25.07.2017 15:13

Լիզա Ճաղարյան. «Ինքնակամ» ինքնասպանություն է գործել

Լիզա Ճաղարյան. «Ինքնակամ» ինքնասպանություն է գործել

Կարդում եմ Հայոց բանակից հասարակությանը «մատուցված» հերթական բոթը. «Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ)։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն»։

Ուշադիր կարդացի՞ք։

Դեպքի հանգամանքները դեռեւս չեն պարզել, դեռ նո՛ր պետք է պարզեն, թե ոնց է պատահել, որ 19-ամյա պատանուն կախված են գտել «զորամասի մերձակա տարածքում»։ Չնայած դե՛ռ չեն պարզել, թե ինչպես է կատարվել այս ողբերգությունը, բայց արդեն իսկ՝ հաղորդագրության մեջ առնվազն երկու «դատավճիռ» կա։

Զինվորն «ինքնակամ է լքել» զորամասը։ Սա արդեն հետմահու մեղադրանք է։ Դեպքի հանգամանքները դեռեւս չեն պարզվել, բայց զորամասի ղեկավարությունն արդեն հաստատում է, որ զինվորն ինքնակամ է լքել զորամասը։

Դե, եթե ինքնակամ է լքել զորամասը, ուրեմն հենց ինքնակամ էլ պարանը գցել է իր վիզը... Երկրորդ դատավճիռը՝ զինվորն ինքնասպանություն է գործել։

Հետաքրքիր է, եթե այդքան բան պարզել են իրենց աշխատասենյակներում փռված, է՞լ ինչ մնաց պարզելու, որ որոշել են քննություն կատարել։

Ոչի՛նչ։

Վաղուց գիտենք, որ Հայոց բանակում ինքնասպանության (եթե հավատանք, որ ինքնասպանություն է) մեղքի մեծ բաժինը ինքնասպանություն գործողի ուսերին է։ Իսկ թե ինչու, ինչպես պատահեց, որ դեռ քսանը չբոլորած երիտասարդը մահը գերադասեց կյանքից, սա երկրորդական-երրորդական հարց է մեր «ազգային բանակի» հրամանատարության համար։

Իսկ այդպես չպետք է լիներ։ Ինքնասպանությունը (եթե հավատանք, իհարկե, որ ինքնասպանություն է) սպանությունից ոչ պակաս, նույնիսկ ավելի՛ զարհուրելի հանցագործություն է, եւ հանցագործները հենց մեծ ու փոքր հրամանատարներն են։

Ի՛նչ աստիճանի անելանելի, դժոխային պայմաններ պետք է ստեղծվի իր երկիրը պաշտպանելու մեկնած զինվորի համար, որ նա մա՛հը գերադասի։

Ովքե՞ր են ստեղծել այդ անելանելի ու դժոխային պայմանները, որ զինվորը մոռացել է աչքները ճամփին սպասող իր մորը, հորը, հարազատներին, գուցե նաեւ՝ սիրած աղջկան, ու որոշել է մեռնել։

Միայն պատկերացնելը սահմռկեցնող է։

Իսկ ավելի սահմռկեցնող է մտածելը, որ ո՛չ ոք չի պատժվելու, ո՛չ ոք պատասխան չի տալու կատարված ողբերգության համար։ Եթե որեւէ մեկն էլ պատժվի, ապա կամ շարքային զինվոր է լինելու, կամ էլ՝ շա՜տ ցածրաստիճան որեւէ մեկը։

«Վերեւներում» կյանքն ընթանալու է իր «բնականոն» հունով։ Մի ցավակցություն է՝ կգրեն, կուղարկեն լրատվամիջոցներին, ու վերջ։

...Իսկ որ եւս մեկ ընտանիքում կյանքը կանգ կառնի, որ մի ջերմ տուն էլ քարե արձան կդառնա, որ Հայաստանում մի չորս պատ էլ կավելանա, որտեղ կձեւացնեն, որ ապրում են, բայց դանդաղ կմեռնեն՝ սա, իհարկե, երկրորդական, շատ երկրորդական հարց է։

«Դեպքի հանգամանքները» պարզողները «մեծ հայրենասերներ» են, նման «փոքրիկ խնդիրներով» չեն զբաղվում։