26.07.2017 13:52

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (4)

Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - (4)

Մաս 1, Մաս 2, Մաս 3

 

4. Ի՞նչ էր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի 1997-ի փուլային տարբերակով լուծումը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական հարթության վրա՝ Շարժման, ապա նրա իշխանության համար նշանակում էր այն անհրաժեշտ պայմանների ապահովումը, որ կերաշխավորի նրա անվտանգությունը, ազատ եւ ապահով զարգացումը, նրա բնակիչների արժանապատիվ կյանքը։ Որպես այդպիսին՝ ՀՀՇ-ի քաղաքական իշխանությունը ցանկացած փուլում ձգտել եւ պատրաստ է եղել քաղաքական կարգավորման։ Այդ երաշխիքը ԽՍՀՄ գոյության պայմաններում կարող էր տալ ներքին վարչական սահմանների փոփոխությամբ Հայաստանին միացումը, ուստի հետապնդվում էր այդ խնդիրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդպիսի երաշխիք կարող էր լինել անկախությունը ու դրա միջազգային ճանաչումը: Երկու դեպքում էլ, բնականաբար, խոսքը վերաբերում է ոչ թե փաստական վիճակին, այլ իրավական կարգավիճակին՝ ճանաչմանը։ Առաջին դեպքում դրա ճանաչողն ու երաշխավորն էր դառնում խորհրդային հանրությունը՝ ի դեմս խորհրդային օրենքների, երկրորդ դեպքում՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս միջազգային օրենքների։ Բայց հնարավոր չեղավ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, քանզի Ադրբեջանը, որի կազմում դե-յուրե հայտնված է Լեռնային Ղարաբաղը, նույն խորհրդային եւ նույն միջազգային օրենքներով կարող էր դրան չհամաձայնել, ու չհամաձայնեց։ Ուրեմն պետք էր գտնել խնդրի լուծման՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը, ազատ ու անկաշկանդ զարգանալու հնարավորությունը, բնակիչների արժանապատիվ կյանքն ապահովելու ու երաշխավորելու այլ ձեւ ու ճանապարհ ու նույնարժեք երաշխիք:

Այդպիսի լուծում եւ երաշխիքներ էր ապահովում կարգավորման այն ծրագիրը, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ու պաշտպանեց: Դա 1997 թվականի հակամարտության խաղաղ կարգավորման փուլային տարբերակն էր: Դրանով պահպանվում էր նույնպիսի փաստական լիակատար անկախություն, որ ուներ Ղարաբաղը 1994 թ. հրադադարից ի վեր, Հայաստանի հետ ցամաքային կապը, վերանում էր շրջափակումը, Հայաստանն ու Ղարաբաղը ազատվում էին տնտեսական զարգացման կաշկանդիչ կապանքներից եւ այլն:

Ընդունված է ասել, թե այս ծրագրի խոցելի կողմն այն էր, որ հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն՝ այն, ինչը այս ամենի պահպանման համար միջազգային երաշխիքներ է ենթադրում։ Առավել չարամիտները պնդում են, թե դրանով Լեռնային Ղարաբաղը դե-յուրե մնում էր Ադրբեջանի կազմում: Եթե կարգավիճակի մասին այս երկրորդ միտքն ընդհանրապես իրականության հետ կապ չունի, ապա առաջինը, մեր կարծիքով, առնվազն կոռեկտ ձեւակերպում չէ:

Իրականում կարգավիճակի հարցը, այո՝ ժամանակավոր, բայց հենց հետաձգվելու փաստով լուծում էր ստանում։ Լուծում էր ստանում չորրորդ մի տարբերակով: Այն միջազգայնորեն ստանում էր վիճելի, չլուծված, առկախ հարցի իրավական կարգավիճակ: Ճիշտ է՝ դա չէր նշանակում «անկախություն», չէր նշանակում «Հայաստանին միացում»։ Բայց դրանցից առաջ եւ առավել եւս՝ չէր նշանակում «Ադրբեջանի կազմում»։ Ավելին՝ հենց առաջին հերթին նշանակում էր «ո՛չ Ադրբեջանի կազմում»: Սա Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցում տեղաշարժ էր, էական, առարկայական, փաստական տեղաշարժ: Քանզի ինչպես մինչ այդ, այնպես էլ այսօր, Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության աչքում ունի լավագույն դեպքում՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո անկախ» վիճակ: Ընդ որում՝ այս վիճակի երկրորդ մասը ապահովելու պարտավորություն ոչ մեկը չի ունեցել եւ չունի, քանզի դա որեւէ տեղ միջազգայնորեն արձանագրված չէ: Արձանագրված է առաջին մասը՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում» կարգավիճակը, եւ միջազգային հանրությունը դրա ապահովման պարտավորությունն ունի մի շարք բարձրագույն փաստաթղթերով: 1997թ. փուլային տարբերակով պայմանագրի կնքումով Լեռնային Ղարաբաղին տրվում էր «Դե-յուրե չլուծված հարց (= ո՛չ Ադրբեջանի կազմում), դե-ֆակտո՝ անկախ» միջազգայնորեն ճանաչված եւ ընդունված կարգավիճակ: Եւ պայմանագրի տակ ստորագրող երկրները կամ միջազգային հանրությունը այդ ճանաչմամբ հանձնառու էին դառնում այս կարգավիճակի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ մասի ապահովման երաշխավորը դառնալ: Այսինքն՝ ճանաչված «չլուծված հարց» կարգավիճակը իր գործողության ողջ ժամկետում ֆունկցիոնալ առումով լիովին փոխարինելու էր առայժմ անհնար՝ ճանաչված անկախությանը, նույն կերպ հանդիսանալու էր Լեռնային Ղարաբաղի փաստական անկախությունը, անվտանգությունն ու ազատ տնտեսական զարգացումն ապահովելու համար որպես միջազգային երաշխիք: Այլ խոսքով՝ նույն դերն էր կատարելու, ինչ ԼՂ անկախ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելը։ Չէ՞ որ դե-յուրե անկախության իմաստն էլ այլ բան չէ, քան ապահովության միջազգային երաշխիքներ ունենալը:

Միակ խնդիրը մնում էր ժամանակավոր լինելու հանգամանքը, այն, որ Լեռնային Ղարաբաղի «չլուծված հարց» կարգավիճակի վերջնական որոշումը թողնվում էր հետագային: Կենցաղային մակարդակի դավադրական տեսությամբ առաջնորդվող «ազգայինները» այստեղ թույլ ուղեղների համար նախատեսված հարց էին տալիս. «Իսկ եթե հետագայում որոշվեր Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմո՞ւմ»: Բայց միջազգային օրենքներն ու միջպետական վարվելակերպի կանոնները մի քիչ տարբեր են, քան կենցաղային մանր ժուլիկությունները: Ակնհայտ էր մի բան. խնդիրը կքննարկվեր այնքան ժամանակ, մինչեւ չգտնվեր «չլուծված հարց»- կարգավիճակին փոխարինող համարժեք այն նոր ձեւը, որն առնվազն նույն կերպ ու նույն չափով կդառնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ազատ զարգացման համար հավասարազոր երաշխիք: Թե ինչպես կկոչվեր այն, էական չէ, թեկուզ՝ «արտամոլորակային տարածք»:

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու ամբողջական լուծումը 1997-ի փուլային տարբերակով ոչ միայն տեսանելի, այլեւ շոշափելի էր եւ առարկայական: Եւ ամենահնչեղ «ազգային հարցերից» մեկը լուծվում էր հայդատական գաղափարախոսության կոնտեքստից դուրս, նրա առանցքային հիմնադրույթներին ու նրա տրամաբանությանը հակառակ: Դրանով իսկ խարխլվելու էին նրա գաղափարախոսական հիմքերը, խամրելու էր մշտական թշնամու կերպարը, արժեզրկվելու էր հարատեւ կռվի կարգախոսը: Ստեղծվելու էր մի ֆոն, որի վրա առավել ցայտուն էր երեւալու այդ գաղափարախոսության կանխադրույթների արկածախնդիր ու վնասակար լինելը, մանավանդ որ այդ հիմքերի վրա նրա ավելի քան հարյուրամյա գործունեությունը միայն կորուստների էր հանգեցրել՝ զարհուրելի կորուստների: Դա, որպես անմիջական հետեւանք, հանգեցնելու էր նաեւ կրոնի վերածված այս գաղափարախոսության սպասավոր դասի հարյուրամյա հասարակական դիրքի, իշխանության, բարեկեցության, եկամուտների հիմքի խարխլման ու կորստի:

5. Ի՞նչ տեղի ունեցավ 1998-ի փետրվարին ու դրանից հետո

Թե ինչ պետք է տեղի ունենար՝ լավագույնս ու շատ կարճ ձեւակերպեց Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի իր հայտարարության մեջ. «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ է։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։ Երկրորդի՝ «խաղաղության ու պատերազմի» մասին հետագայում շատ խոսվեց, սակայն մոռացվեց առաջինը՝ «պետականության հիմնադրույթները»։ Մինչդեռ երկրորդն առաջինի հետեւանքն է ընդամենը։ Խոսքն այն մասին էր, որ հայդատականության պլատֆորմի վրա իշխանության եկողները հեռու պիտի մնային պետականության հայտնի եւ աշխարհում ընդունված հիմնադրույթներից, հենվեին բոլորովին այլ հիմնադրույթների, այլ արժեքային համակարգի վրա։ Իսկ վերջինս էլ այլ բան չէր, քան նույն՝ կրոնի վերածված հայդատական գաղափարախոսությունը։

Եվ հեղաշրջման մասնակից կենտրոնական անձերն այստեղ կարեւոր չեն ամենեւին։ Հրաժարական պարտադրած, հեղաշրջում իրականացրած հայտնի անձինք, գիտակցելով դա թե ոչ, կանգնել կամ հայտնվել էին հայդատականության գաղափարախոսական դիրքերում։ Բանականության դաշտում ու քաղաքական դիրքերից պարզապես հնարավոր չէր դիմակայել Հանրապետության Նախագահի քաղաքական ու առարկայական փաստարկներին, հերոս ձեւանալ, խաբել հասարակությանը։ Հիշենք նրանց հայտնի կարգախոսները. «Արյունով գրաված հողը հետ չեն տա», «Սիրենք մեր պատերազմը», «Մի անգամ պետք է մեր պատերազմը տանենք մինչեւ վերջ»։ Հիշենք, որ նրանց ներկայացրած այլընտրանքային «ծրագիրը» լուծման առաջարկվող տարբերակին հակադրում էր 8000 կմ քառ. տարածքով անկախ Ղարաբաղի պահանջ (գոյություն ունի նրանց ներկայացրած համապատասխան քարտեզը եւ դրան կից «Ծրագիրը») եւ այլն։ Պե՞տք է հիշեցնել (թե՞ յուրաքանչյուրն անմիջապես կարող է հիշել) այդ կարգախոսների նախօրինակ հարյուրամյա կաղապարները՝ «Մահ կամ ազատություն», «Միայն արյամբ կա հային փրկություն», «Ծովից ծով Հայաստան» եւ այլն։ Գաղափարախոսական նույն՝ հայդատական, կեղծ-հայրենասիրական հիմքի վրա ու նույն կարգախոսներով բորբոքվեց 1997թ. սեպտեմբերի վերջից ծայր առած՝ «պարտվողականության» եւ «Ղարաբաղը ծախելու» ողջ վայնասունը։ Շատերը հաճույքով կանգնեցին այդ պլատֆորմի վրա. առիթը հիանալի էր թվում՝ անաշխատ «հայրենասեր» երեւալու, «հերոս» ձեւանալու մարմաջը բավարարելու համար:

Հանրապետության Նախագահի հրաժարականից քիչ անց դաշնակցության «Երկիր» թերթը, մի առիթով դիմելով արդեն «նախկիններին»՝ գրեց. «Մի մոռացեք, որ դուք պարտվել եք հայդատականությանը»։ Եւ նա, իհարկե, ճիշտ էր։ Քաղաքական ուժը, որ հաղթանակով էր դուրս եկել Խորհրդային կայսրության դեմ անհավասար պայքարում, պայմանավորել համաշխարհային պատմության ուղղությունը, հաղթել էր Ադրբեջանին, կարողացել էր չպարտվել միջազգային հանրությանը եւ Լեռնային Ղարաբաղի հարցը հասցրել բարեհաջող լուծման վերջնագծի, պարտվեց հայդատականությանը։ Պարտվեց՝ ոչ թե վերջինիս ուժեղ լինելու հանգամանքով, այլ որովհետեւ Նախագահի քաղաքական թիմի մի քանի առանցքային անդամներ անակնկալ անցան հակառակորդի ճամբար՝ կրկնակի թուլացնելով առաջինը եւ տասնապատիկ հզորացնելով վերջինը:

Եւ այնուամենայնիվ՝ հայդատականության հաղթանակը ակտ չէր, այլ գործընթաց, եւ 1998 թ. փետրվարի 3-ը դրա միայն սկիզբն էր: Դրան հաջորդած շրջանում համապատասխան լրագրերի էջերում ամենօրյա կարգախոսը «իշխանափոխությունը դեռ չի ավարտվել» միտքն էր, մինչեւ տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Նույն կարգախոսը սկսեց հնչել օրումեջ, մինչեւ հաջողությամբ անցկացվեց դրան հաջորդած 5-6 ամսվա վտանգավոր շրջանը: Իսկ վերջնական հաղթանակը արձանագրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին՝ ՀՀ Սահմանադրության ոչնչացմամբ, ինչից հետո արդեն մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում:

* * *

Ինչպես եւ սպասելի էր, քիչ անց սկսվեց ընդամենը տասը տարի առաջ մի այլ՝ կոմունիստական գաղափարախոսության ճիրաններից ազատված հասարակության գաղափարախոսականացում - զոմբիացումը։ Այդ գործի կազմակերպիչ իրականացնողներից մեկը բողոքում էր, թե նախադպրոցական հիմնարկներում 4 եւ բարձր տարիքի երեխաներին դժվար է լինում հասկացնել, թե ինչ բան է Հայ Դատ, Ցեղասպանություն, պահանջատիրություն, մշտական թշնամի։ Կոմունիստները հասարակության գաղափարական դաստիարակության այդ գործն սկսում էին ավելի ուշ՝ 7-8 տարեկանից։ Վարչախմբի նպատակն էր Հայաստանը դարձնել հայդատական ֆունդամենտալիզմի հիմքով տոտալիտար մի կրոնապետություն, եւ այժմ ամեն ինչ դրան է ուղղված։ Միայն այս կերպ կարելի է լուծել իշխանությունը հնարավորինս երկար պահպանելու խնդիրը:

Բնականաբար, գաղափարախոսական նույն հարթության վրա պետք է տեղափոխվեին հասարակական ու պետական կյանքի բոլոր հարցերը։ Արտաքին քաղաքականության դեպքում դա ավելի քան ցայտուն է երեւում. Քոչարյանի առաջին կառավարության՝ 1998թ. ԱԺ ներկայացրած Ծրագրում արտաքին քաղաքականության վերնագրի տակ սպիտակ էջ էր՝ այդ ասպարեզի հայեցակարգը շուտով ներկայացնելու խոստումով։ Չնայած բազմաթիվ հիշեցումներին, մինչ օրս այդ էջը սպիտակ է՝ հայեցակարգը չկա։ Չկա, որովհետեւ գրել այն, ինչ արվում է իրականում, կնշանակի սուր պրոբլեմներ ունենալ միջազգային հանրության հետ, իսկ գրել այն, ինչ ընդունելի է վերջինիս համար, կնշանակի նույնպիսի սուր խնդիրներ ունենալ ներսում՝ սեփական գաղափարախոսության հետ։

(Շարունակությունը՝ շաբաթ)