20.07.2017 12:34

Լիզա Ճաղարյան. Խաղաղությունը սարսափեցնում է Հայաստանի ու Արցախի իշխանություններին

Լիզա Ճաղարյան. Խաղաղությունը սարսափեցնում է Հայաստանի ու Արցախի իշխանություններին

«Ինչքան քյասիբ ապրենք, մենակ թե խաղաղություն եղնի, խա-ղա-ղու-թյուն»։

Կայքերից մեկում կարդացի։ Այս հառաչանքի հեղինակը սահմանամերձ գյուղում ապրող ծերունի է։

Բայց եկեք խոստովանենք. Հայաստանում ու Արցախում ապրողներս տասնյակ անգամներ մոտավորապես նման մի բան ասած կամ մտածած կլինենք։

Օրինակ. «Ամեն զրկանքի պատրաստ եմ դիմանալ, միայն թե խաղաղություն լինի»։

Մեր այս ցանկությունը ներկա իշխանությունների (ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի) երազանքն է։ Սրանք մեզ նստեցրել են վառոդի տակառի վրա եւ ամեն օր ասում են՝ կտրուկ շարժումներ չանեք, կպայթեք։

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը հենց այն երկրային դրախտն է, որտեղ ապրում են հասարակությանը դանդաղ մահվան մատնած «ռազմա-հայրենասիրական» իշխանավորները։

«Ճիշտ է, մենք ձեզ թալանում ենք։ Բայց հիմա մի՞թե դրա ժամանակն է։ Անողորմ ոսոխը մինչեւ ատամները զինված կանգնած է սահմանին»։

«Շատ ճիշտ է, մենք ձեզ սպանում ենք եւ շարունակում անպատիժ վայելել կյանքը։ Բայց հո չե՞ք մոռացել, որ Իլհամ Ալիեւն ուզում է Սեւանա լճի ափին չայ խմել»։

«Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է. ձեր զավակները զոհվում են սահմանին։ Բայց չէ՞ որ հանուն հայրենիքի են զոհվում։ Էն ոնց են ասում, է՛... Հա՛, կապուտաչյա Նաիրիի համար։ Բա մեր սահմաններն անտեր թողնենք, արնախում թշնամին մտնի մեր սուրբ հողն ու բոլորիս մորթոտի՞։ Հո չե՞ք մոռացել, որ թուրքը մնում է թուրք։ Ըհը՛, էս էլ մեր խորին ցավակցություններն ու մեդալը։ Մխիթարվեք»։

Ու հասարակությունը մխիթարվում է։ Երեկոները հեռուստատեսությամբ ռազմահայրենասիրական երգեր է լսում, քնելուց առաջ պատկերացնում է, թե ոնց է սեփական ձեռքերով Ստամբուլն արյան ծով դարձնում, Բաքվում էլ՝ չայ խմում ու... երջանիկ ննջում է, որ հաջորդ առավոտյան արթնանա ու շարունակի թալանվել, նվաստանալ, սպանվել, արտագաղթել։ Որովհետեւ եթե ընդվզի, պալատական խեղկատակները դարակներից կհանեն պատրաստի տեքստերը եւ կհիշեցնեն, որ պատերազմը մեր տան շեմին է, եւ պատերազմական իրավիճակում ներքին խնդիրները դրոշակ դարձնելը թշնամու ջրաղացին ջուր լցնել է նշանակում։

«Դուշման ե՞ք ուրախացնում, արա՛»։

«Բա դուք ամոթ չունե՞ք։ Էն սահմանին ջահել էրեխեք են զոհվում, դուք էստեղ մարդու իրավունքից եք խոսում, արդար դատավարությունից եք խոսում, սրա-նրա գրպանների փողերն եք հաշվում, թուուուու, ձեզ մարդ ասողի»։

«Ա՛յ մարդ, մենք մեղավո՞ր ենք, որ մեր տղերքը ինԸստուտում լավ են սովորում, հետո գնում են արտերկրում կրթվելու, մեղավո՞ր ենք, որ անապահով ընտանիքներում գիտնական ու փիլիսոփա չեն ծնվում։ Բայց ազգին էդ էլ է պետք, չէ՞։ Բա որ էդ անապահովները զոհվում են, նրանց անձնազոհությունը բարձր մակարդակով գնահատող էլ է պետք, չէ՞»։

Անվերջ կարելի է շարունակել։

Բայց այսքանն էլ է բավարար՝ գիտակցելու համար, որ ներկա հանցագործ իշխանությունը խաղաղությունից սարսափում է շատ ավելի, քան Հայաստանի ու Արցախի քաղաքացիները՝ պատերազմից։ Սրանք գիտեն, որ եթե խաղաղություն հաստատվի, իրենք հատ-հատ պատասխան են տալու իրենց կատարած հանցագործությունների համար։ Խաղաղության պայմաններում «փրկարար ոսոխ» չի լինելու, որ նրան թափահարեն մեր քթի տակ ու հնազանդեցնեն։

Ուրեմն, ավելի լավ է «ոչմիթիզհող»-ականությամբ լցնեն մեր հոգնած ուղեղները, իրենք էլ դե՝ «համեստորեն» կվայելեն երկրից քամած իրենց միլիոնները։

Մինչեւ որ...

Մինչեւ որ հասարակությունը կգիտակցի, որ «ոչմիթիզհող»-ի կուտն ուտելով՝ ինքը ոչ թե արտաքին թշնամու ջրաղացին է ջուր լցնում, այլ հե՛նց եւ միմիա՛յն ներքին թշնամու։

Ու գիտակցելուց հետո ո՛չ թե կասի՝ ամեն դժվարության կդիմանանք, միայն թե խաղաղություն լինի, այլ անհապաղ խաղաղություն կպահանջի մեզ այս վիճակին հասցրած հանցագործ իշխանությունից։