21.07.2017 23:19

Արսեն Գրիգորյան. Արեւի պատճառով

Արսեն Գրիգորյան. Արեւի պատճառով

Ամռան շոգն իրենն անում է: Անցյալ շաբաթ գլխավոր «սինոպտիկ» Գագիկ Սուրենյանը Ստամբուլի ջրհեղեղի տարոսն ուղղորդել էր Բաքու:

Հազիվ թե շոգն է պատճառը, որ Բաղրամյան 26-ում հայտարարեն, թե մեր երկիրը կարիք ունի «որոշակի մասնագետների»: Մեր երկիրը կարիք ունի ազատ եւ արդար ընտրությունների: Եվ դա կարելի է կազմակերպել թե՛ ամռան շոգին, թե՛ ձմռան ցրտին, թե՛ Սահմանադրությունը փոխելով, թե՛ Սահմանադրություն չունենալով, թե՛ միայն քրեական հանցագործների շրջանում, թե՛ պալատական մտավորականության եւ երբեւէ դպրոց չմտածների միջավայրում:

Թող առաջինը ինձ վրա քար նետի նա, ով կպնդի, որ մթնոլորտի 40 աստիճան ջերմության պատճառով է հոգեւորականն ասում, թե տարվա մեջ 5 մեռելոցը մի մեծ բան չէ, «ունեցեք, էլի»: Հայաստանին մեռելոց պետք չէ, Հայաստանին վաղուց ապրողների օր է պետք: Որովհետեւ, օրինակ, գործազուրկն արդեն մեռելոց ենթակա մարդ է: Մեռելոց է, երբ դպրոցի ուսուցչուհին հանրապետական է: Մեռելոցը միայն հիշատակ չէ, այլ՝ կարգավիճակ:

Հաստատ շոգից չէ, որ արցախյան ազատամարտի հերոսին «քանդակում են» ձմերուկի կեղեւի վրա: Որովհետեւ այդ պահից հերոսը դառնում է, թող թույլ տրվի ասել՝ կճեպ: Մի արեք բաներ, որոնք համաձայնեցված չեն: Գուցե հերոսը գետինը մտներ, եթե իրեն տեսներ ձմերուկի վրա: Եթե այդ պատկերը հրաշքով չի հայտնվել ձմերուկին, որի դեպքում մարդկանցից ոչ մեկը պատասխանատու չէ, մնացած բոլոր դեպքերում դա ծաղր է: Հերոսը չի կարող հակադարձել դրան: Եվ ինքը մեղավոր չէ, որ «ամբիոն» չունի հակադարձելու համար: Այստեղ արդեն մեռելոցն էլ «խոսափող» չի դառնա:

Տարոն Մարգարյանին իմացողներն անգամ չեն պնդի, որ արեւը հաստատ եղանակ չի ստեղծել Գոռ Վարդանյանին պետական աշխատանքի վերցնելու հարցում: Բայց փաստն այն է, որ այդ օրերին արեւը կարծես թե համը հանել է՝ Գոռ Վարդանյանը մասնակցելու է Երեւանի ճակատագրին: Եվ մենք ստիպված ենք կրել «գոռ բախտի պարսաքարերը» (Շեքսպիր):

ՀՅԴ ԳՄ հայտարարությունն ընդհանրապես ասես արեւի ճառագայթների տակ գրված լինի՝ կառավարությունը քաջ գիտակցելով երկրի դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգությունը: Կներեք, իսկ եթե դեպի ծով ելք ունենար, կառավարությունը չէր ստանձնելու՞ Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգությունը երաշխավորելու գործը: Կարելի էր չմեկնաբանել այս տողերը: Բայց, ըստ իս, շոգը թույլ չի տալիս այս մերձշեքսպիրյան մտքի կողքով սուսուփուս անցնել: Այլապես չենք իմանա, թե ուր ենք գնում:

Ի դեպ, Կամյուի «Օտարի» հերոսը՝ Մյորսոն, Ալժիր քաղաքի ծովափին կատարած սպանության շարժառիթների մասին դատարանի նախագահի հարցին, թե ինչու՞ ի վերջո, սպանեցիր արաբին, պատասխանում է՝ արեւի պատճառով: Բայց այս մարդը գրական հերոս է: Մերոնցից ոչ մեկը չի խոստովանի, որ արեւը, շոգն այս օրերին դեր ունի այն ամենում, ինչ ինքն անում է կամ ասում: Որովհետեւ արեւն արդեն ավարտել է իր գործը: Բանականությունն արդեն եղանակ չի ստեղծում: