28.07.2017 20:58

Արսեն Գրիգորյան. Բոլոր դատապարտյալները քաղբանտարկյալ են

Արսեն Գրիգորյան. Բոլոր դատապարտյալները քաղբանտարկյալ են

Դասական իմաստով Հայաստանում դատապարտված հանցագործներ չկան: Բոլորը քաղբանտարկյալներ են: Քաղբանտարկյալ չեն միայն չձերբակալված հանցագործները, ասենք՝ մարտի 1-ի 10 զոհերին սպանողները:

Այս իմաստով Հայաստանում քրեական հանցագործներ չկան, եթե նրանք դատապարտվել են դատարանով, եւ կան, քանի դեռ նրանք դատարան չեն մտել: Սակայն նրանց էլ «հովանավորում» է անմեղության կանխավարկածը: «Սասնա ծռերի» տղաներն, ըստ մեղադրանքի, սպանել են երեք ոստիկանի, գրոհել պետական կառույցը: Բոլոր պարամետրերով նրանք քրեական հանցագործներ են գոնե ըստ մեղադրանքի: Բայց՝ ո՛չ Հայաստանում:

Կացնով կնոջ մորը սպանած եւ կնոջն ու աներոջը կացնահարած մարդը հանցագործ է: Այսինքն, հանցագործ է դատարանի վճռից անկախ: Որովհետեւ, եթե երիտասարդին չհայտնաբերեին, գոնե ինքը գիտի, չէ՞, որ մարդ է սպանել: Որովհետեւ, եթե իր արարքը դատապարտելի չէ, ինչու՞ դա չի անում ամեն օր: Սակայն իր՝ հանցագործի խղճին թողնված հանցանքի գիտակցումը պետության գործը չէ: Քանի որ այդ գիտակցումն այդպես էլ կարող է չգալ: Ուստի պետությունն սկսում է քննել եւ բացահայտել հանցագործին: Հենց բացահայտված հանցագործի հետ էլ գործ է ունենում ցանկացած պետության դատարանը: Սակայն Հայաստանում հենց բացահայտված հանցագործը մտնում է դատարան, մեխանիկորեն դառնում քաղբանտարկյալ:

Փաստ է, որ հանցանքն ապացույցների կարիք ունի, փաստ է, որ տեսադաշտում հայտնված հանցանքը «սիրում է» կառչել անմեղության մանրուքներից: Այսինքն, սկսում է կառուցել իր անմեղությունը, երբ արդեն հանցանքը փաստ է: Մարզպետի խորհրդականին սպանած կինը հանցագործ է, եթե բոլոր իրերը կոչվում են իրենց անուններով:

Հասկանու՞մ եք, քաղաքական ինչ համակարգ էլ ուզում ես ունեցիր, հանցանքը մնում է հանցանք: Սակայն քաղաքական ոչ բոլոր համակարգերում է, որ հանցանքի ապացույցը հանցանքի ապացույց է, նույնիսկ եթե բոլոր փաստերը ճշգրիտ են, ու կեղծված ոչինչ չկա: Որովհետեւ կոռումպացված եւ ավտորիտար համակարգերով, բռնապետականների մասին՝ էլ չասած, դատարաններն անկախ չեն: Իսկ եթե դատարաններն անկախ չեն, դատապարտվող մարդակերը դատարանում դառնում է քաղբանտարկյալ: Որովհետեւ, դիցուք, Մնացական Մնացականյանը կամ Արտուշ Գաբրիելյանը անկախ դատավորներ չեն: Հանցանքն է նրանց դարձնում դատավոր: Այսինքն, նրանց ձեռքն ընկած հանցանքը: Որովհետեւ այս մարդիկ սեփական մեղքի զգացում չունեն: Նրանք պետությունն ընկալում են որպես մի անքակտելի ու անբեկանելի մեղքի միջավայր, որում իրենք սպասարկուներ են: Ասենք, ինչ-որ մատուցող, որն իր քթից այն կողմ աշխարհը չի տեսնում: Իսկ չի տեսնում, որովհետեւ նրա քիթը հաշվառված է Բաղրամյան 26-ում (ո՛չ մատուցողի, այլ՝ դատավորի): Այնտեղից է կառավարվում դատավորի գլուխը:

Հայաստանում կա երկու տիպի հանցագործ՝ իր խղճի առաջ պատասխանատու մեղավորը եւ օրենքի առաջ չհայտնվածը: Օրենքի ձեռքն ընկած սերիական մարդասպանն անգամ քաղբանտարկյալ է: Որովհետեւ չի կարող կացինը լինել կացին, զոհը՝ զոհ, հանցագործը՝ հանցագործ, իսկ դատարանը դատարան չլինի: Որովհետեւ եթե դատարան չկա, այն իր հերթին ոգեկոչում է հաշվեհարդար: Եթե դատարան չկա, ինչ տարբերություն՝ սպանե՞լ է, թե՝ սիրել: Համենայնդեպս, մեկն անշահախնդրորեն պետք է տարբերակի դրանք: Մեր դատարաններին խորթ է անշահախնդրությունը: Հանցագործի դատապարտումը ենթադրում է արդարադատություն: Արդարադատությունն իրականացնում են դատարանները: Բայց դատարանը դատարան է, եթե անկախ է: Նա չի կարող անկախ լինել իսկապես հանցագործի արարքը քննելիս եւ կախյալ, ասենք, քաղաքական տողատակով, բայց քրեական մեղադրանքով ձերբակալվածին դատապարտելիս: Այլ խոսքով, կիսադատարանը դատարան չէ:

Հայաստանը պետք է զրոյից սկսի դատարանների ձեւավորումը: Կամ՝ պետք է ի վերջո ունենա լեգիտիմ իշխանություն: Հակառակ դեպքում, հանցագործն ինքը նույնպես կարող է ապավինել դատավորի կոռումպացվածությանը, որի կոռումպացված լինելու քարտ բլանշը իշխանության կամակատար լինելն է: Օրենքով կամ առանց օրենքի: Ինչն ի վերջո նույն բանն է: