18.07.2017 11:44

Թուրքիայում երեք ամսով երկարացվել է արտակարգ դրությունը

Թուրքիայում երեք ամսով երկարացվել է արտակարգ դրությունը

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում, որը գերազանցապես քրդերով է բնակեցված, ոստիկանությունը ցրել է պետծառայողների արհմիության բողոքի ցույցը՝ ընդդեմ զանգվածային հեռացումների քաղաքականության, որը երկրում տարվում է անցյալ տարի ամռանը ձախողված պետական հեղաշրջման փորձից ի վեր:

Դրան զուգահեռ՝ թուրքական խորհրդարանը չորրորդ անգամ հավանություն է տվել կառավարության որոշմանը՝ ևս երեք ամսով երկարացնելու արտակարգ դրության ռեժիմը, ինչը նախատեսում է հանրահավաքներ անցկացնելու սահմանափակում և լրացուցիչ լիազորություններ իրավապահ մարմիններին ու հատուկ ծառայություններին:

«Նախագահ Էրդողանը պաշտպանվում է արտակարգ դրության միջոցով: Նա ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության նախաձեռնած հեղաշրջման փորձը շրջեց իր օգտին: Նա արտակարգ դրությունը վերածեց բռնապետական ռեժիմի: Դրա համար էլ մենք կարծում ենք, որ արտակարգ դրությունը պետք է հանվի»,- հայտարարել է ընդդիմադիր խոշոր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներից մեկը:

Փոխանցում է euronews-ը: