15.07.2017 10:15

Դանի Ալվեշը ներողություն է խնդրել Գվարդիոլայից

Դանի Ալվեշը ներողություն է խնդրել Գվարդիոլայից

ՊՍԺ-ի նորեկ Դանի Ալվեշը ներողություն է խնդրել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Խոսեփ Գվարդիոլայից՝ «Էթիհադ» տեղափոխության իր մերժումի պատճառով։ Հրաժեշտ տալով Պաբլո Սաբալետային և Բակարի Սանյային, Գվարդիոլան ճանապարհ հարթեց «Բարսելոնայից» իր նախկին սանի համար, բայց վերջին պահին Ալվեշը ընտրեց ՊՍԺ-ի տարբերակը, որտեղ նրան առաջարկեցին շաբաթական 230 հազար ֆունտ՝ մանչեսթերյան 120 հազարի դիմաց։

Ըստ լուրերի Գվարդիոլան ցնցված էր, նույնիսկ՝ բարկացած 34-ամյա բրազիլացու որոշումից, ով ներողություն է խնդրում, բայց միաժամանակ նշում է, որ «Սիթին» միակ տարբերակը չէր Պրեմիեր լիգայում։

«Իմ հանդեպ հետաքրքրություն էր տածում ոչ միայն «Սիթին, այլև այլ անգլիական ակումբներ։

Փարիզում ես ընկերներ ունեմ, և իմ ընտանիքը սիրում է այս քաղաքը։ Ես հավատում եմ երջանկությանը, ուստի հենց այդ պատճառով եկա այստեղ։ Եթե Գվարդիոլան իրեն վիրավորված է զգում՝ ներողություն եմ խնդրում։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի չեմպիոն դառնամ» Ալվեշին է մեջբերում L’Equipe-ը։