04.08.2017 12:21

Արսեն Գրիգորյան. Մեր Մակեդոնացին

Արսեն Գրիգորյան. Մեր Մակեդոնացին

Հայաստանն ինձ սարսափեցնում է որպես պատմության ապագա դասագիրք: Շատ է սարսափեցնում:

            Բացում ես այն ու տեղեկանում, որ 2017-ին ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ ինչ-որ Միհրան Հակոբյան Մոսկվային առաջարկում է խանդով չվերաբերվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին: Պատմության ապագա քննիչը ինտերնետով փորձելու է հասկանալ, թե ինչպես է Մոսկվան արձագանքել այս գրեթե մակեդոնական նախազգուշացմանը: Որոնողական համակարգում գրում է Պուտինի արձագանքը Միհրան Հակոբյանին: Ոչ մի տող: Հետո գրում է՝ Մարկելով: Ոչ մի տող: Հետո՝ Արթուր Չիլինգարով:

            Պատմության ապագա քննիչը ձեռքն է վերցնում քարտեզը եւ փորձում հասկանալ, թե Մոսկվան ինչու՞ պիտի խանդով վերաբերվի: Աշխարհագրության տեսանկյունից քննիչի շփոթմունքն ավելանում է, բայց նա իր աչքի առաջ ունի Իսրայելը: Հայաստանի չափ էլ չկա, բայց Ջորջ Բուշի սեղանի գիրքն էր հրեա գրող Նաթան Շարանսկու քաղաքագիտական վերլուծությունների բրոշյուրը: Նրան ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն է ընդունել Սպիտակ տանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում: Պատմության ապագա քննիչի շփոթմունքը խորանում է՝ եթե Շարանսկի չես, ուրեմն Աստված ես, որովհետեւ դեռեւս հայտնի չէ մեկ դեպք, գոնե բամբասանքի կամ ֆանտաստիկայի ժանրից, որ Կրեմլում կամ Օվալաձեւ կաբինետում ընդունած լինեն Աստծուն: Ինքը չկա, բայց իր խոսքը՝ Սուրբ գիրքը հո կա՞: Էդ գրքում Աստված հո բազմաթիվ զգուշացնումնե՞ր է անում հրեաներին: Երբեմն անցնում է սպառնալիքների՞: Ավելի հաճախ նույնիսկ կոտորածներ է սարքում: Որովհետեւ Աստծո խոսքը խոսք է: Կա ինքը, թե՝ չկա, ասելիքն ասված է: Խոսքի հետ պետք է հաշվի նստել:

            Պատմության ապագա քննիչը այլ ելք չունի՝ Հայաստանի ծավալները չեն խոսում Մոսկվայում խանդի զգացումների հնարավորության մասին: Իսկ խոսքը հզոր բան է՝ եթե մարդն ասել է, որ Մոսկվան չպետք է խանդի Հայաստանին, ուրեմն խանդելու առիթ կա: Այսինքն՝ ո՞նց: Մոսկվան սիրում է Հայաստանին, իսկ Հայաստանը սիրաբանվում է ՆԱՏՕ-ի հե՞տ: Լուրջ է: Եթե սիրում է, ուրեմն կխանդի էլ: Կրկին թերթում ենք պատմության դասագրքերը: Այս անգամ՝ Ռուսաստանի: Այսինքն, մենք չենք թերթում, այլ՝ պատմության ապագա քննիչը: Եվ ի՞նչ: Նա տեսնում է, որ ճիշտ այն պահին, երբ աներեւույթ Միհրան Հակոբյանը խոսում է Հայաստանի հանդեպ խանդից, Մոսկվան ինքն է սիրաբանվում Հայաստանի հակառակորդի՝ Ադրբեջանի հետ եւ նույնիսկ 5 միլիարդի զենք վաճառում նրան: Պատմության ապագա քննիչը պեղել չի հասցնում, այլ համացանցում ընդամենը առաջին իսկ որոնողական ջանքով գտնում է Ալիեւի եւ Պուտինի միմյանց ուղղված լիաթոք եւ սրտառուչ ժպիտով բազմաթիվ լուսանկարներ, իսկ Միհրան Հակոբյանի Խոսքի հետքն էլ չկա այդ ժամանակների մեջ:

            Քննիչը խելագարության եզրին է՝ այսինքն, ո՞նց, Հայաստանը կերպարնե՞ր է հորինում: Գուցե այդ Միհրան Հակոբյանը զուտ տեղական նշանակության աստված է առաջին քրիստոնեական պետության մեջ, եւ անիմա՞ստ է նրա գոյության ապացույցները փնտրել Երկիր մոլորակի վրա: Դրա ապացույցն էլ չի գտնի պատմության ապագա քննիչը, որն արդեն Ֆեյսբուքի իր էջում ծաղրում է իր իսկ սովորած համաշխարհային պատմագիտությունը, որը գուցե դավադրաբար աչքաթող է արել հայկական Մակեդոնացու զգուշացումները Ռուսաստանին եւ պահպանել է միայն պատմության ռուսական տեսանկյունը, որտեղ մեր Մակեդոնացին չկա:

            Եվ այդպես էլ պատմության ապագա քննիչը գլխի չի ընկնի, որ պատմության տեսանկյունից Հայաստանում միակ իրականը հենց Հայաստանն է եղել, որին նույնիսկ գոյության տարիներին էր դժվար գտնել քարտեզի վրա, բայց որի հողը մեծահոգաբար կրել է հայ մարդկանց, որոնք որեւէ փորձության աչքերի մեջ չեն նայել, որոնք այդպես էլ ձեռքներից չիջեցրին խորովածի շամփուրը հատկապես պետական կարեւորության խնդիրների բախվելիս, եւ որոնք չորրորդական կարգի մի սպառնալիքի բախվելիս առաջինը մտածում էին, թե ինչպես մատաղ անել Հայրենիքը, որը, համենայնդեպս, աքլոր չէր: Պատմության ապագա քննիչն այդպես էլ չի իմանա, որ այդ նույն ժամանակ հայ ամուսիններն արդեն կացնահարում էին իրենց կանանց՝ նրանց աչքերի մեջ նայելով, իսկ հայ կանայք կացնահարելու համար սպասում էին, որ ամուսինները քնեն: