14.07.2017 13:45

ԱԱԾ. Սամվել Բաբայանը նաեւ շրջանառությունից դուրս եկած եվրո է բերել Հայաստան

ԱԱԾ. Սամվել Բաբայանը նաեւ շրջանառությունից դուրս եկած եվրո է բերել Հայաստան

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Ըստ նախաքննության տվյալների, 2016 թվականի հուլիս ամսին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող S.Հ.-ի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետևանքով ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա ծագումը թաքցնելու եւ հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար:

Այդ նպատակով Սամվել Բաբայանը դիմել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, որը համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետև, ըստ ԱԱԾ-ի, Սամվել Բաբայանը, S.Հ.-ի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, որն իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ և նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվա քաղաքի բնակիչ Մ.Ն.-ի միջոցով S.Հ.-ի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար: Այնուհետև Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում դրանք հայտնաբերվել և առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

2017-ի մարտին հարուցված՝ «Իգլա» ԶՀՀ ներկրելու փորձի վերաբերյալ եւս նախաքննությամբ մի շրէ տեղեկություններ են ձեռք բերվել:

Երկու գործերով ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը):