներին ծանոթ չենք: Ի՞նչ կարմիր թել է անցնում այդ մեղադրանքում: Իսկ այդ կարմիր թելը մեկն է՝ փաստաբանները ՀՔԾ-ին չեն տեղեկացրել Սարգսյանի հիվանդության մասին, եւ, լրիվ պատահաբար, այդ երկու հետաքրքրված անձինք՝ պատահաբար խորհրդակցելով փաստաբանի հետ, ՀՔԾ քննիչին հայտնել են այդ տեղեկությունը, քննիչը հուզվել է (նրանց բառերն են) եւ խոստացել հնարավորինս արագ լուծում տալ խնդրին: Այսինքն, ՀՔԾ-ն տեղյակ չի եղել, եւ Հաց բերողին կալանքի տակ պահել է ոչ թե իր, այլ փաստաբանների մեղքով: Դե իսկ պարզ է, չէ՞, եթե մեղավորը փաստաբաններն են, ստացվում է՝ ՀՔԾ-ն ավտոմատ անմեղ է: Կամ առնվազն՝ այնքան մեղավոր չէ, որքան մենք ենք կարծում:   

Մյուս կարմիր թելը՝ փաստաբաններն, իբր, առանց ներպետական բոլոր ատյանները սպառելու, Սարգսյանի հարցով դիմել են ՄԻԵԴ՝ այդպիսով վտանգելով ոչ միայն Սարգսյանի հարցի հարիր լուծումը, այլեւ, ուշադրություն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը: Չե՞ք կարծում, որ նման մեղադրանք ներկայացնելն ավելի շատ Էդուարդ Շարմազանովին կսազեր:

Ահա եւ ամբողջ մեխը: Այսինքն, եթե լսում ես դիմողներին, ինքնաբերաբար տպավորություն ես ստանում, որ պուպուշ, բարի, հոգատար եւ, դե, բնականաբար՝ ՕՐԻՆԱՊԱՀ ՀՔԾ քննիչները տեղյակ չեն եղել Սարգսյանի հիվանդության մասին, որովհետեւ եթե տեղյակ լինեին, միանգամից ազատ կարձակեին նրան, իսկ ինչո՞ւ պիտի դա անեին միայն մի դեպքում՝ եթե օրինապաշտ են: Դե, բացի նրանից, որ համ էլ՝ սրտից թույլ են եւ շուտ հուզվող: Արանքում անգամ լղոզվում է այն հարցը, թե, ընդհանրապես, ինչո՞ւ է Սարգսյանը ազատազրկվել: Եթե ՀՔԾ-ն այդքան օրինապաշտ է, որ պատրաստ է մարդուն ազատել, ապա ինչո՞ւ է կալանավորել, մի՞թե Սարգսյանը հանցագործ էր:

Եւ ինչ է ստացվում, ըստ այդ մեղադրանքի. այն է՝ եթե մեղադրանքը ճիշտ է, ապա ՀՔԾ-ն (հետեւաբար՝ իշխանությունները) Արթուր Սարգսյանին բանտում պահելու հարցում մեղավորություն չունեն, որովհետեւ մեղավորը փաստաբաններն են: Սրանից էլ տրամաբանորեն արդեն այլ եզրակացություն պիտի արվի. ՀՔԾ-ն, փաստորեն, մեղք չունի (կամ, առնվազն՝ այնքան էլ չունի), որովհետեւ չգիտեր հիվանդության մասին, որովհետեւ եթե իմանար, Սարգսյանին է՛լ չէր պահի բանտում, եթե չպահեր, իրադարձություններն այլ կերպ կզարգանային, այդ դեպքում Հաց բերողը հացադուլ չէր անի, չէր հյուծվի, եւ այդ դաժան ավարտը չէր լինի: Ինչո՞ւ ենք անում այս եզրակացությունը: Որովհետեւ բոլորին հայտնի է, որ հակառակ գործողությունների պարագայում, ամենայն հավանականությամբ, այլ ելքի ականատես կլինեինք, եւ Արթուրը ողջ կմնար:

Հետեւաբար, փորձելով փաստաբանների ուսերին բարդել իշխանության գլխին կախված պատասխանատվությունը՝ դիմողները կամա, թե ակամա, իշխանություններից վերցնում են ողջ պատասխանատվությունը, այսինքն՝ մաքրում են նրանց:

Մենք չգիտենք՝ դիմողները իրենց արարքի ամբողջ ենթատեքստը հասկանալո՞վ են այս քայլին գնացել, թե՞ ոչ, բայց որ այսպիսով իշխանությունների ճակատից մաքրում են Հաց բերողի մահվան ամոթալի խարանը, ցավոք՝ փաստ է: Այսինքն՝ կամա թե ակամա, անում են այն, ինչ օդի ու ջրի պես պետք է իշխանություններին, որոնք ցանկանում են եթե ոչ ամբողջ պատասխանատվության բեռից ազատվել, ապա գոնե կիսել այդ բեռը այլ անձանց հետ: Որովհետեւ եթե այս ամենի արդյունքում գործին անտեղյակ մարդիկ սկսեն մեղադրել փաստաբաններին, ապա էլ ո՞վ պիտի ասի՝ իշխանություն, իրականում դու ես սպանել Հաց բերողին, եւ պետք չէ պատասխանատվությունն այլ անձանց ուսերին բարդել:

iLur.am