09.08.2017 13:01

Չինաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր

Չինաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր

Կենտրոնական Չինաստանի Սիչուան նահանգում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ, 60-ից ավելին վիրավորվել է:

France-Presse-ի հաղորդման համաձայն՝ ՉԺՀ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հարցերով ազգային հանձնաժողովը նախազգուշացնում է, որ, հնարավոր է՝ երկրաշարժի զոհերի թիվն անցնի 100-ից, ավերված տների թիվը՝  ավելի քան 130 հազար:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցնցումները տեղի են ունեցել ավելի քան 7 մլն բնակչություն ունեցող Չենդու քաղաքից 280 կմ դեպի հյուսիս, երկրաշարժի օջախը եղել է 9 կմ խորության վրա:

Associated Press գործակալությունը, հղում անելով տեղացի մի պաշտոնյայի, տեղեկացնում է, որ հինգ զոհերը, որոնց մահը հաստատվել է, եղել են զբոսաշրջիկներ:

Սիչուանը Չինաստանում ամենախիտ բնակեցված նահանգներից է: Այնտեղ բնակվում է ավելի քան 80 մլն մարդ:

Փոխանցում է BBC-ն: