08.08.2017 22:29

34-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսնուն ստորագրությամբ ազատ են արձակել

Երեւանում 34-ամյա կնոջ մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 1-ին մասով՝  խոշտանգում: Կնոջը մահվան հասցրած տղամարդու նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախնական տվյալներով, կնոջ  մահվան պատճառը եղել է սուր սրտային անբավարարությունը: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ամուսինը նախկինում նրան պարբերաաբար բռնության է ենթարկել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: