01.08.2017 12:55

Լիզա Ճաղարյան. Ես սահմռկում եմ «կացնահարել», «մորթել» բառերից

Լիզա Ճաղարյան. Ես սահմռկում եմ «կացնահարել», «մորթել» բառերից

Ասում ես՝ սարսափելի բան է, երբ կինը կացնահարելով սպանում է քնած մարդուն։ Ասում ես՝ նույնքա՛ն սարսափելի է, երբ հայտնվում են մարդիկ, որոնք արդարացնում են կացնահարողին։

Գերակշռող արձագանքներն են՝ իսկ դուք ի՞նչ գիտեք, որ հենց ի՛նքն է սպանել, իսկ դուք առհասարակ տեղյա՞կ եք, թե կանայք ինչեր են քաշում բռնակալ տղամարդկանց ձեռքը։

Փորձում ես պարզաբանել, որ սարսափելի բան է առհասարա՛կ նման երեւույթն արդարացնելու փորձը։ Կրկնում ես, որ «կինը կացնահարել է քնած մարդուն» նախադասությունը կատարված հանցագործության նախնական վարկածի հաստատում չի նշանակում, որ դու նույնիսկ չես ընդգծել կնոջ կամ տղամարդու ինքնությունը՝ դրանով իսկ չոտնահարելով անմեղության կանխավարկածը, եւ որ քեզ անհանգստացնողը նման սահմռկեցնող երեւույթներին հասարակության մի հատվածի տարօրինակ արձագանքն է, որը շատ կարճ այսպես է հնչում. «Լա՛վ ա արել, դրանց հասնու՛մ ա»։

Ու սկսվում է երկարուձիգ պատմությունների շարանը կանանց դժոխային կյանքի մասին։ Իբր՝ տեղյակ չե՞ս, անհոգի մարդ, դե ուրեմն՝ տեղեկացիր ու «վայելիր»։

Տեղյակ եմ, լուսնից չեմ իջել։ Ապրում եմ ձեր կողքին արդեն երկար տարիներ, շփվում եմ մարդկանց հետ՝ անապատում աղոթքով չեմ զբաղված։ Վաղուց ի վեր գիտեմ, որ տղամարդիկ Հայաստանում արտոնյալ կարգավիճակ ունեն, որ դա «բարի, գեղեցիկ ավանդույթ» է, ավելին՝ շատ «հայեցի» է, եւ հավասար իրավունքներով, փոխադարձ հարգանքի ու սիրո, այսպես ասած՝ հովանու ներքո ապրող ընտանիքները երջանիկ բացառություն են մեր երկրում։ Գիտեմ նաեւ, որ այդ ամենի հիմքում ոչ միայն տղամարդու մեղքն է, նաեւ «հայեցի» կնոջ արժանապատվության զգացումի գրեթե բացակայությունն է։

Ավելին էլ գիտեմ։ Որ՝ միայն բիրտ ուժի դիմող տղամարդիկ չեն իրենց «ընտրյալությունը» թափահարում կանանց քթի առաջ, բարեկիրթ թվացողներից շատերն էլ են հաճախ հիշեցնում իրենց արտոնյալ կարգավիճակը, եւ սրանք բիրտ ուժի դիմողներից պակաս արատավոր ու նվազ վտանգավոր չեն։ Որովհետեւ՝ եթե բիրտ ուժի ենթարկվողները կարող են աղմուկ բարձրացնել, թե՝ հասեք, սպանում են, ապա «բարեկիրթների» կանայք անելանելի վիճակում են։ Նրանց դանդաղ եւ աննկատ են սպանում, նրանք եթե բողոքեն՝ թեւաթափ անող հարցերը պատրաստ դրված են սկուտեղին՝ խմու՞մ է (չէ), ծեծու՞մ է (չէ), սիրուհի՞ է պահում (չէ)... Բա էլ ի՞նչ ես ուզում, երջանիկ մարդ ես, ապրիր, էլի՛, ձայնդ կտրած։

Հայկական ընտանեկան երջանկության կացնային չափանիշներն են սրանք, այստեղ մարդու հոգին անելիք չունի, կարեւոր չէ՝ որ հոգիդ բզկտում են հետեւողականորեն, սառնասրտորեն ու ամենակարեւորը՝ այլոց աչքից հեռու, աննկատ։

Ու չեմ ուզում խորանալ, թե ոնց է պատահում, որ մարդ արարածի մտքով անցնում է վերցնել կացինն ու խփել իր նման քնած մարդ արարածի գլխին (կրկնում եմ դժվար հասկացողների համար՝ ասվածը չի նշանակում, որ հաստատում եմ նախնական վարկածը. անչափ ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ այդ կինն անմեղ է, կամ որ գոնե՝ սպանվածը քնած չի եղել)։

Եվ ցանկացա՛ծ հանցագործության դեպքում եթե պարզվում է, որ մարդասպանին (եթե հոգեկան հիվանդ չէ կամ կատարվածը կույր ու բնազդային ինքնապաշտպանություն չէ) մինչ այդ անասելի կտտանքների է ենթարկել սպանվածը, եթե պարզվի՝ սպանվածը Կապույտ Մորուք է, հրեշ է, սատանա է, սադիստ է, ապա սրանք ընդամենը պատիժը մեղմացնող հանգամանքներ են, եւ դատարանն էլ հենց դրա համար է, որ դրանք հաշվի առնի եւ, օրինակ, մարդասպանին քսան տարով ազատազրկելու փոխարեն՝ հինգ կամ տասը տարվա պատիժ սահմանի։

Բոլոր դեպքերում կատարվածը հանցագործություն է, բոլո՛ր դեպքերում՝ մեր դիմաց մարդասպան է կանգնած։

«Սպանիչ» հակադարձումն էլ անգիր գիտեմ՝ ուզում եք ասել, որ հավատու՞մ եք մեր դատարաններին։

Չէ, չեմ հավատում, շատ ավելի վաղուցվանից չեմ հավատում, քան ինձ պես մտածողներին տաք-տաք հակադարձողները։

Ի՞նչ եք առաջարկում։

Թուրութվանքն առնենք ու սկսենք կոտորե՞լ իրար։ Ինչն էլ, ի դեպ, այսօրվա Հայաստանում ծլում-ծաղկում է։

Իսկ եթե, օրինակ, ես այդքան «քաջ» չե՞մ, որ մարդ սպանեմ։ Իսկ եթե բոլո՛ր իրավիճակներում ես դեմ եմ մարդասպանությանը, ինքնադատաստանին, հաշվեհարդարին, վրեժխնդրությանը։ Իսկ եթե ես «կացնահարել», «մորթել» բառերից փշաքաղվում եմ՝ ի՞նչ անեմ, գուցե հուշե՞ք։

Գուցե հուշե՞ք, թե ինչ անեն ինձ նման մտածողները։ Թշնամու գլխին թափված աղետից չհրճվողները, հակառակորդի երեխայի սպանությունը չողջունողները, «միայն զենքով կա հային փրկություն» չերգողները։

Այսպես չի լինում, հարգելիներս։

Կամ՝ քաղաքակիրթ ազգ ենք, որն ապրում է մի երկրում, որտեղ մահապատիժն օրենքով արգելված է, իսկ մենք էլ՝ մեր զգացմունքները, մեր հերսոտածությունը, մեր իսկ ձեռքերով մեր անզորության դատավճիռը կայացրածներս, կամ օրինապաշտ ենք, կամ էլ՝ քոլոզն ու չադրան քաշենք գլխներիս, դուրս գանք փողոց, ու ով խանգարում է մեզ հանգիստ ապրել՝ տանք սպանենք։

Հետո՞։

Դրանից հետո նաեւ պետք է ապրենք, չէ՞։ Չսպանված սպանողներս։

Դուք դա ո՞նց եք պատկերացնում։

Ես ո՛չ միայն չեմ պատկերացնում, չե՛մ էլ ուզում պատկերացնել։