08.08.2017 21:09

Արսեն Գրիգորյան. Ընտանեկան հրեշի հետքերով

Արսեն Գրիգորյան. Ընտանեկան հրեշի հետքերով

Ընտանեկան բռնությունը ադաթ չէ: Պետք է աչքեր ունենաս՝ դրա թիկունքում տեսնելու միմյանց օտար մարդկանց այլեւս իրար հանդուրժել չկարողանալը: Դա բնորոշ է ոչ միայն ամուսիններին, միմյանց ատում են նաեւ հայրերն ու որդիները, մայրերն ու դուստրերը:

Բռնությունը ծնվում է հարաբերությունից: Որովհետեւ հարաբերությունն ի վերջո հանգեցնում է իշխելու ծարավի: Եթե դա ինտելեկտուալ իշխանություն չէ, որը բռնության այլ ձեւ է, վերածվելու է բռունցքների իշխանության: Իսկ ովքե՞ր են ամենաշատ հարաբերվողները՝ հարազատ մարդիկ: Որոնք մի օր պարզում են, որ այլեւս չեն հասկանում միմյանց: Շամիրամ գյուղում Քալաշյանի կրակահերթի թիկունքում նույնպես հարազատություն կա: Որն ի վերջո դարձել է խաբվածի հակազդեցություն: Ամուսինների ատելությունից էլ առաջացել է ընտանեկան բռնությունը: Նրանք հարազատներ չեն, բայց այդպիսին լինելու հայտ են ներկայացնում: Կյանքը նրանց սկուտեղի վրա է մատուցում միմյանց ընկալել չկարողանալու ամեն առիթը: Ընտանիքը ընկալման եզր գտնելն է: Բայց դա ջանք է պահանջում: Եվ մարդիկ առանց մեծ ջանքի սահուն տրվում են դիմացինից իրավացի լինելու համոզմունքին: Ամեն առիթով մտածում են, որ ճիշտն իրենք են, որ մյուսն էդքան խելք չունի ճիշտ լինելու, իսկ եթե իրենն է պնդում, գլուխը պետք է ջարդել: Երբ հարազատությունը խաղի կանոններ չի թելադրում, մարդիկ դառնում են օտար, որում խաղի կանոններ չկան: Ու սկսվում է:

Վերցնենք ամուսիններին: Մարդիկ ընտանիք են կազմել եւ, դիցուք, 10 տարի հետո այլեւս միմյանց երեսին նայել չեն կարողանում: Իսկ ի՞նչ է կրում այդ 10 տարին: Խնդիրներ, որոնք միշտ նույնն են՝ անուշադրություն, փողի պակաս, սոված երեխաներ, «դու տղամարդ չես», «ձենդ կտրի, հիստերիկ» եւ այլն: Այս ամենից հետո հաստատ անկողին չես վազի հարթելու արդեն սահմանված արատները: Դու «խաղաղորեն» մտնում ես օտարվելու դաշտ: Եվ դա քեզ ափերից հանում է, որովհետեւ քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ կինդ հաստատ ինքն իրեն ճիշտ է  համարում եւ չի նահանջում ոչ մի միլիմետր: Այդպիսի կնոջը պետք է տեղը դնել: Իսկ եթե դու մարդուն ուզում ես տեղը դնել, դա հաստատ սիրուց չես անում: Միմյանց դժվար են հասկանում նույնիսկ հարուստ զույգերը: Այդ պահից յուրաքանչյուրը մտածում է ընտանեկան կյանքի վայրիվերումները իշխանությամբ զսպելու մասին: Ոչ ամուսինը, ոչ կինը մտադիր չեն զիջել:

Ընտանեկան բռնությունը իմ իրավացիությունը դիմացինի վզին փաթաթելու հիվանդությունն է: Դա հարաբերությունների բացառումն է: Տղամարդը դա անում է բռունցքներով, կինը՝ երեխաներով: Այսինքն, կհեռանամ, «էրեխեքի երեսն էլ չես տեսնի»: Սա՝ դեռ մեղմ ասած: Կանայք կան, որոնք թեման փակում են կացնով: Սպանությունն ընտանեկան բռնություն չէ, որովհետեւ ինքը ամփոփում է ամբողջ ճգնաժամը: Կինն սպանում է, երբ հասկանում է, որ «էրեխեքի երեսն էլ չես տեսնի» տարբերակը հրեշից ազատվելու ճանապարհ չէ: Նա սպանում է, երբ ուզում է տեսակ ոչնչացնել, ինքը ոչնչացնում է նաեւ երեխաների «անունից»: Հայաստանի գյուղերում ամուսինը ծեծում է, երբ իրեն թվում է, թե կինը բավարար չի հասկանում՝ առանց իրեն հաշիվ տալու, որ այս ամբողջ զրույցն ինքը սկսել է հենց կնոջը ծեծելու մղումով: Ձեռքերը քոր են գալիս, ինքը պետք է ցույց տա իրեն: Եթե կինը հրեշտակ չէ, նրան պետք է նվաստացնել ու ոչնչացնել: Ահա ամուսնու հակազդեցությունը իր բացահայտած անիրավության նկատմամբ: Իրավացի լինելու հիվանդությունն է «ոգեւորում» բռունցքները:

Այո, կանայք սովորաբար պակաս հակված են բռնության, նրանք այսպես թե այնպես թույլ արարածներ են հենց այն պատճառով, որ վեճի մեջ հաստատ հարցն ի սկզբանե բռունցքներով լուծելու մասին չեն մտածում: Ի՞նչ է նշանակում բռունցքներով ինքնահաստատվող տղամարդ: Չկա նման բան: Վեճի մեջ յուրաքանչյուրը հասունացնում է իր սարսափների հրեշին: Կինը կացնով սպանել է քնած ամուսնուն: Վերջ, ոչ մի երկխոսություն, որովհետեւ հրեշի հետ չեն երկխոսում: Այդպես է մտածում նաեւ ամուսինը, երբ սպանում է կնոջը: Առանց հրեշին հասունացնելու, առաջին իսկ մղումով չես սպանի: Կան կանայք, որոնք ինքնասպանությամբ են հարցը «լուծում»: Դրանք սովորաբար սերը տանուլ տվածներն են: Նրանք շատ են սիրել ու հանկարծ հասկանում են, որ ամուսնու սխալից բացակայում է սերը: Սա արդեն ուղղել հնարավոր չէ, ինքն իր սիրով չի կարող դարձի բերել ամուսնուն: Այդպիսի կանայք իրենց մեջ չեն կարող հասունացնել հրեշին: Եվ հեռանալ էլ չեն կարող: Ու՞ր գնան: Մի ամբողջ հասարակություն հանկարծ ու կբռնի եւ այդ կնոջը կանվանի  «դուրս ընկածի մեկը»: Արի ու համոզիր, որ էդ մարդու հետ ոչ մի կերպ հնարավոր չէ, «ինքն ինձ չի սիրում»:

Այսինքն, սպանություններ կան, որոնք մենք՝ ադաթի մեռածներս ենք հունցում, նրանք ընդամենը սպանվում են: Ազատության ընկալումի կամ հնարավորության բացակայությունն ինքնին կազմակերպում է բանտ, սահուն բանտ, որն այնքան մեթոդաբանորեն է ձեւավորվում, որ միայն վերջում ես քեզ հայտնաբերում նրա մեջ: Էդ բանտը ընտանիքը չի սարքում: Էդ բանտը նա ժառանգում է մեզանից՝ սկզբից առանց պատերի, հետո՝ պատերով: Բռունցքներով ինքնահաստատվող տղամարդու բռունցքները մենք ենք, որովհետեւ բռունցքներից բացի կնոջ հիստերիկայի կամ ոչ իրավացիության դեմ այլ բան չենք առաջարկել: Ծեծելը հեշտ է, կարճ ճանապարհ է թեման փակելու: Բայց դա հիմարի արարք է, որովհետեւ ծեծը բացառում է վաղը: Եթե ծեծում ես, բարի եղիր մեռնել, որովհետեւ քո թուլությունը կամ իրավացի լինելու համոզմունքը բացառում են քո վաղը: Ավելին, եթե ծեծը դարձավ սովորություն, դու արդեն կնոջ կամ հարազատի մեջ կպահանջես ստրուկին: Ծեծեցիր, բարի եղիր պատասխան տալ լքվելով՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եվ պատրաստ եղիր պատասխանատվության նաեւ օրենքի ճանապարհով, եթե, իհարկե, ազատությունը կնոջը կհուշի, որ ֆիզիկական եւ հոգեւոր վերքերը կին լինելուն ուղեկցող անհրաժեշտություն չեն:

Ընտանեկան բռնությունը երբեք մեկի սխալը չէ, եթե կինը հանդուրժում է, դա իր սխալն է: Եթե ամուսինն է հանդուրժում կնոջ՝ իրեն նվաստացնելու գրեթե կրքոտ հարձակումները, դա ամուսնու սխալն է: Ոչ մի ընտանիքում բռնությունը չի վերլուծվում, այլ վերլուծվում է, թե կինն իրեն ո՞նց պահի, որ ամուսինը չծեծի, կամ ամուսինն ինչպե՞ս պահի իրեն, որ կնոջ լաչառությունից հեռու մնա: Ի՞նչ է կացինը՝ ժամանակին չկանգնեցված բռնության ազատ անկում: Կացինն աճում է մարդու մեջ: Որովհետեւ ինքն իր միջից է ստեղծել այն, երկնքից չեն տվել: Եթե ոչինչ չի վերլուծվում, կացինը ամեն ինչ դնում է «իր» տեղը: