13.07.2017 15:26

Վենգերով. Միասին կաղոթենք, որ այս արեւոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն

Վենգերով. Միասին կաղոթենք, որ այս արեւոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն

«Ինձ համար մեծ հաճույք է լինել այս բեմում, որտեղ միշտ նվագում են ամենամեծ, ամենալավ երաժիշտները»,- երեկ երեկոյան համերգի ավարտին հոտնկայս ծափահարող հանդիսատեսին ասաց աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, ով Երեւանում էր «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգին մասնակցելու համար։

«Ես շնորհավորում եմ արդեն հանրահայտ դարձած «Արմենիա» առաջին մրցույթ-փառատոնը եզրափակելու կապակցությամբ։ Սա ոչ միայն մրցույթ-փառատոն է, այլեւ հիանալի հարթակ երիտասարդների համար։ Այսօր ծանոթացանք մրցույթի հաղթողների հետ, եւ հուսով եմ` մոտ ապագայում մենք կլսենք այդ անունները, եւ այդ անունները կփայլեն։ Որպես բիս կնվագեմ Բախի «Սարաբանդան», եւ միասին կաղոթենք, որպեսզի այս արեւոտ տարածաշրջանում միշտ լինի խաղաղություն»,- ասաց Մաքսիմ Վենգերովը՝ եւս մի քանի րոպե իր անմոռանալի հնչյունները պարգեւելով դահլիճը լքել չցանկացող ունկնդրին։

Համերգի մեկնարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Կլոդ Դեբյուսիի «Այծեմարդու հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պոեմը։ Հանդիսատեսի չդադարող ծափահարությունների ներքո բեմ բարձրացավ Մաքսիմ Վենգերովը։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երաժիշտները ներկայացրին Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը եւ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Միայնակ նավարկում» պիեսը ջութակի եւ նվագախմբի համար։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 4-12-ը տեղի ունեցած «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։