08.08.2017 16:04

Առաքել Թավրիզյան. Մեկ անհայտով հավասարում

Առաքել Թավրիզյան. Մեկ անհայտով հավասարում

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների թեման քննարկվում է երկու տիրույթում: Որոշ մեկնաբաններ կարծում են, որ դա Հայաստանի համար տնտեսության եւ անվտանգության դիվերսիֆիկացման հնարավորություն է, մյուսներն, ընդհակառակը, համարում են, որ եթե Ռուսաստանի վիճակը բարդանա, ապա մեզ համար ավելի վատ կլինի: Հայաստանի եւ նրա կարգի մյուս երկրները չունեն ռուս-ամերիկյան հարաբերություններին ներազդելու որեւէ միջոց: Նրանք ընդամենը կարող են ունենալ վատի եւ վատթարի միջեւ ընտրության հնարավորություն: Բայց եթե մյուսների դեպքում մանեւրի դաշտը մեծ է, ապա Հայաստանը, չորս հարեւաններից երկուսի հետ ունենալով փակ սահման, իրոք կարող է կորուստներ կրել: Այստեղ խոսքը միայն տնտեսության մասին չէ: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, եւ եթե նրանց միջեւ տարաձայնությունները խորանան, ապա վտանգվելու է կարգավորման գործընթացը, որն առանց այդ էլ վերջին մի քանի տարիներին առանձնակի աշխուժություն չի ունեցել: Ոմանք փորձում են տպավորություն ստեղծել, որ Ղարաբաղի ստատուս-քվոն Արեւմուտքի կողմից ընդունվում եւ նույնիսկ պաշտպանվում է:

Այս տեսակետը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Հայտնի է, որ Արեւմուտքը միշտ էլ կարեւորել է Կասպյան էներգակիրների գործոնը , իսկ ԱՄՆ-ը բոլորովին վերջերս աջակցություն հայտնեց Ադրբեջանի նախաձեռնած «Հարավային գազային միջանցք» նախագծին: Նման նախագծերը պարտադիր ունենում են քաղաքական ենթատեքստ: Այս դեպքում դա Եվրոպայում «Գազպրոմին» այլընտրանք ունենալն է: Տվյալ հարցը քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջ բանավեճերում, եւ ամերիկյան օրենսդիրներն այնպիսի ձեւակերպումներ են արել, որ ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրի շահագործման մեջ ընդգրկված ռուսական «Լուկօյլ» ընկերության վրա արգելքները չեն տարածվում: Դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը շահագրգռված է «Հարավային գազային միջանցքի» գործարկմամբ, իսկ դրանից, իր հերթին, հետեւում է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության մեջ չի կարող անտեսել Ղարաբաղի հարցը: Այսպիսով՝ պարզ է դառնում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը կարող է բերել ԱՄՆ-Ադրբեջան նոր երկխոսության, ինչը միաժամանակ բարդացնելու է ռուս-ադրբեջանական կապերը:

Թվում է, թե դրանով Հայաստանի համար բացվում է մանեւրի ասպարեզ: Բայց չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ Ադրբեջանն էլ ստանում է ուժային երկու կենտրոնների միջեւ ամենահարմար տարբերակ ընտրելու հնարավորություն: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի նշանակությունը բարձրանում է, եւ Բաքուն փորձելու է առավելագույն օգուտ քաղել` այդպես էլ չկատարելով վերջնական ընտրություն: Նման բարդ պայմաններում խոսել Հայաստանի անվտանգության համակարգը դիվերսիֆիկացնելու մասին, նշանակում է անտեսել մարտահրավերները եւ վտանգել Ղարաբաղի ապագան: Չի կարելի թերագնահատել հակառակորդի դիվանագիտական եւ մյուս հնարավորությունները: Ռուսական ազդեցությունը եւ ռազմական ներկայությունը իրողություն են, արեւմտյան երաշխիքները` միայն որոշակի շրջանակներից գեներացվող տեսլական: Մանավանդ որ դժվար է ասել, թե ինչ հետեւանքներ են ունենալու նոր պատժամիջոցները:

Ավելի հավանական է, որ զուգահեռաբար Ռուսաստանը մեծացնելու է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, կամ էլ կողմերն ի վերջո հանգելու են մեծ պայմանավորվածության: Ամեն դեպքում Ռուսաստանը միջուկային տերություն է: Արդյունքում ունենում ենք մեկ անհայտով պարզ հավասարում, որի լուծումը շատ ջանքեր չի պահանջում. Հայաստանի համար ցանկացած կտրուկ շարժում, որն ուղղված կլինի անվտանգության դիվերսիֆիկացմանը, հղի է Ղարաբաղի կարգավորման գործընթացի կոնցեպցիայի խաթարման վտանգով: Հայաստանի հնարավորությունը մեկն է` պահպանել Ղարաբաղի հարցի լուծման ներկայիս փաթեթը, հավատարիմ մնալ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման հանձնառությանը, հնարավորինս չեզոքություն դրսեւորել եւ գերակա ունենալ երկիրը ցնցումներից հեռու պահելու նպատակը: