18.07.2017 20:19

Արսեն Գրիգորյան. Վոլոդինն անմեղ է

Արսեն Գրիգորյան. Վոլոդինն անմեղ է

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենին պետական կարգավիճակ տալ, որ մեր վարորդները Ռուսաստանում խնդիրներ չունենան: Պարզ է, որ մեր ԱԺ նախագահը մերժած կլինի: Բայց Ռուսաստանի առաջարկը բնական է մի քանի պատճառներով:

Նախ, ՀՀ քաղաքացիները կախում ունեն այդ երկրից: Երկրորդ, այդ երկրից կախում ունի հենց Հայաստանը: Երրորդ, Հայաստանը պետական իմունիտետ չունի, որպեսզի իրեն այդպիսի առաջարկներով չդիմեն: Վոլոդինի առաջարկի հիմնական հենքը մեր իմունիտետի բացակայությունն է: Եթե այստեղ՝ Հայաստանում, ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ ընդվզեն, Վոլոդինը տարակուսելու իրավունք ունի: Նա ասում է՝ ես ձեզ ոտքի վրա մնալու մեխանիզմ եմ ներկայացնում, դուք հարյուր հազարներով լցվում եք իմ երկիրը եւ լեզվի պատճառով խնդիրներ եք ունենում, ես չեմ ուզում, որ իմ երկրում լեզու չիմացողը խնդիրներ ստեղծի:

Վյաչեսլավ Վոլոդինը մեր Սահմանադրության մասին չգիտի՞: Գիտի: Բայց տեսել է, չէ՞, թե ինչեր կարելի է անել Սահմանադրության հետ: Տեսել է, չէ՞, 2005-ին ինչպես ընդունվեցին փոփոխությունները, 2015-ին ինչպես մեզ տրվեց խորհրդարանական կառավարումը: Մարդը գիտի, նրա հետ մի խոսեք Սահմանադրության 12-րդ հոդվածից:

Վոլոդինին մեր վարորդների վարորդական իրավունքի վավեր լինելը քիչ է հետաքրքրում: Էականն այն է նրա առաջարկում, որ ինքն առանձնապես մեծ լարվածություն չի զգում նման առաջարկ անելիս: Գուցե նույնիսկ լեզվի ծայրով է ասել, հնարավոր է, որ ինքն էլ իր առաջարկը չի լսել, ասել է իմիջիայլոց, հորանջելուց առաջ: Համենայնդեպս լարում չի եղել:

Ինքը չի լարվում նույնիսկ այն ժամանակ, երբ մերժում են իր առաջարկը: Այսօր մերժում են, մենք կսեղմենք՝ վաղը կընդունեն: Սեղմելը պետք չէ շատ վատ սցենարներով պատկերացնել: Հայաստանը չի կարողանում իր քաղաքացիներին պահել, Հայաստանն առանձնապես չի կարող հույսեր կապել առավել քաղաքակիրթ երկրների աջակցության հետ, Հայաստանի քաղաքացին իմունիտետ չունի հենց Հայաստանում, այլապես Ռուսաստան չէր վազի: Ռուսաց լեզվի շնորհիվ, բանկային լեզվով ասած, Հայաստանն իր վարկային պատմությունը պետք է սկսի սպիտակ թղթից: Այսինքն, դուք մեզ տալիս եք լեզվի պետական կարգավիճակ, մենք ձեր առանց այն էլ խախուտ կամ անհուսալի վարկային պատմությունը սկսում ենք զրոյից՝ ձեր վարորդները այստեղ կարող են իրենց զգալ ավելի լավ, քան՝ Վանաձորի դարուփոսերով մեքենա վարելիս:

ՌԴ Պետդումայի խոսնակը գիշերը մարգարեական երազ չէր տեսել, երբ որոշեց նման առաջարկ անել: Վոլոդինը նույնիսկ Բաբլոյանի մերժումն է կանխատեսել: Այլապես առաջարկի ընդունման համար այլ՝ պակաս միջպետական ուղիներ կմշակեր: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների «ասֆալտի» որակի երաշխավորը Ռուսաստանն է, նա էլ իր ասֆալտի «գյորա» բարեխղճություն է պահանջում վարորդներից: Այդ հարաբերություններում Հայաստանը մի ժամանակ «փայատեր» էր, այսօր այդ փայատիրությունը շատ լավ երեւում է գազի պատմության մեջ: Վոլոդինի առաջարկի մեկնակետը հենց Հայաստանի ստրատեգիական ունեցվածքի հանդեպ ամբողջական սեփականությունն է: Ինքն այսօր գուցե առանց մեծ հույսերի սեփականության զգացումներ է փայփայում նաեւ ՀՀ քաղաքացիների հանդեպ: Բայց այդտեղ ինքը գոնե իրավունքներ ունի: Բաբլոյանը սա լավ գիտի: Իսկ եթե չգիտի, նրան նույնիսկ այստեղ դա կբացատրեն, կարիք չկա, որ ռուսները ափերից դուրս գան եւ այլ լեզվով խոսեն: Վյաչեսլավ Վոլոդինը ձեզ համար Պյոտր Սվիտալսկի չէ, որն ընդամենը խոսում էր ժողովրդավարական ընտրությունների կարեւորության մասին: Երբ Վոլոդինը նման բան է առաջարկում, ինքն ասում է՝ ուշադիր եղեք, ես ժողովրդավարական ընտրություններից չեմ խոսում: Ահա ինչու Հայաստանում նրան հակադարձողը մարդն է, բայց ոչ իշխանությունը:

Ժամանակին՝ 13 տարի առաջ, Պետդումայի մեկ այլ խոսնակ՝ Բորիս Գրիզլովը, հենց Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Մեր ազգային զգացումները երկնիշ բալանոց ցնցումներ ապրեցին: Իսկ Գրիզլովը պետական այր էր, նա այդպես էր տեսնում Հայաստանի աշխարհագրական դիրքը, այդպես էր ընկալում Հայաստանը «Գույք պարտքի դիմաց»-ի ստորագրումից հետո, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ժամկետ իշխանությունն օրհնելուց հետո: Գրիզլովն ամեն ինչ գիտեր մեր Անկախության հանրաքվեի մասին: Բայց երբ Ռուսաստանից է նայում, ֆորպոստի նման է, որովհետեւ այստեղ իշխանության կառչողն էլ է Ռուսաստանից նայում իր իսկ ղեկավարած պետությանը: Այնպես որ Վոլոդինն անմեղ է, նրա առաջարկի պատճառներն նույնքան այստեղ են, որքան՝ Ռուսաստանում: