22.07.2017 16:57

Սերգո Տոնոյան. Քանդվում ու բովանդակազրկվում է ամեն ինչ

Սերգո Տոնոյան. Քանդվում ու բովանդակազրկվում է ամեն ինչ

Ինչո՞ւ էր կառույցը Փակ շուկա կոչվում: Որովհետեւ, երբ խորհրդային իշխանությունները իրար հետեւից քանդեցին Երեւանի առեւտրական հրապարակները՝ մեյդանները, դրանցից մեկի տեղում կառուցեցին ընդհանուր մի շենք, առեւտուրը՝ բացօթյայից դեպի փակ տարածք տեղափոխելու համար:

 Թե՛ արտաքուստ, թե՛ ներքին տարածության կազմակերպման տեսանկյունից ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած կառույցը միջնադարյան քարավանատան տեսք ուներ: Առեւտրասրահի կամարակապ ծածկը, գլխավոր մուտքի չուգունե վիտրաժը, որի մոտիվները վերցված էին  Մակարավանքի բեմի զարդաքանդակներից, եւ շատուշատ այլ ճարտարապետական ու կոնստրուկտիվ մանրամասներ, ստալինյան բռնապետական համակարգի օրոք եկել էին փոփոխելու շուրջ 500 տարի արեւելյան, թուրք-պարսկական մշակութային ազդեցությունը կրող Երեւանի տեսքն ու բովանդակությունը:

 Դեռեւս 1930-ականների սկզբին, նախկին գլխավոր առեւտրական հրապարակի՝ Մեյդանի կամ Ղանթարի շուկայի տեղում տնկել էին այգի (ներկայիս՝ Մանկական այգին), որն, ըստ գլխավոր հատակագծի՝ շարունակում էր 19-րդ դարից գոյություն ունեցող Անգլիական այգին եւ մեծ, օղակաձեւ այգու ելակետը դառնում: Դեպի մյուս կողմ, այգու անմիջական հարեւանությամբ գտնվող պարսկական Կապույտ մզկիթի դեմ դիմաց վեր խոյացած Փակ շուկան հետագայում նախատիպ դարձավ Երեւանի եւ ամբողջ Հայաստանի առեւտրական կենտրոնների՝ շուկաների համար, դրանց հաղորդելով հայկական միջնադարյան ճարտարապետական լուծումներ:

 Թե ինչ պատահեց Փակ շուկայի հետ, կարծում ենք՝ ավելորդ է հիշեցնել: Փաստ է, սակայն, որ այս իշխանությունների օրոք մենք միայն քանդում ու բովանդակազրկում ենք նախկինում կառուցած ամեն ինչը: Պարսկական, ցարական Ռուսաստանի, այնուհետեւ՝ այս երկուսին փոխարինելու եկած թամանյանական եւ խորհրդային ճարտարապետական, մշակութային շերտերը շատ թանկ, մեզ համար անչափ կարեւոր, իրականում՝ բավական հետաքրքիր պատմություն ունեցող այն ժառանգությունն են, որ դեռ չենք էլ հասցրել մինչեւ վերջ ուսումնասիրել եւ հասկանալ, ու արդեն՝ քանդում ենք:

 Այն, որ փոփոխությունները միշտ էլ անխուսափելի են, մենք շատ լավ գիտենք: Հինը, այո՛, հաճախ պետք է քանդել եւ կառուցել նորը: Ահա այստեղ է հարցերի հարցը. այդ ինչպե՞ս է պատահել, որ Ստալինի օրոք հաջողվել է վերակենդանացնել միջնադարյան հայկական ճարտարապետության ոգին, իսկ մեր օրերում, անկախ պետականության արդեն քառորդ դար տեւած ժամանակաշրջանում, մենք դեռ անխնա քանդում ենք:

 Ի՞նչ ենք կառուցել այս տարիների ընթացքում: Մեկը մյուսին ծածկող բնակելի բարձրահարկ շենքե՞ր  չդադարող արտագաղթի պայմաններում, ինչ-որ բիզնես կենտրոննե՞ր, առեւտրական մոլե՞ր, մեկ երկու դպրոց Դիլիջանո՞ւմ: Թվարկեք այս ցանկը, եւ փնտրեք երջանիկ մարդուն, այն մարդուն ում շուրջը միջավայր է ձեւավորվել, իմա՝ ճարտարապետություն, կամ այն միջավայրը, որտեղ մարդիկ են կուտակվել, հավաքվել եւ իրենց երջանիկ զգացել:

 Ամիսներ առաջ, Սարյան փողոցի՝ Թումանյանից Պուշկին ընկած հատվածում, վերջին մի քանի տարում կողք-կողքի բացված փոքրիկ գինետները կարծես թե «ստիպեցին», որ այդ վայրում կազմակերպվի երկօրյա գինու փառատոն: Սա լավագույն օրինակներից է, թե ինչպես է մարդը միջավայր ստեղծում, որտեղ ոչ այնքան շենքի ձեւն է կարեւորվում կամ վիճարկվում, այլ բովանդակությունը հենց ձեւ է ստեղծում, իմաստ տալիս՝ թեկուզեւ մեկ-երկու հարկանի փոքրիկ այդ շենքերին:

 Ֆիրդուսու շուկայի ճակատագիրն արդեն պարզ է: Երեւանի կենտրոնում մնացած վերջին բացօթյա առեւտրական հատվածը, որ ավելի նման էր արեւելյան երկարաձիգ շուկայի, շուտով հողին կհավասարվի: Իշխանություններն ու գործարար հատվածը կարծում են, որ Երեւանին նոր հրապարակ է պետք՝ բնակելի շենքերով եւ բիզնես կենտրոններով: Իրականում, միգուցե, այս փոքրիկ միջանցքը պետք էր թաղակապ ծածկի տակ առնել, առեւտրական տաղավարները կահավորել անհրաժեշտ գույքով, հատակը սալիկապատել եւ Երեւանում ունենալ արեւելյան ոճի շուկա, ինչպես Հալեպում եւ Ստամբուլում են, որտեղից Երեւան եկած մեր հայրենակիցներն արդեն իսկ մշակութային մեծ ազդեցություն են թողել մեր քաղաքի զարգացման վրա, շատ ավելի մեծ, քան 20 տարի քանդող-շինող այս բարբարոսները: