25.07.2017 13:34

Պատասխան Պենտագոնին. Էրդողանը չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչու է խառնվել իրար

Պատասխան Պենտագոնին. Էրդողանը չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչու է խառնվել իրար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցերով Անկարայի և Մոսկվայի հնարավոր գործարքի կապակցությամբ:

Անցյալ շաբաթ «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը լրագրողներին հաղորդել է, որ Մոսկվան և Անկարան լուծել են C-400 համալիրի մատակարարման պայմանագրի տեխնիկական հարցերը: Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացնեն երկու երկրների կառավարությունները: Չեմեզովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ C-400-ի արտադրությունը տեղակայել Թուրքիայում:

Մեկնաբանելով ռուսաստանյան զենք ձեռք բերելու ծրագրերը՝ Էրդողանը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է միջոցներ ձեռք առնի՝ իր անվտանգությունն ապահովելու համար: «Որ կողմից այդ միջոցառումները կարելի է ապահովել, այդ կողմ էլ քայլեր են արվում: Քանի անգամ ենք մենք խոսել Ամերիկայի հետ, բայց այնտեղ չի ստացվել, դրա համար էլ, ուզենք թե չուզենք, սկսեցինք պլաններ կազմել՝ C-400-ի հետ կապված»,- նշել է Թուրքիայի առաջնորդը:

Էրդողանը նաև տարակուսանք է հայտնել այն առիթով, որ ԱՄՆ-ն անհանգստություն է դրսևորում C-400-ի գնման կապակցությամբ, թեպետ Վաշինգտոնը ուշադրություն չի դարձնում, երբ Թուրքիան այլ զենք է ձեռք բերում:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի դաշնակիցը, դրա համար էլ ռուսաստանյան հրթիռային համալիրներ ձեռք բերելու՝ Անկարայի պլանները դուր չեն եկել Վաշինգտոնին: Նախորդ օրը ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդն անհանգստություն է հայտնել հնարավոր գործարքի առիթով: Իսկ Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ Թուրքիան պետք է բացատրի ռուսաստանյան զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու իր որոշումը:

Փոխանցում է ria.ru-ն: