21.09.2012 00:55

Թունիսում արգելել են հակաարեւմտյան ցույցեր անցկացնել

Թունիսում արգելել են հակաարեւմտյան ցույցեր անցկացնել

Թունիսի Ներքին գործերի նախարարությունն արգելել է ուրբաթ օրը բողոքի զանգվածային միջոցառումներ իրականացնել Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրում նախօրեին հրապարակված՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների դեմ, հայտնում է FrancePress գործակալությունը:

Ինչպես տեղեկացրել է iLur.am-ը, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին Ֆրանսիան հայտարարել էր, որ փակելու է 20 երկրներում գործող իր դիվանագիտական ներկայացուցչությունները եւ դպրոցները՝ զգուշանալով ծաղրանկարների հրահրած հնարավոր բռնություններից: Մահմեդական երկրներում սովորաբար ուրբաթ երեկոյան աղոթքից հետո են կազմակերպվում զանգվածային բողոքի ցույցերը:

Թունիսի ՆԳՆ տվյալներով, որոշ տարրեր ծրագրել էին ուրբաթ օրը նախատեսված միջոցառումներն օգտագործել բռնության եւ թալանի նպատակներով:

Նշենք, որ Charlie Hebdo-ում հրապարակված ծաղրանկարները կարծիքների բախում են առաջացրել նաեւ ֆրանսիական հասարակությունում. որոշ իրավապաշտպան կազմակերպություններ մարգարեի ծաղրանկարների տարածումը ամերիկյան «Մահմեդականի անմեղությունը» ֆիլմի բարձրացրած աղմուկի ֆոնին սադրանք են համարում, մինչդեռ, ամսագրի խմբագիրն իր դեմ քննադատությունը խոսքի ազատության սահմանափակման փորձ է որակել: «Եթե ես կարող եմ ծաղրանկարներ հրապարակել մոլեռանդ կաթոլիկների թեմայով, ին՞չու պետք է հրաժարվեմ նույնն անել այլ կրոնների մոլեռանդների պարագայում»,-ասել է նա: