09.08.2017 12:46

ԿԺԴՀ-ն սպառնացել է հրթիռային հարված հասցնել Գուամում ԱՄՆ-ի բազաներին

ԿԺԴՀ-ն սպառնացել է հրթիռային հարված հասցնել Գուամում ԱՄՆ-ի բազաներին

Հյուսիսային Կորեան դիտարկում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Գուամ կղզում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը: Այդ կերպ ԿԺԴՀ-ն պատասխանում է Դոնալդ Թրամփին, որը հյուսիսկորեացիների գլխին խոստացել է «հուր և ցասում» թափել, եթե Փհենյանի գործողությունները սպառնան Ամերիկային:

ԿԺԴՀ զինվորականները «մանրակրկիտ ուսումնասիրում են» միջին հեռահարության «Հվասոն-12» հրթիռի կիրառմամբ հարձակում գործելու պլանը, ասվում է հյուսիսկորեացի զինվորականների հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Հայտարարության մեջ, հղում անելով կորեական բանակի մի ներկայացուցչի, ասվում է, որ «պլանը գործի կդրվի, հենց որ առաջնորդ Կիմ Չեն Ինը որոշում կայացնի»:

Գուամ կղզում տեղակայված են ամերիկյան Անդերսոն ավիաբազան և Ափրա-Հարբոր ռազմածովային բազան:

Փոխանցում է BBC-ն: