09.08.2017 16:25

Հայաստանում կկառուցվի նոր մեծ չինական դեսպանատուն

Հայաստանում կկառուցվի նոր մեծ չինական դեսպանատուն

Հայաստանում կկառուցվի Եվրասիական տարածաշրջանում մեծությամբ երկրորդ չինական դեսպանատունը՝ Ռուսաստանից հետո, տեղեկացնում է «Արմենպեսը»: ՉԺՀ դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցել ե, մասնավորապես, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը, Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը եւ այլք:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ներկաներին նախաձեռնության կապակցությամբ եւ նշել, որ նոր դեսպանատունը կծառայի որպես  կարեւոր հարթակ  երկկողմ հարաբերությունների զարգացման,  երկար տարիների ընկերության ամրապնդմանն ուղղված  նախագծերի  իրականացման համար:  

Դեսպան Թիան Էրլունն իր հերթին ընդգծել է, որ դեսպանատան նոր շենքի կառուցումը երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարիդրացիական կապերի արտացոլումն է: 

«Սա կարեւոր եւ ուրախալի իրադարձություն է մեզ համար: Չինաստանն էլ ավելի լավ ներկայացված կլինի Հայաստանում: Քանի որ մեր համագործակցությունը բավականին արագ է զարգանում, դա, իհարկե, պահանջում է ավելի մեծ ջանքեր՝ ավելի մեծ թվով մարդկանց, հետեւաբար ավելի մեծ տարածք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Չինաստանի դեսպանը:

Դեսպանատան նոր շենքի շինարարությունը տեւելու է 2 տարի:  Շենքի նախագիծը պատրաստվել է Չինաստանում՝ չինական ընկերության կողմից։ Շինարարական աշխատանքները միասին կիրականացնեն հայ և չինացի շինարարները: