26.07.2017 14:21

Արսեն Գրիգորյան. Սեւ ցուցակ ունեցող մամուլի խոսնակները պետք է հեռացվեն

Արսեն Գրիգորյան. Սեւ ցուցակ ունեցող մամուլի խոսնակները պետք է հեռացվեն

Մամուլի քարտուղարները լրատվամիջոցների սեւ ցուցակ ունեն: Շա~տ հայկական է: Նրանք Ֆեյսբուքում փակ խումբ են բացել ու հաճույքից նվաղելով որակում են այս կամ այն լրատվամիջոցին, հրահանգներ արձակում, թե որի հետ պետք է գործ ունենալ, եւ որին ուղարկել սեւ ցուցակ:

Այս վարքը այն մասին է, որ անկախությունից 26 տարի հետո Հայաստանը դեռ երկար ճամփա ունի «բերանն արնոտ էն մարդակերից» մինչեւ «մարդասպան»: Կարճ ասած՝ դեռ տեղում ենք: Այս խոսնակներով ԱԱԾ-ն արդեն պետք է զբաղված լիներ: Նրանք «պաշտոնական դիրքի չարաշահում» հոդվածի տակ են: Այսինքն՝ հանցանք են գործում: Այսինքն՝ աղավաղում են լրատվությունը, այսինքն՝ Սահմանադրությամբ նախատեսվածն անում են իրենց համակրանքներով ու հակակրանքներով: Այս մարդիկ պետք է հեռու մնան լրատվությունից: Որովհետեւ հենց իրենցով են սնում կոռուպցիան լրատվամիջոցներում: Այսինքն՝ նրանք, ովքեր սեւ ցուցակում չեն, իրենց հետ են: Ահա թե ինչ են ակնարկում՝ եթե «Հրապարակը» սեւ ցուցակում է, ուրեմն, մեկ այլ լրատվամիջոց իրենց հետ է:

Եվ որտեղի՞ց են պեղում այսպիսիներին: Թվում է, թե նույն Հայաստանի մեջ են, թվում է, թե բարձրաստիճան չեն եւ շատ չեն օտարվել հասարակական անզորությունից: Բայց ֆոկուսն էլ հենց այդ է, որ այս մարդիկ զզվում են անզորներից, անիրավվածներից: Իրենք ուզում են հզոր երեւալ: Իրենց հզորությունը լրատվամիջոցների վրա է պատում: Այս մարդիկ աշխատավարձ են ստանում պետական բյուջեով, այսինքն՝ նաեւ լրատվամիջոցների մուծած հարկերով: Այս մարդիկ կոչված են հեշտացնելու իրենց գերատեսչության եւ լրատվամիջոցների կապը: Նրանք PR անողներ չեն, այլ առաջացած հարցերին պատասխան տվողներ:

Բայց ահա թե ինչն է նաեւ խնդիրը: Խոսնակների այս տեսակը հետեւողականորեն ձեւավորված տեսակ է: Դրանում ներգրաված է ամբողջ իշխանությունը: Խոսնակը մի մարդ է, որը զրպարտանքի համար պետք է ոչ թե վերաբերմունք ցույց տա, այլ օրենքին հղում անի: Որովհետեւ իր վերաբերմունքով լրագրողը կամ լրատվամիջոցը չի վերանա: Սադրանքը լրատվական մեթոդ է: Հատկապես Հայաստանի տիպի երկրներում, երբ պաշտոնյաների 90 տոկոսը անհասանելի է: Օրինակ, ու՞մ է պետք Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը: Կամ՝ ԱԱԾ խոսնակը, եթե, իհարկե, նա կա: Նույնիսկ վարչապետի մամուլի խոսնակի հաստիքը պետք է վերացվի: Դրանք հավելյալ բեռ են պետական բյուջեին:

Իշխանությունը մոտ 20 տարի քայլ առ քայլ հասավ նրան, որ դառնա զուգահեռ իրականություն, որպեսզի հասարակությունը չափազանց հեռու լինի իրենից: Եվ խոսնակները այս հեռավորությունը պետք է ապահովեին: Հայաստանում միայն մի պետական մարմին է մնացել, որտեղ լրատվամիջոցները դեռ այս կամ այն չափով կարողանում են մերձ լինել պետության ներկայացուցչին: Դա Ազգային ժողովն է: Բայց այդ կառույցի խոսնակը իր գիտակցական կյանքն է դրել այն բանի մեջ, որպեսզի պատգամավորի եւ լրագրողի շփումը սահմանափակի: Եվ այդ ուղղությամբ նրանից ավելի հետեւողական աշխատող մամուլի խոսնակ նույնիսկ ԱԱԾ խոսնակները չեն եղել:

Խոսնակների ինստիտուտը պետք է տակից-վրայից բարեփոխվի: Խոսնակը չի կարող հոդաբաշխ լրագրող չլինել: Նա իրեն վստահված պետական կառույցի մենեջերը չէ: Որովհետեւ եթե Բաբլոյան Արան ԱԺ կոռումպացված նախագահ է, ոչ մի խոսնակ չի կարող սրբագրել նրա կոռումպացվածությունը: Իսկ ֆեյսբուքյան հայտնի փակ խմբի խոսնակները պետք է ազատվեն աշխատանքից: Ավելին, նրանք պետք է օրենքով պատասխան տան պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Եվ լրատվամիջոցները պետք է հրապարակային ասեն, որ հրաժարվում են աշխատել այս մարդկանց հետ եւ իրենց իրավունք վերապահում ամեն գնով անհանգստացնել նրանց ղեկավարներին, քանի դեռ ավելի մարդկային դեմքով մամուլի խոսնակներ չեն հայտնվել իրենց աթոռներին: Բացատրություններ ստանալու կարիք չկա, թե ինչու է այս կամ այն լրատվամիջոցը հայտնվել նրանց սեւ ցուցակում: Նրանք պարզապես այդպես մտածելու սահմանադրական իրավունք չունեին, նույնիսկ եթե լրատվամիջոցն իսկապես սադրանքի գնալու մղում է ունեցել: Նրանց գործը սադրանքին ըստ պատշաճի արձագանքելն էր: