07.08.2017 12:35

«Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

«Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում:

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն՝ Orietta Trevisanato Zampieri-ի՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ներկայացումը և ցուցադրություններն Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։ Ինչպես նաևնախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ`«Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։

«Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում, միջազգային հարթակներում նպաստենք դրա հեղինակության բարձրացմանը: Ես դա փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վեր հանելով համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝ ներառյալ ղարաբաղյան խնդիրը։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում, Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում այդ ուղղությամբ կատարվող մեր ջանքերի շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի զարգացման և մեր համընդհանուր նպատակների իրագործման՝ մենք միշտ բաց ենք առաջարկությունների և համագործակցությունների համար: Այդ ճանապարհին կարևորում եմ ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը, այլ նաև՝ պետական աջակցող և երբեմն համակարգող ձեռքի առկայությունը, ինչը միջազգային շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության համար՝ հատկապես ազգային ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- ասել է Ջիվան Ավետիսյանը։

Սեպտեմբերի 5-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում, որի ժամանակ, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։

Հատկանշական է այն, որ Իտալիայում՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններն իրականացվում են Վենետոյի (վարչական կենտրոնը` Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ։

----

Տեղեկանք

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ Այն ցուցադրվել է 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացել է հունիսի 25-ին։

«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային: