28.07.2017 11:01

Սերգո Տոնոյան. «Քաղաք-քաղաքականություն»

Սերգո Տոնոյան. «Քաղաք-քաղաքականություն»

1950-ական թվականներից, սոցիալիստական ճամբարի երկրները քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում սովետական մոնումենտալ կլասիցիզմից անցում կատարեցին դեպի տիպային, ֆունկցիոնալ կառուցապատում: Այսինքն, նախկինում, երբ թե՛ բնակելի, թե՛ հասարակական եւ այլ նշանակության կառույցների ներքին ու արտաքին լուծումները ոճական առումով բավական բազմազան էին (սովետական ավանգարդ, կոնստրուկտիվիզմ, մոնումենտալ կլասիցիզմ, ստալինյան ամպիր), ապա նոր ժամանակաշրջանում այդ ազատությունը սահմանափակվեց:

 Շենքերի շքեղ դեկորատիվ հարդարանքով արտաքին տեսքին եւ ընդարձակ ներքին լուծումներին փոխարինելու եկան չափով փոքր, ձեւով պարզունակ, բովանդակության առումով խիստ ֆունկցիոնալ լուծումներով կառույցներ: Դրանք զանգվածաբար տարածվեցին ամբողջ ԽՍՀՄ տարածքում (եւ ոչ միայն), եւ նպաստեցին, մի կողմից՝ գոյություն ունեցող բնակավայրերի մակերեսների ընդլայնմանը, մյուս կողմից՝ նոր ավանների, գյուղերի եւ քաղաքների ստեղծմանը: Բնականաբար, այս զարգացումներին անհաղորդ չմնաց նաեւ Հայաստանը:

 Ներկայիս Հայաստանի 49 քաղաքների մեծ մասը քաղաքի կարգավիճակ է ստացել հենց այդ տարիներին (1950-1960-ական թթ.) իրականացրած քաղաքաշինական միջոցառումների արդյունքում: Այդ ժամանակաշրջանում է նաեւ զգալիորեն ընդարձակվել Երեւանը: Նոր կառուցված Աջափնյակը, Նորքի զանգվածները, Հարավ-արեւմտյան թաղամասերը, հետագայում՝ Դավթաշենը եւ այլն, մի քանի անգամ մեծացրին քաղաքը, բնակչության շեմն էլ, իր հերթին, հասցնելով մեկ միլիոնի։

 Այսպես, քաղաքաշինական տեսանկյունից Երեւանում առկա կառուցապատման հիմնական շերտերին ավելացավ եւս մեկը: Պարսկական շրջանում Երեւանն ուներ անկանոն, կետային կառուցապատում, ցարական շրջանում՝ քաղաքի կենտրոնական մասի որոշ հատվածները կանոնակարգվեցին եւ ստացան գծային կառուցապատում, իսկ խորհրդային, նախապատերազմական կամ թամանյանական շրջանում հիմքը դրվեց պարագծային կառուցապատման, ինչը, սակայն, անավարտ մնաց: Եւ ահա այս անավարտության պայմաններում՝ Երեւանը, որ վերոնշած երեք շերտերով, որոշակի իմաստով արդեն ձեւավորել էր իր ինքնատիպ կերպարը, ենթարկվեց ձեւափոխության (ինչը, պետք է նշենք՝ համատարած բնույթ էր կրում ողջ սոցիալիստական բլոկի երկրներում):

 Առհասարակ, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ դրանից անմիջական կախում ունեցող մշակութային հարցերում, Խորհրդային միության պատմությունը կարելի է բաժանել երկու մասի՝ ստալինյան եւ հետստալինյան ժամանակաշրջանների: Առաջինը ներառում էր պետության կազմավորման ու զարգացման նախապատերազմական տասնամյակները եւ, պայմանավորված ունեցած հնարավորություններով եւ իր առաջ դրած նպատակներով, միանգամայն տարբերվում էր հաջորդ շրջանից: Չընկնելով քաղաքական իրադարձությունների մանրամասների մեջ, նշենք միայն, որ Ստալինի մահից հետո, տեղի ունեցած իշխանափոխության ավարտին՝ Խորհրդային միությունը, նոր քաղաքական ղեկավարության գլխավորությամբ, սոցիալիզմի կառուցման գործում դիմեց արմատական փոփոխությունների:

 Դատապարտելով անցյալի քաղաքական իդեոլոգիան, նոր ղեկավարությունը սահմանեց նոր կուսակցական գիծ, որը մեզ հետաքրքրող քաղաքաշինական հարցերում, ինչպես վերը նշվեց, վերջ դրեց ստալինյան ժամանակաշրջանի ճարտարապետության զարգացման փիլիսոփայությանը եւ սկզբնավորեց նորը:

 Չժխտելով հանդերձ հետպատերազմական սովետական մոդեռնիզմի դրական ազդեցությունը ոչ միայն արվեստի, մշակույթի զարգացման, այլ նաեւ շարքային քաղաքացիների կենսամակարդակի որոշակի փոփոխություն հարցում, այդուհանդերձ, փորձենք անդրադառնալ ֆունկցիոնալ, տիպային ճարտարապետության բացասական կողմերին՝ դիտարկելով դրանք այսօրվա քաղաքաշինական խնդիրների շրջանակում:

 Ինչպես հայտնի է, այսպես կոչված՝ «խրուշչովկաները» նախատեսված էին բավարարելու բնակֆոնդի բարձր պահանջարկը եւ ունեին շահագործման խիստ սահմանված ժամկետ: Անհրաժեշտ էր կառուցել բնակելի տներ որքան հնարավոր էր արագ եւ մատչելի միջոցներով: Նախկինում մեծ տարածում ունեցող կոմունալ բնակության պայմաններով շենքերը եւ այդ մշակույթն իրենց սպառած էին ճանաչվել, եւ հասարակության կենսագործունեության ապահովման նպատակով պետք էր ստեղծել բոլորովին նոր կենցաղ ու միջավայր: Գերազանցապես գյուղական միջավայրում բնակվող բնակչությանը պետք էր տեղափոխել մեծացող քաղաքներ, որտեղ անհրաժեշտ էին քաղաքային միջավայրի, ճարտարապետության համապատասխան փոփոխություններ:

 Երեւանն, ըստ էության, վաղ միջնադարից մինչեւ 19-րդ դարը գյուղ էր, եւ իր կառուցապատումն էլ, համապատասխանաբար, գյուղական էր: Բնակելի շերտը, օրինակ՝ պարսկական շրջանում, կազմում էին անկանոն, ցաքուցրիվ կառուցած տներն ու տնակները: Դրանք կամ աղյուսաշեն մեկ-երկու հարկանի կառույցներ էին, կամ գետնափոր հողաշեն տնակներ: Ցարական Ռուսաստանի ժամանակ սրանց ավելացան նույնօրինակ տներ, որոնք, ի տարբերություն նախորդների՝ քարաշեն էին, իսկ ճակատները մշակած էին տաշած, զարդաքանդակներով հագեցած քարերով: Երկու դեպքում էլ տներին կից կային այգիներ ու հողամասեր: «Քաղաքի» կենտրոնի բնակիչը, սոցիալական խավի պատկանելությունից անկախ, ապրում էր  իսկական գյուղական կենցաղով: Այս երեւույթը պահպանվեց բավական երկար ժամանակ եւ վերջնական հարված ստացավ հենց տիպային շենքերի ու թաղամասերի կազմավորման ժամանակ:

 Քաղաքի կերպարանափոխման ահա այս փուլում է սկիզբ առնում բակային տարածություններում բնակելի շենքերի կառուցման ավանդույթը: Եթե խորհրդային իշխանություններն իրենց պատճառներն ունեին քաղաքի կենտրոնը բարձրահարկ բնակելի շենքերով հագեցնելու՝ ստվերելով թամանյանական քարե ճարտարապետությունը, եւ բոլոր հնարավոր ազատ տարածքներում «կանգնեցնում» էին մեծամասամբ անդեմ կառույցներ, ապա ո՞րն է այսօրվա հայեցակարգը։ Մի՞թե անկախության երկուսուկես տասնամյակը բավարար չէ հասկանալու համար, որ սխալ է իներցիոն կերպով շարունակել կյանք տալ այն երեւույթներին, որոնք իրենց սնանկությունը վաղուց են ապացուցել։

 Դատեք ինքներդ։ Վերջին տասնամյակներում ինչպե՞ս է հայաստանյան հասարակությունը վարվել սովետական տիպային կառուցապատման հետ։ Օրինակ, մտե՛ք պանելային շենքերով պարփակված ցանկացած բակ՝ Մասիվում կամ Մալաթիայում, եւ կտեսնեք, թե ինչպես է երեւանցին վերադարձել իրեն ծանոթ եւ հարազատ «գյուղական միջավայր»։ Մեկը հաջողել է «սեփականացնել» որոշ բակային (ի դեպ՝ հանրային) տարածք, եւ նա այն վերածել է այգու կամ պարտեզի, մյուսը՝ արհեստանոցի: Առաջին հարկի բնակիչները, առհասարակ, գրավել են իրենց պատուհանների դիմացի տարածքն ու ցանկապատելով այն՝ նույնիսկ շքամուտքից այլեւս չեն օգտվում։

 Եթե խորհրդային տարիներին բնակելի շենքերի կառուցման գործն ուղղակիորեն կապված էր բնակչության աճի հետ, ապա՝ բացի ներդնողի շահույթ ստանալու նպատակից, ինչպե՞ս բացատրել բնակելի շենքերի այս քանակի կառուցումը մեր օրերում, երբ աճում է միայն արտագաղթը։ Հյուսիսային պողոտայի ամենախոցելի կողմը դրա բնակելի համալիր լինելն է։

 Պետությունն ու նրա հետ համագործակցող գործարար խավը պարտավոր են ականջալուր լինել հանրային պահանջներին եւ կառուցապատման իրենց ծրագրերը իրականացնելիս չառաջնորդվեն հնացած, խորհրդային մտածողության արդյունքում ձեւավորված սկզբունքներով։

 Ֆիրդուսու տարածքի շուրջը ծավալվող իրադարձությունները եւս մեկ առիթ են տալիս վերանայելու գոյություն ունեցող քաղաքաշինական հայեցակարգերը։ Ակնհայտ է, որ հյուրանոցների եւ բնակելի շենքերի պակաս Երեւանը չունի։ Համոզիչ չեն նաեւ հենց այդ տարածքում գործարար եւ վարչարական նշանակության կառույցներ ունենալու փաստարկները։ Իրականում խնդիրը նոր մտածողության բացակայության եւ հնին կառչած լինելու բացասական երեւույթն է, ինչի պատճառները, ելնելով վերոշարադրյալից, հիմնականում քաղաքական են։

(շարունակելի)