16.07.2017 09:16

Մանջուկիչ. Բոնուչին բռնել էր Ալվեսի կոկորդից և ցանկանում էր հարվածել նրան

Մանջուկիչ. Բոնուչին բռնել էր Ալվեսի կոկորդից և ցանկանում էր հարվածել նրան

Թուրինի «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը հերքել է այն լուրերը, թե այժմ թիմի ներսում վատ մթնոլորտ է տիրում.

«Ցանկանում եմ հայտնել, որ թիմում ամեն ինչ նորմալ է և բոլոր խոսակցությունները, թե հանդերձարանում մթնոլորտը վատն է իրականությանը չեն համապատասխանում: Այդ ամենը կար այն ժամանակ, երբ թիմում հանդես էին գալիս Դանի Ալվեսը և Լեոնարդո Բոնուչին, սակայն այժմ նրանք հեռացել են և իրավիճակը հանգիստ է: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հենց նրանց մասնակցությամբ միջադեպ եղավ և մյուս ֆուտբոլիստները կապ չունեն այդ ամենի հետ:

Եզրափակիչ խաղի օրը մենք բոլորս պատրաստվում էինք վճռորոշ հանդիպմանը: Ամեն ինչ նորմալ էր ընթանում: Բոլորը սպասում էին և գիտեին, որ այժմ հանդերձարան կմտնի Ալվեսը և կլսի իր սիրելի երաժշտությունը: Սակայն այդ օրը նա չափն անցավ: Ալվեսը բարձր միացրեց Samba Do Janeiro երգը, որպեսզի մենք բոլորս խլանանք և սկսեց պարել: Ես ուշադրություն չդարձրեցի այդ արարքին, սակայն Բոնուչին չկարողացավ անտարբեր անցնել: Նա միայն խաղի մասին էր մտածում և Ալվեսին ասաց, որ եթե չանջատի երաժշտությունը, ապա երեք վայրկյան հետո կհարվածի նրան: Նրանք սկսեցին վիճել և իրավիճակն ամբողջովին լարվեց այն ժամանակ, երբ Ալվեսը նշեց, որ եթե թիմը նույնիսկ չհաղթի եզրափակիչ խաղում, ապա նա միևնույն է երեք անգամ արդեն հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ Բոնուչին դեռ ոչ մի անգամ չի նվաճել այդ գավաթը: Բոլորս զարմացած էինք այդ խոսքերից: Հենց այդ պահին Բոնուչին բռնեց նրա կոկորդից և ցանկացավ հարվածել, սակայն ամեն ինչ հանդարտեցրեց Ալեգրին: Մարզիչը նշեց, որ իր համար կապ չունի, թե ով է մեղավոր և խաղից հետո նա պատժելու է երկուսին էլ: Մարզիչը իրեն իսկական առաջնորդի պես պահեց»,- հարձակվողի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: