17.07.2017 11:06

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (1)

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (1)

Շարունակաբար վերահրապարակում ենք Աշոտ Սարգսյանի՝ 2006թ. հրապարակած («ՉԻ», 29.8.2006)՝ քաղաքական-վերլուծական ընդարձակ հոդվածը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին ընդհանրապես եւ այդ պահի դրությամբ հակամարտության կարգավորման խոչընդոտներին, որոնց մեծագույն մասը առկա է առ այսօր (ilur.am)։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար որպես խոչընդոտներ խոսվել է բազմաթիվ հանգամանքների մասին. միջազգային իրավունքի երկու՝ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների անհամատեղելիությունից մինչեւ կարգավորման տարբերակների նախընտրելիություն (փուլայի՞ն, թե՞ փաթեթային), պատմական իրավունքներից մինչեւ «էթնիկ անհամատեղելիություն», ավանդական թշնամանքից ու փոխադարձ վիրավորանքներից մինչեւ ժողովուրդների կարծրացած հոգեբանություն, տարածաշրջանում տարբեր երկրների աշխարհաքաղաքական շահերի հակասություններից մինչեւ կարգավորման մանր դետալներ եւ այլն: Չառարկելով հանդերձ, որ այս եւ այսօրինակ այլ հարցերում ռացիոնալ ինչ-որ բան անպայման կա, մենք փորձելու ենք խնդրին նայել մի այլ տեսանկյունով՝ համոզված, որ այդ կերպ կարելի է տեսնել հակամարտության կարգավորմանը խոչընդոտող շատ ավելի կարեւոր հանգամանք: Ընդ որում՝ եթե խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող խոչընդոտները հարթելու հարց կա (իսկ այն, բնականաբար, կա), եւ եթե այդ հարթեցումը պետք է անել բանական ու արդյունավետ հերթականությամբ, ապա մեր մատնանշելիք խոչընդոտը այդ հերթագայության մեջ առաջնահերթ վերացման կարիք ունի: Հակառակ դեպքում՝ մյուս խնդիրներին ձեռնամուխ լինելը կարող է պարզապես ապարդյուն լինել:

Ըստ այսմ՝ մենք առաջ ենք քաշում ու փորձելու ենք հիմնավորել ու պաշտպանել հետեւյալ թեզը.

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հարցը դրված է քաղաքական հարթության վրա, հետապնդվում է որպես քաղաքական խնդիր: Կամ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն անհնար է, եթե խնդիրը տեղափոխվում է գաղափարախոսական հարթություն, դարձվում գաղափարախոսական կանխադրույթ:

Նախապես, սակայն, անհրաժեշտ կլինի որոշ հասկացությունների բովանդակության շուրջ պայմանավորվել, որոշ հանրահայտ ճշմարտություններ արձանագրել, ինչպես նաեւ որոշ իրողությունների պատմություն հիշեցնել:

 1. Քաղաքական խնդիր եւ գաղափարախոսական կանխադրույթ

Առաջիկա շարադրանքում, որպես համեմատության եզրեր՝ մենք հաճախ միմյանց մոտ կհիշատակենք քրիստոնեությունը (պարզապես՝ որպես մեզ առավել ծանոթ կրոն), բոլշեւիկյան կոմունիզմը եւ գերմանական նացիզմը: Ըստ այսմ՝ երբեմն օրինակներն ու համեմատությունները կարող են առաջին հայացքից համարժեք չթվալ, կամ կոռեկտ չդիտվի դրանք մի շարքում դնելը, սակայն մեզ հետաքրքրող գիծը անհերքելիորեն ընդհանուր է: Դա ամենեւին չի նշանակի դրանց նույնացում: Ի տարբերություն վերջին երկուսի՝ քրիստոնեությունը կոչված է մարդկանց միայն հոգեւոր պահանջմունքների բավարարմանը եւ բարոյական նորմերի ու պատկերացումների ձեւավորման դաշտում գործելուն, եւ որպես այդպիսին՝ նրա առաքելությունն արդարացված է: Համեմատությունն ու զուգադրությունը մեզ անհրաժեշտ է ընդամենը ցույց տալու համար, որ երբ տոտալիտար գաղափարախոսություններն են յուրատեսակ կրոնի վերածվում եւ մտնում քաղաքական դաշտ, ապա բերում են այլանդակ հետեւանքների:

Գաղափարախոսություն բառը մենք օգտագործելու ենք միայն այն ուսմունքների համար, որոնք երեւութապես քաղաքական խնդիրների տեսք ունենալով՝ իրենց էությամբ կրոնի են վերածվում, հիմնական բնութագրիչներով մոտենում են կրոնական վարդապետությունների աստիճանի, հավակնում «ազգային գաղափարախոսության» կարգավիճակի, ձեռք բերում տոտալիտար էություն: Ի տարբերություն իրական քաղաքական տեսությունների՝ դրանք հանդես են գալիս ոչ թե որպես գոյություն ունեցող ընդունված քաղաքական ուսմունքների մի այլընտրանք, այլ որպես բոլորի ժխտում եւ, իշխանության հասնելու դեպքում՝ սահմանափակում կամ ոչնչացնում մյուսներին, հիմնում տոտալիտար ռեժիմ: Քանզի այդպիսի ռեժիմների պահպանման համար անհրաժեշտ ու ապահով հիմքը գաղափարախոսականացված հասարակությունն է՝ գաղափարների ինչ-որ համակարգ որպես բարձրագույն արժեք եւ անքնին ճշմարտություններ բոլորին պարտադրելը: Ըստ այդմ էլ՝ նրանց գործունեության հիմնական բնագավառը դառնում է իրենց գաղափարախոսության քարոզչությունը բոլոր մեթոդներով, ընդհուպ՝ բռնի պարտադրանքը: Միակը լինելու մարմաջով վերածվելով յուրատեսակ կրոնի կամ աղանդի՝ նրանք փորձում են զբաղեցնել նաեւ հասարակության հոգեւոր-բարոյական պատկերացումների, հավատալիքների դաշտը՝ այդտեղից դուրս մղելով մարդկանց հոգեւոր պահանջմունքները բավարարելու կոչված իրական կրոնական պատկերացումները եւ դրանց սպասավորելու կոչված կրոնական կառույցները։ Դժվար չէ այս ամենը տեսնել, ասենք, բոլշեւիկյան կոմունիզմի կամ գերմանական նացիզմի օրինակների վրա: Եւ հատկանշական է, որ նրանք երկուսն էլ, իշխանության գալով, ոչ միայն արգելեցին քաղաքական մտքի որեւէ դրսեւորում, ոչնչացրին ողջ քաղաքական դաշտը, այլեւ խստագույնս սահմանափակեցին նաեւ եկեղեցու (կրոնական կառույցների) գործունեության ոլորտը:

Ի՞նչ ենք հասկանում՝ ասելով՝ հարցը ձեւակերպել ու հետապնդել որպես քաղաքական խնդիր, կամ՝ խնդիրը դնել քաղաքական հարթության վրա: Եւ ի՞նչ ենք հասկանում գաղափարախոսական կանխադրույթ կամ խնդիրը գաղափարախոսական հարթության վրա դնել ասելով:

Սրանք ունեն տրամագծորեն հակառակ հատկանիշներ:

Առաջին. քաղաքական խնդիրը պետք է ձեւակերպվի եւ հենվի նախնական անաչառ եւ բազմակողմանի իրատեսական հաշվարկի վրա, որտեղ հաշվառվում ու գնահատվում են.

- անհրաժեշտ մարդկային ռեսուրսների առկայությունը,

- անհրաժեշտ նյութական ռեսուրսների առկայությունը,

- հասարակական հնչեղությունն ու պաշտպանությունը, խնդիրն ընկալելու՝ հասարակության պատրաստվածության աստիճանը,

- նույն այդ հասարակության մի մասի հնարավոր հակազդեցությունը ու դրա հաղթահարելիությունը,

- այլ օժանդակությունների հնարավոր աղբյուրների հաշվառվում ու ճշգրտում,

- ընթացքում այլ խոչընդոտների ու դժվարությունների ի հայտ գալու հնարավորությունը,

- դաշնակիցների ու նրանցից սպասելիքների չափի ճշտում,

- հակառակորդների ուժերը եւ նրանց հնարավոր գործողությունները,

- միջազգային իրավունքի շրջանակները, միջազգային հանրության հնարավոր արձագանքները եւ այլն:

Այս ամենից հետո գնահատվում է նաեւ մեկնարկի ճիշտ պահի ընտրությունը:

Գաղափարախոսական կանխադրույթը բացառում է իրատեսական որեւէ հաշվարկ, այստեղ դրան փոխարինում է կույր ու անքնին հավատը: Ճիշտ այնպես, ինչպես որեւէ փաստարկման, հաշվարկի ու ապացուցման չեն տրվում ո՛չ քրիստոնեության (եւ որեւէ այլ կրոնի) հռչակած խնդիրները (հանդերձյալ կյանք, դրախտում հայտնվել եւ այլն), ո՛չ գերմանական նացիզմի (գերմանական ռասայի գերակայության եւ մյուսներին տիրելու իրավունք), ո՛չ բոլշեւիկյան կոմունիզմի (համաշխարհային հեղափոխություն, կոմունիզմ): Դրանք հանդես են գալիս որպես անվիճարկելի ճշմարտություններ: Եւ եթե «ազգ» բառը հասկանանք իր նախնական՝ «տեսակ» իմաստով, ապա սրանք այլ բան չեն, քան յուրատեսակ «ազգային գաղափարախոսություններ», որոնք ընդունողները յուրայիններ են, չընդունողները՝ թշնամիներ (ներքին կամ արտաքին):

Երկրորդ. քաղաքական խնդիրը կամ քաղաքական հարթության վրա դրված հարցը կարող է չփայլել իր գրավչությամբ։ Այն պետք է լինի առարկայական, ունենա սահմանների հստակություն եւ որոշակիություն, ունենա իր մեկնարկը, ընթացքը եւ արձանագրելի ավարտը: Ամեն մի խնդրի լուծումը դառնում է այն հիմքը, որի լուծման արդյունքների վրա էլ ձեւակերպվում է հաջորդ խնդիրը: Քաղաքական խնդիրը միջոց է, որի լուծման արդյունքները առարկայորեն ծառայում են տվյալ հանրության, հասարակության անդամներին, պետության քաղաքացիներին՝ մարդուն, անհատին: Մարդն է այն գերագույն արժեք-օբյեկտը, որին սպասավորելու է կոչված որեւէ քաղաքական խնդիր: Ուստի, եթե հասարակությունը գոհ է, ապա քաղաքական խնդիր ձեւակերպած, հետապնդած ու լուծած ուժը, ըստ այդմ, նույն այդ գերագույն արժեք-օբյեկտի՝ ժողովրդի կողմից վստահության նոր քվե եւ իշխանություն է ստանում: Եթե ժողովուրդը դժգոհ է, ապա այդ ուժը ստիպված է լինում թողնել իշխանությունը, այն հանձնել մեկ այլ ուժի: Այսինքն՝ Քաղաքական խնդիրը պետք է ունենա հնարավոր առավելագույնին մոտեցող լուծելիության եւ արդյունքի ստուգելիության հատկանիշ:

Գաղափարախոսական խնդիրները սովորաբար հանդես են գալիս մաքսիմալիստական կարգախոսների տեսքով ու դրանով իսկ պարտադիր կերպով արտաքնապես հրապուրիչ են ու գայթակղիչ։ Գաղափարախոսական հարթության վրա դրված խնդիրը պետք է լինի հնարավորինս ամորֆ, անհստակ ու անորոշ սահմաններով: Այդպիսին են քրիստոնեության (եւ որեւէ այլ կրոնի) խոստումները, այդպիսիք էին Ռուսաստանում բոլշեւիզմի՝ համաշխարհային հեղափոխության, կոմունիզմի «պայծառ ապագայի», Գերմանիայում՝ գերմանական ռասայի գերակայության եւ համաշխարհային տիրապետության խնդիրները: Եվ անհայտ էր, թե ինչքան պետք է տեւի խնդրի լուծման ընթացքը, եւ ինչից հետո է, որ պետք է արձանագրվի դրա ավարտը, այնպես, որ երբեւէ հնարավոր չլինի ասել, թե տվյալ խնդիրն արդեն ամբողջությամբ ու վերջնականապես լուծված է: Գաղափարախոսական կանխադրույթի վերածված խնդիրները չեն կարող լուծվել, քանզի դա կնշանակի այն հետապնդող ուժի, միավորի, կազմակերպության կամ կառույցի գոյության անիմաստության արձանագրում, նրա իշխանության եւ դիրքի ավարտ: Այսինքն՝ գաղափարախոսական խնդրի համար պետք է ի սկզբանե ապահովված լինի անլուծելիություն, եւ դրանով կենսականորեն շահագրգռված է լինում այն «հետապնդող» ուժը: Գաղափարախոսական խնդիրներն իրենք են համարվում գերագույն արժեք-օբյեկտ, որոնց սպասարկելու, ընդհուպ սպառվելու նյութ լինելու են կոչված տվյալ հանրությունը, հասարակությունը, պետությունն ու նրա քաղաքացիները, մարդը, անհատը: Տոտալիտար գաղափարախոսությունները՝ որպես ինքնահռչակ բացարձակ արժեք ու ճշմարտություն, անհանդուրժող են այլ կերպ մտածող հասարակական խմբերի ու այլ արժեքներ դավանող հանրությունների նկատմամբ, ինչով եւ նմանվում են սուր արտահայտված կրոնական աղանդի:

Երրորդ. Բայց հնարավոր է, որ ցանկացած նախնական հաշվարկի մեջ, այնուամենայնիվ, լինեն սխալներ ու վրիպումներ, կամ ընթացքում հանդես գան անակնկալ հանգամանքներ: Ուստի քաղաքական հարթության վրա դրված խնդրի հաջորդ հատկանիշը պետք է լինի ընթացքում, ցանկացած պահի, ապահով կանգառի եւ անկորուստ նահանջի հնարավորության ապահովումը: Ընդ որում՝ նահանջը պետք է լինի առավելագույնը մինչեւ այն ելակետային դիրքը, որից սկսվել է խնդրի հարուցումը: Դա հնարավոր է, եթե նույնպիսի իրատեսական հաշվարկների վրա է հենվում նաեւ խնդիրը հետապնդող ուժի մարտավարությունը, գործելակերպը, այլ խոսքով՝ նա հանդես է գալիս որպես քաղաքական մեթոդներով ու տրամաբանությամբ գործող ուժ։ Եթե նահանջը դառնում է խուճապային, հարցն ավելի հետ է շպրտվում անգամ իր ելակետից, բերում անդառնալի կորուստների, ուրեմն խնդիրը հիմնովին սխալ է կազմվել ու սխալ հետապնդվել: Այսինքն՝ կա՛մ գործ ունենք արկածախնդրության հետ, ու դրա հեղինակներն իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու, կամ՝ դիտավորության, որ այս դեպքում բնորոշվում է դավաճանություն բառով:

Տոտալիտար գաղափարախոսությունները որեւէ դեպքում ունակ չեն կանգառի, առավել եւս՝ նահանջի, եթե նույնիսկ դիմացն անդունդ է, աղետ ու մահ այն ժողովրդի համար, որին նրանք առաջնորդում են («Մահ կամ ազատություն» դատարկ կարգախոսը դրա լիարժեք արտացոլումն է): Կանգառը կամ նահանջը ամեն ինչի կորուստ, մահ կլինի այդօրինակ գաղափարախոսությունների համար, ուստի նրանք երբեք այդպիսի որոշում չեն ընդունի: Նրանց համար գաղափարը շատ ավելի բարձր արժեք է, քան գաղափարի առարկան: Եւ առաջ են շարժվում, եթե անգամ ակնհայտ է, որ գաղափարի առարկան զոհաբերվում է գաղափարին: Այդպես Գերմանիան զոհաբերվեց նացիզմի, Ռուսաստանը՝ կոմունիզմի գաղափարին:

Չորրորդ. Քաղաքական հարթության վրա ձեւակերպված խնդիրը չի կարող որեւէ ուժի մենաշնորհ ու սեփականություն լինել, այն կարող է լուծվել ինչպես տարբեր ուժերի համատեղ ջանքերով, այնպես էլ բնույթով քաղաքական ու մրցակցող ուժերի հերթափոխվող իշխանությունների պայմաններում: Այսինքն՝ քաղաքական խնդիրները ենթադրում են նաեւ ժողովրդավարության առկայություն: Կամ՝ ժողովրդավարությունն ապահովում է, որ հասարակության խնդիրները ձեւակերպվեն ու հետապնդվեն քաղաքական հարթության վրա:

Քաղաքական բնույթի խնդիրները լուծելու կոչված, բնույթով քաղաքական ուժը անհամեմատ ազատ է ու ճկուն իր գործունեության մեջ, օգտվում է հանրահայտ քաղաքական հասկացություններից, նրա համար չկան կաշկանդիչ տաբուներ, ունակ է գնալ կոմպրոմիսների ու համաձայնությունների, նրա հաջողության եւ դրանով իր իշխանությունն ու դիրքը պահելու գրավականը դրված խնդիրների լուծումն է, առարկայական արդյունքը:

Ինչպես եւ որեւէ կրոնի դեպքում, կրոնի վերածված գաղափարախոսական խնդիրների սպասավորման համար ստեղծվում ու ձեւավորում է մենաշնորհային իրավունքով, կայուն, ինքն իր մեջ վերարտադրվող մի դաս՝ իր կազմակերպական կառույցներով: Այդպիսին են ձգտել լինել քրիստոնեական եկեղեցիները (Քրիստոսի առաքյալներից բխելու իրենց լեգենդներով), այդպիսին էին նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը՝ Գերմանիայում եւ կոմկուսը՝ ԽՍՀՄ-ում: Այս դասը կամ կազմակերպությունը իրեն հռչակում էր որպես գերագույն արժեքի սպասավոր, եւ այդ հանգամանքով՝ ընտրյալ, որպես այդպիսին առանձնանում, իրեն վերապահում առանձնացող հասարակական դիրք, իշխանություն, ձեռք բերում կայուն բարեկեցություն ու եկամուտներ: Նրա իշխանությունն ու հասարակական դիրքը պահպանելու տեւողությունն ուղիղ համեմատական է տվյալ գաղափարախոսության կյանքի տեւողությանը, բարեկեցությունն ու եկամուտները՝ տվյալ հասարակության գաղափարախոսականացվածության աստիճանին: Այն ենթադրում է տոտալիտար, բռնապետական համակարգ, կամ՝ դա հնարավոր է միայն տոտալիտար, բռնապետական համակարգում:

Տոտալիտար կրոնացված գաղափարախոսությունը ենթադրում է մշտական թշնամու ու չափազանցված վտանգի առկայություն, ուստի եւ հարատեւ կռվի անհրաժեշտություն: Եւ որքան չափազանցված է վտանգը, եւ ազդեցիկ՝ մշտական թշնամու կերպարը, այնքան տոտալիտար գաղափարախոսությունն ու նրան սպասավորող դասը ավելի հեշտությամբ է հիմնավորում իր՝ որպես դրանց դեմ պայքարելու կոչված ուժի գոյության անհրաժեշտությունը, կարեւորությունը, իշխելու ինքնահռչակ իրավունքների անսակարկելիությունը եւ հարատեւությունը: Ըստ այդմ էլ՝ մշտական թշնամին եւ չափազանցված վտանգը որպես հարատեւ կռվի գրավական, գոյության հիմք են դառնում տվյալ գաղափարախոսության համար, նրա յուրատեսակ գուրգուրանքի առարկան: Հակամարտությունը ներկայացվում է որպես բացարձակ բարու ու բացարձակ չարի բախում, ուստի այդ «պայքարի» մարտավարության ու ռազմավարության մեջ բացառվում է որեւէ կոմպրոմիս կամ համաձայնություն, որեւէ հարցի լուծում:

(շարունակությունը՝ հինգշաբթի)