14.07.2017 11:08

Լիզա Ճաղարյան. Որտե՞ղ են այդ օրերին կոկորդ պատռող քաջերը

Լիզա Ճաղարյան. Որտե՞ղ են այդ օրերին կոկորդ պատռող քաջերը

Թե ոնց պատահեց, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո ասպարեզ ելած եւ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» բոլոր ելույթ ունեցողներն ու ցուցարարներին առաջնորդողները ներվեցին, իսկ ահա Անդրիաս Ղուկասյանը դարձավ քավության նոխազ, գաղտնիք չէ. Անդրիասն իր ելույթներից մեկում շատ կոշտ արտահայտվեց Հանրապետական կուսակցության ղեկավարի հասցեին, եւ նրա՝ արդեն մեկտարյա ազատազրկումն ընդամենը ճղճիմ հաշվեհարդար է։

Հակառակը պնդողները գուցե հիշեցնե՞ն, թե ի՛նչ է արել Անդրիաս Ղուկասյանը, որ չե՛ն արել նրա կողքը կանգնած ինքնակոչ «առաջնորդները»։

Եվ որտե՞ղ են հիմա այդ օրերին կոկորդ պատռողները, հասարակությանը դեպի բարիկադներ մղողները, դրանց ձայներն ինչու՞ են խզվել, ինչու՞ են մենակ թողել իրենց բոցաշունչ եւ անձնազոհ պայքարի ընկերոջը։ Որեւէ մեկը տեսե՞լ է նրանց բողոքի ակցիաները, լսե՞լ է, որ պահանջեն՝ կա՛մ ազատ արձակեք Անդրիաս Ղուկասյանին, կամ՝ մեզ էլ ձերբակալեք։ Փաստ է, չէ՞, Անդրիաս Ղուկասյանը սրանցից մեկն էր, ոչ թե զինված տղաների հետ ՊՊԾ-ն էր գրավել։

 Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը։ Կարդացի, որ ծանր հիվանդ էր մեկ տարուց ավելի, այդ մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չի տեսել որդուն, եւ քննիչը մերժել է փաստաբանի խնդրանքը՝ հոր մահից առաջ որդուն վերջին հրաժեշտի հնարավորություն տալ։

Ա՛յ, որ փաստաբան Տիգրան Եգորյանին Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրող «գլադիատորները» դիմեին ՀՔԾ պետին, նա անտարակույս շատ կհուզվեր եւ անմիջապես կկազմակերպեր այդ տեսակցությունը, բայց ավաղ՝ չեն դիմել, եւ Անդրիասի մահամերձ հայրը մահացել է որդու կարոտը սրտում։

Այժմ օդում կախված է հարցը՝ մարդկային դեմքը վաղուց ի վեր կորցրած այս իշխանությունը կթույլատրի՞, որ որդին մասնակցի հոր հուղարկավորությանը։

Եվ գոնե հիմա ծակուծուկերից դուրս կգա՞ն ՊՊԾ գնդի գրավման օրերին առյուծ կտրած «քաջերը» եւ կպահանջե՞ն մանրախնդրությունից կուրացած իշխանությունից, որ հարթակից կոկորդ պատռող բոլորի մեղքն իր ուսերին առած Անդրիաս Ղուկասյանը հրաժեշտ տա իր հորը։

Ցավակցում եմ Անդրիաս Ղուկասյանին եւ նրա հարազատներին։