08.08.2017 12:37

ՊՆ. հայկական զինված ուժերը երեկ եւ անցած գիշեր որեւէ զինատեսակից կրակ չեն բացել

ՊՆ. հայկական զինված ուժերը երեկ եւ անցած գիշեր որեւէ զինատեսակից կրակ չեն բացել

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ «երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա»։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է վերը նշված տեղեկությունը եւ հայտարարում, որ երեկ երեկոյան եւ անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որեւէ զինատեսակից կրակ չեն բացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք եւ որեւէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, ուր պարզ երեւում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են եւ որեւէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաեւ նախազգուշացնում, որ որեւիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների»։