10.08.2017 10:35

Հս. Կորեան ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հրթիռ բաց թողնելու պլան է մշակում

Հս. Կորեան ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հրթիռ բաց թողնելու պլան է մշակում
AFP

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը կրկնել է իր սպառնալիքը՝ միջին հեռահարության հրթիռներ բաց թողնել Խաղաղ օվկիանոսի շրջան, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները Գուամ կղզու վրա, տեղեկացնում է BBC-ն:  

Կորեայի կենտրանական հեռագրային գործակալությունը տեղեկացնում է, որ ԿԺԴՀ ռազմական գործիչները «ԱՄՆ-ին զգուշացնելու» պլան են մշակում, համաձայն որի, «Խվասոն-12» չորս բալիստիկ հրթիռ կարձակվի, որոնք պետք է թռչեն ճապոնական Սիմանել, Հիրոսիմա, Կոտի պրեֆեկտուրաների վրայով եւ ընկնեն Գուամում ամերիկյան բազայից 30-40 կմ հեռավորության վրա:

Պլանը, ըստ կորեացիների, պատրաստ կլինի օգոստոսի կեսերին, որից հետո կներկայացվի երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին, որն էլ վերջնական որոշում կընդունի:

ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բանավոր կռիվը նոր ուժով բռնկվել է օրերս, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եթերում խոստացավ «կրակ ու ցասում» թափել Հյուսիսային Կորեայի գլխին, եթե Պհենյանը շարունակի սպառնալ Ամերիկային: Թրամփի հայտարարությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն հայտարարեց, թե միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք կարող  է տեղադրել արդեն առկա հրթիռների վրա: