02.08.2017 11:51

Արսեն Գրիգորյան. Արմագեդոնի սինդրոմ

Արսեն Գրիգորյան. Արմագեդոնի սինդրոմ

Հայաստանում սպանությունները չեն ավելացել, ավելացել է անպատժելիության զգացումը: Մանր հանցանքները կարծես հարգի չեն: Բանտարկյալների մեծ մասը եղունգներն է կրծում այն մտքից, թե ինչ է կատարվում դրսում՝ ինչո՞վ են իրենք վատը ազատություն վայելող հանցագործներից: Հայաստանը Սիցիլիա չէ եւ ոչ էլ Պաբլո Էսկոբարի Կոլումբիան:

            Հայաստանում իշխանության աչքը հանող մեկ «հանցանք» կա, որից «ճառագող» պատիժն անխուսափելի է՝ իշխանության ձգտումը: Մնացած բոլոր հանցագործությունները, մի տեսակ՝ անպատժելիությամբ լիցենզավորված մեղքեր են: «Ինչու՞ պետք է չսպանեն»,-հարցնում է դեռեւս արյան մեջ չթաթախվածը: Ի վերջո, ի՞նչը սպանություն չէ մեր վաղուց, պոետի բառերով ասած, արնաներկ հայրենիքում: Իշխանության ձեռքերն զբաղված են գրաված աթոռը պահելով, նա չի կարող նշանակություն տալ արյան ծարավ մարդկանց: Ոչ ոք որեւէ հարցի պատասխանը չունի, ոչ ոք չի հասկանում, թե ինչին ապավինի իր հայրենիքում: Վարչապետը քնած տեղից վեր թռածի նման հայտարարում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է:

            Հայաստանը դեռ պետք է սովորի այս վիճակին՝ առերեւույթ պետության բոլոր անհարմարություններին: Ցավն այն է, սակայն, որ սովորելով ոչինչ չի փոխվի: Դրանից հետո կարիք կլինի, որ նա սովորի ավելի վատ վիճակին, չէ՞ որ ամեն ինչ միայն վատանալու է: Shamshyan.com-ն արդեն Հայաստանի բնակչությանը մի քանի անգամ գերազանցող բաժանորդների ռեկորդ է գրանցել: Այսինքն, Հայաստանը սուր զգացումների սիրահարների համացանցային տիրույթն է, եւ, ամենակարեւորը՝ գիտեն, որ կայքով հագեցնեն էդ ծարավը: Սա մի վիճակ է, երբ պատասխան տվողների մասին մտածելը նույնքան ծիծաղելի է, որքան պատասխան պահանջելը: Հայաստանը մի երկիր է, որին քաղաքացիությունը չի սազում՝ չափազանց շատ են արտաքաղաքացիական երազանքները մեկ առանձին մարդու մեջ: Ասենք՝ փախուստը դեպի Ռուսաստան կամ Ամերիկա:

            Հայաստանում ագրեսիան չի ավելացել, ավելացել է անպատասխանատվությունը: Մարդն ապրում է ճահճի մեջ, քաղաքապետարանն ասում է՝ դա իմ գործը չէ, ու մարդը տեսախցիկի առաջ հայտարարում է՝ ես հավատում եմ Տարոն Մարգարյանին, ինքը մեզ էս ճահճից կհանի: Ու ինքն իրեն հաշիվ չի տալիս, որ էդ անելանելիությունը նաեւ իր հարեւանինն է, որը, լսելով քաղաքապետարանի արձագանքը, հասկանում է, որ եղածը բանականությամբ մարսելու բան չէ: Կես տարի հետո իրեն հաշիվ չի տալիս, երբ կնոջ թթու խոսքին պատասխանում է դանակի մի քանի հարվածով: Դե արի ճահճի, Տարոն Մարգարյանի ու էդ սպանության կապը գտիր: Հանցագործ լինելն այստեղ մեծ շռայլություն է, մեր հանցանքներն ավելի մեծ երկրներին «կսազեին»: Որովհետեւ նրանց դիմադրողականության խաղադրույքը գոյություն ունենալու վրա չէ, էսօր-էգուցի վրա չէ:

Պետությունն այդ երկրներում հանցանքների «պաշտոնական հովանավորը» չէ: Սահմանադրությունը, արդար դատական համակարգը, իշխանափոխությունը այդ երկրներում հենց պետության ապահովագրական օրգաններն են ինքնախեղումից: Այստեղ քիչ է մնում Սահմանադրության վրա երդվեն, որ ծնվել են ու պատրաստ են խեղել Հայաստանի Հանրապետությունը: Հոգեբանության մեջ Հայաստանի իրականությունը կոչվում է Արմագեդոնի սինդրոմ: Դա վերջին օրվա զգացողությամբ ապրողի սինդրոմն է, երբ քեզ թույլ ես տալիս ամեն ինչ, երբ գլխավոր խնդիրդ ջրի երեսին մնալն է, երբ հարազատներ ու հայրենակիցներ չկան, երբ մարդը մարդուն գայլ է: Սա կոչվում է նաեւ՝ նախաքաղաքակրթական սինդրոմ: Այս սինդրոմները կարող են կառավարվել իշխանության միջոցով, որպեսզի հասարակության վրա հսկողությունը դարձնեն տոտալ, «հանուն ժողովրդի» դեմագոգիկ լոզունգի ներքո: