03.08.2017 16:48

Մեղրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին որոշում է կայացվել

Մեղրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին որոշում է կայացվել

Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ: Ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի  կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման Իրանի հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել ՀՀ-ում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

Կառավարությունը հույս ունի, որ Սյունիքի մարզի տարածքում ԱՏԳ մեկնարկը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը եւ այլն: ԱՏԳ կառուցման առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։