13.07.2017 16:18

Հայաստանն Արեւելյան Եվրոպայի «ամենաբարոյական» երկիրն է. Հարցում

Հայաստանն Արեւելյան Եվրոպայի «ամենաբարոյական» երկիրն է. Հարցում

Հանրային եւ կրոնական կյանքն ուսումնասիրող Pew Research center կազմակերպությունը հրապարակել է Արեւելյան Եվրոպայի 18 երկրներում (այդ թվում՝ հետխորհրդային) բարոյական արգելքների վերաբերյալ հարցման տվյալները: Ըստ այդ հետազոտության արդյունքների, հայաստանցիները բարոյական արգելքների հարցում ամենապահպանողական պատասխաններն են տվել: Մասնավորապես, հարցված հայաստանցիների 96%-ը անբարոյական է համարում մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, 76%-ը՝ նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 56%-ը անբարոյական է համարում ամուսնալուծությունը:  Ուշագրավ է, որ ըստ հարցման արդյունքների, հայաստանցիների 56 տոկոսը անբարոյական է համարում ալկոհոլի, իսկ 42-ը՝ հակաբեղմնավորիչների օգտագործումը:

Անխտիր բոլոր ցուցանիշներով Հայաստանն առաջատար է 18 երկրների շարքում (ալկոհոլի նկատմամբ վերաբերմունքի ցուցանիշով Հայաստանը կիսում է 1-2 տեղերը մահմեդական Բոսնիայի հետ):

Հայաստանին «բարոյականության» հարցում փոքր-ինչ զիջում է Վրաստանը: Իսկ «ամենաանբարոյականներն» են Չեխիան, Էստոնիան եւ Լատվիան: Ուշագրավ զուգադիպությամբ, հետխորհրդային երկրներում ներկայումս ամենաբարձր միջին աշխատավարձը Էստոնիայում եւ Լատվիայում է: