14.07.2017 12:10

Առաքել Թավրիզյան. Հայաստանի թշվառությունը

Առաքել Թավրիզյան. Հայաստանի թշվառությունը
Ծաղրանկարը՝ Medialab.am կայքից

Տեւական դադարից հետո կազմակերպվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ընդ որում, դա տեղի է ունեցել հուլիսի 4-ի էսկալացիայից հետո: Այսինքն, հանդիպման կարեւորությունը չափազանց մեծ է եղել, եթե մեկ շաբաթ անց Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնել են մի սեղանի շուրջ նստել եւ քննարկել Ղարաբաղի կարգավորման բանակցությունների հետ կապված լրջագույն հարցեր:

Իսկ այն, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո խոսվել է այս տարվա մեջ նախագահների գագաթնաժողով կազմակերպելու մասին, մի բան է վկայում` միջնորդները կառավարում են պրոցեսը, եւ Բրյուսելի հանդիպումը կարող է հանգրվանային դառնալ: Այս ֆոնին քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների լռությունը կասկածելի է թվում: Ազգային ժողովը չգիտես ինչով է զբաղված, իսկ ռեժիմի կամակատար «վերլուծաբանները» երեւի սպասում են Բաղրամյան 26-ի հրահանգին: Վերջինս էլ երեւի սպասում է, թե ինչ կասի Ալիեւը, որպեսզի Շավարշ Քոչարյանի բերանով «հաճոյախոսություն» փոխանակի եւ մնա համանախագահների հաջորդ քայլի հույսին: Տարուց ավելի է, ինչ խոսում են Հայաստանի առաջ քաշած «նախապայմանների» մասին: Նույնքան ժամանակ էլ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Էդվարդ Նալբանդյանը, չեն հստակեցնում, թե դա ինչ է նշանակում: Եթե Հայաստանը պայման է դրել, որ Ղարաբաղի քաղաքական կարգավորման հարցով չի բանակցելու, մինչեւ առաջնագծում հրադադարը չպահպանվի, եւ վերահսկողության մեխանիզմներ չներդրվեն, իսկ դա տեղի չի ունենում, ուրեմն Նալբանդյանը չպետք է մեկներ Վիեննա եւ Բրյուսել կամ Վիեննայում ելույթից հետո պետք է Երեւան վերադառնար` Մամեդյարովին թողնելով սպասումների եւ անորոշության մեջ:

Իսկ եթե նա Ադրբեջանի արտգործնախարարին հանդիպել է, որպեսզի նրանից եւս մեկ անգամ լսի, որ Բաքուն դեմ է առաջնագծում զսպման եւ հետաքննությունների մեխանիզմների ներդրմանը, ուրեմն հարցը պիտի փակվեր: Նալբանդյանը եւ Մամեդյարովը, մինչդեռ, պայմանավորվել են, որ սեպտեմբերին հանդիպում են Նյու Յորքում: Հետեւաբար՝ Բրյուսելում եղել է մի խոսակցությունը, որը պետք է շարունակություն ունենա եւ, հավանաբար, տեղափոխվի Սարգսյան-Ալիեւ հանդիպման հարթություն: Այդ է հուշում տրամաբանությունը: Եւ այստեղ կողմերի հետբանակցային հռետորաբանությունը ոչ մի նշանակություն չունի, դա ներքին սպառման «կերակուր» է: Դրան գումարվում է «պատասխանատու» քարոզչությունը, եւ Հայաստանի թշվառությունը դառնում է ամբողջական. իշխանությունը դրսում բանակցում է կարեւորագույն հարցեր, ներսում ժողովրդին մատուցում «ոչմիթիզհող»-ականություն եւ Ադրբեջանի նկատմամբ սուր անհանդուրժողականություն: Նույն վիճակն է նաեւ Ադրբեջանում, բայց  դա մեր խնդիրը չէ: Մեզ հուզում է այն, որ Սերժ Սարգսյանը կարող է հերթական անգամ արդարանալ, թե «Ադրբեջանը մերժեց», եւ իրավիճակը հասցնել կրիտիկականի:

Հասարակությունը պետք է իմանա, որ եթե Մադրիդյան սկզբունքներով կարգավորումը տապալվի, ապա Ղարաբաղի հարցի լուծումը վերջնականապես կհայտնվի փակուղում, եւ Հայաստանի վիճակն է՛լ ավելի կծանրանա: Գործող ռեժիմը ժողովրդի հետ ազնիվ երկխոսության, նրանից Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մանդատ ստանալու քաղաքական կամք չունի: Դրա համար էլ երկակի խաղ է վարում` միջնորդների մոտ համաձայնում է ստորագրել Կազանի փաստաթուղթը, իսկ տանը խոսում «նախապայմանների» լեզվով: Ինչքան ուշանում է անկեղծության պահը, այնքան Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են: Նույն չափով աճում են կարգավորումը ձախողելու՝ Ադրբեջանի շանսերը: Վերջնարդյունքում ստացվում է, որ «ոչմիթիզհող»-ականությունը սպասարկում է Ադրբեջանի շահերը, որի նպատակը գաղտնիք չէ` հնարավորինս հեռացնել հանգուցալուծումը, փոշիացնել միջնորդական հայեցակարգը, ամեն ինչ բերել «զրոյական մակարդակի»: Այդ դեպքում միջազգային հանրությունը, որպեսզի կանխի լայնամասշտաբ պատերազմը, պարտադրված կլինի դիմել քաղաքական բոլորովին այլ գործիքակազմի:

Հայաստանի թշվառությունը խորանում է նրանով, որ ժողովուրդը, ինքն էլ կարծես չգիտակցելով դա, նախապատրաստվում է մի իրավիճակի, երբ Ղարաբաղի հարցի լուծումը ոչ թե կգտնվի հայ-ադրբեջանական բանակցություններով, այլ կպարտադրվի որեւէ ատյանի կողմից: Իսկ դա Ադրբեջանի օրակարգն է: Երեսուն տարի առաջ սկսելով Ղարաբաղն Ադրբեջանի քաղաքական, քաղաքակրթական տիրույթից դուրս բերելու հզոր շարժում՝ մենք այսօր Հայաստանն ենք դարձրել Ադրբեջանի քաղաքակրթական ինստիտուցիոնալ էքսպանսիայի պատանդը: Իսկ եթե ավելի դիպուկ` ապա պետք է ասենք, որ բռնազավթելով իշխանությունը` ղարաբաղյան կլանը Հայաստանը վերածում է թուրք-ադրբեջանական էթնոտարածքային ընդհանրության մասի, եւ կորցրած ամեն մի օրը մեզ մոտեցնում է այդ միջավայրում «կուլտուր-ազգային ավտոնոմիային»: Իսկ 1998թվականին նրանք իշխանություն էին ուզուրպացնում Ղարաբաղը փրկելու կոչով...