14.07.2017 12:25

Թրամփը և Մակրոնը՝ տարաձայնությունների և բարեկամության մասին

Թրամփը և Մակրոնը՝ տարաձայնությունների և բարեկամության մասին

Փարիզում պաշտոնական հանդիպումից հետո Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները տիկնանց հետ միասին ընթրել են Էյֆելյան աշտարակի «Ժյուլ Վեռն» ռեստորանում:

Չնայած որոշ հարցերում տարաձայնություններին՝ թե՛Դոնալդ Թրամփը և թե՛ նրան հյուրընկալած Էմանուել Մակրոնը ջանացել են  մնալ  հաշտության սահմաններում:

« Մեր ժողովուրդների ու, թույլ տվեք ավելացնել՝ նաև մեր բարեկամությունն անխախտ է,- հայտարարել է Թրամփը:- Մեր ցանկացած տարաձայնություն ոչինչ է՝ մշակույթի, ընդհանուր ճակատագրի և ազատության կապերի համեմատ, որոնք միավորում են մեզ»:

Եվրոպացիների հիմնական դժգոհությունը Թրամփից կապված է կլիմայի վերաբերյալ պայմանագրից դուրս գալու նրա որոշմանը:

«Ես համաձայն չեմ նրան, թե ինչպես է Վաշինգտոնում  մեկնաբանվում Փարիզյան պայմանագրի նշանակությունը,- հաստատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:- Մենք քննարկեցինք մեր տարաձայնությունները, ինչպես և վայել է առաջնորդներին: Բայց պե՞տք է, որ այդ հարցը փակի մյուս բոլորի ճանապարհը: Ոչ, բացարձակապես, ոչ մի դեպքում: Շատ հարցերում մենք համանման դիրքորոշում ունենք»:

Ի դեպ, Փարիզում Թրամփը նշել է, որ հնարավոր է կլիմայի վերաբերյալ պայմանագրի հարցում մեղմացնել դիրքորոշումը:

Փոխանցում է euronews-ը: