20.07.2017 12:58

Վահան Թումանյան. «Գայիչնիկի» նման

Վահան Թումանյան. «Գայիչնիկի» նման

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պետդումայի նախագահ Վոլոդինի հետ հանդիպմանը բարձրացրել է Ռուսաստանում հայկական վարորդական վկայականի ճանաչման հարցը եւ ստացել սպասված պատասխան. «Պետական կարգավիճակ տվեք ռուսաց լեզվին, եւ հարցը կկարգավորվի»: Եւ իշխանական մամուլը հերթական հակառուսական հիստերիան է բարձրացրել: Մինչդեռ նման իրավիճակում չհայտնվելու համար Հայաստանի ԱԺ նախագահը պիտի «գայիչնիկից» մի փոքր բարձր մակարդակի մարդ լիներ, որը կկարողանար դրա մասին չհարցնել:

Այն դեպքում, երբ պետդուման համապատասխան օրենքն արդեն ընդունել է, Բաբլոյանի հարցն այլեւս իմաստ չուներ: Եւ եթե նա լռեր, գուցե ռուսական կողմն ինքը հետաքրքրվեր, թե դրա մասին Հայաստանում ինչ են մտածում: Այդ դեպքում դիվանագիտական առավելությունը կլիներ Հայաստանի կողմում, Բաբլոյանը շատ հանգիստ կասեր, որ Ռուսաստանի օրենսդրությանը միջամտելու իրավունք Հայաստանը չունի, եւ կարծում է, որ հայ վարորդներն այնքան խելացի են, որ նրանց համար դժվար չի լինի հայկական վկայականը փոխարինել ռուսականով եւ շարունակել հանգիստ աշխատել:

Որեւէ մեկը չի կասկածում, որ գործնականում այդպես էլ կա, լինելու է, Ռուսաստանում ապրող եւ աշխատող մարդիկ փոխելու են վարորդական վկայականը, իրենք են լուծելու իրենց հարցերը: Ըստ էության՝ դա զուտ անհատական խնդիր է, հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հետ կապ չունի: Ռուսաստանում, հայերից բացի, միլիոնավոր ադրբեջանցի, վրացի, մոլդովացի, տաջիկ, ուզբեկ են ապրում, նրանք էլ նույն խնդիրն ունեն: Խնդիր ունի նաեւ Ռուսաստանը, ուստի կամ օրենքին նայելու են մատների արանքով, կամ պայմաններ են ստեղծելու, որ մարդիկ փոխեն վարորդական վկայականները, կամ ընդունելու են դրանց ռուսերեն թարգմանած, նոտարական վավերացում ունեցող կրկնօրինակները:

Բաբլոյանը Վոլոդինի հետ հանդիպմանը կարող էր ավելի լուրջ խնդիրներ շոշափել: Եւ եթե սկսել է վարորդական վկայականից, ապա ակամայից տպավորություն է ստեղծվում, թե դա գիտակցված է արել` հարցնել, ստանալ ակնկալելի պատասխան, թեման դարձնել հասարակական դիսկուրսի նյութ, ապա շահարկել Ռուսաստանում աշխատող հարյուր-հազարավոր հայ վարորդների «իրավունքների պաշտպանության» թեման եւ վերջապես մարդկանց կանգնեցնել փաստի առջեւ. եթե ուզում ենք Ռուսաստանից տրանսֆերտներ ստանալ, ուրեմն պիտի ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տանք, որպեսզի մեր մարդիկ այդ երկրում իրենց լավ զգան: Իսկական «գայիչնիկի» մակարդակ: Ռուսներին քննադատելու կարիք չկա: Երբ խնդիրն ստեղծում ես ինքդ, բարի եղիր պատասխան տալ: Բայց «գայիչնիկից» ի՞նչ պատասխան, նա միայն խայտառակում է երկիրը: