17.07.2017 14:26

Սերժ Սարգսյան. ԼՂ կարգավորման հարցում երաշխավորը ԶՈւ-ն է եւ միջազգային սատարումը

Սերժ Սարգսյան. ԼՂ կարգավորման հարցում երաշխավորը ԶՈւ-ն է եւ միջազգային սատարումը

Լեռնային Ղարաբաղի խնդրում քաղաքական լուծման երաշխավորը մարտունակ Զինված ուժերն են եւ միջազգային քաղաքական երաշխիքները, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժմանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հաղորդավարի հարցին՝ ո՞րն է լինելու երաշխիքը, որ Բաքուն կկատարի իր պարտավորությունները ԼՂ խնդրի լուծումը գտնելուց հետո՝ այն դեպքում, երբ այժմ հրաժարվում է պահպանել միջադեպերի հետաքննության՝տեխնիկական բնույթի պայմանավորվածությունները, Սարգսյանը պատասխանել է.

«Բազմիցս ասել եմ ու կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ ԶՈՒ-ն է, բայց ցանկացած քաղաքական պայմանավորվածություն ունենալու է հաստատում տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում: Եվ այստեղ կան բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ պարտադրանքի մեխանիզմ, եւ եթե քաղաքական լուծում լինի, ապա՝ սեփական Զինված ուժերը, գումարած քաղաքական սատարումը, կարող է տարածաշրջանում բերել խաղաղություն:

Սարգսյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահները չեն կարող պարտադրել կողմերից որեւէ մեկին՝ չխախտել զինադադարի ռեժիմը, սակայն բոլորի համար պարզ է, որ հենց Ադրբեջանն է շահագրգիռ շփման գծում լարվածության պահպանման հարցում:

Սարգսյանը նշել է նաեւ, որ հայկական կողմի սկզբունքային մոտեցումները 2016-ի ապրիլյան պատերազմից հետո չեն փոփոխվել: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ի վերուստ տրված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից տրված սկզբունք է, եւ այն պետք է իրացվի:  Երկրորդը, ըստ Սարգսյանի, ԼՂՀ-ն պետք է ունենա ցամաքային ահման ՀՀ-ի հետ, երրորդ՝ ԼՂՀ-ն պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա, ըստ Սարգսյանի, այն եւս չի փոխվել. Բաքուն խոսում է այն մասին, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի մասն է եղել, եւ այդպես էլ պետք է մնա: Սա է պատճառը, որ բանակցությունները մտել են փակուղի:

Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ ադրբեջանական կողմի հետ բարձր մակարդակով հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի, որովհետեւ կոնկրետ քննարկելու թեմա չկա, բայց պատրաստ է հանդիպման, որը կարող է կայանալ աշնանը: