16.07.2017 11:47

Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբեք կրտսերին (տեսանյութ)

Արթուր Աբրահամը պարտվեց Քրիս Յուբեք կրտսերին (տեսանյութ)

Արթուր Աբրահամին չհաջողվեց նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում 37-ամյա Աբրահամը հանդիպեց այդ տիտղոսը պաշտպանող բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի հետ եւ պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ: Գրանցվեց 118:110, 118:110, 120:108 հաշիվը:

Բրիտանացի բռնցքամարտիկն ավելի արագ էր, ավելի ակտիվ ու դիպուկ: Նա հենց սկզբից ուներ առավելություն եւ աստիճանաբար մեծացնում էր այն, իսկ Աբրահամի ընտրած պաշտպանողական մարտավարությունն այս անգամ չաշխատեց: Յուբենքը բավական վտանգավոր էր գրոհում, իսկ հայ բռնցքամարտիկի հարվածները ոչ միշտ էին հասնում նպատակին: 5-րդ ռաունդում Աբրահամի քիթն արնահոսեց, սակայն դա չխանգարեց շարունակել մենամարտը: Վերջին ռաունդներում բրիտանացու առավելությունն ակնհայտ էր: Նա կարծես ցանկանում էր հաղթանակի հասնել նոկաուտով, սակայն չստացվեց: Արթուր Աբրահամը դիմացավ մինչեւ վերջ, թեեւ այս մենամարտը, մեղմ ասած, լավագույններից չէր նրա կարիերայում:

2 քաշային կարգերում (IBF-ի միջին քաշային կարգ, WBO-ի երկրորդ միջին քաշային կարգ) աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում կրեց 6-րդ պարտությունը (46 հաղթանակ): Յուբենք կրտսերն անցկացրեց 26-րդ մենամարտը՝ տանելով 25-րդ հաղթանակը (բրիտանացին կրել է մեկ պարտություն):