10.08.2017 11:57

ԿԺԴՀ-ն խոստանում է Գուամ կղզուն հարվածելու պլանը ներկայացնել օգոստոսի կեսին

ԿԺԴՀ-ն խոստանում է  Գուամ կղզուն հարվածելու պլանը ներկայացնել օգոստոսի կեսին

ԿԺԴՀ-ն կրկնել է իր սպառնալիքը Խաղաղ օվկիանոսի շրջանում միջին հեռահարության հրթիռներ արձակելու վերաբերյալ, որտեղ՝ Գուամ կղզում, տեղակայված է ամերիկյան ռազմաբազա:

ԿԺԴՀ զինվորականները, ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած հայտարարության մեջ, «որպես նախազգուշացում ԱՄՆ-ին»՝ մշակում է  միջին հեռահարության չորս բալիստիկ հրթիռներ արձակելու պլան, որոնք պետք է թռչեն ճապոնական Սիմանե, Հիրոսիմա, Կոտի շրջանների տարածքների վրայով, 1065 վայրկյանում (18 րոպե) հաղթահարեն 3 հազար 356 կմ և ընկնեն Գուամում ամերիկյան ռազմաբազայից 30-40 կմ հեռավորության վրա:

Հարվածի պլանը պետք է պատրաստ լինի օգոստոսի կեսերին, որից հետո կներկայացվի Կիմ Չեն Ինին, որն էլ վերջնական որոշում կկայացնի:

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը չորեքշաբթի ԿԺԴՀ-ին նախազգուշացրել է չանել այնպիսի քայլեր, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն «վարչակարգի տապալմանը և իր ժողովրդի ոչնչացմանը»:

ԱՄՆ պաշտպանության նախարարը Հյուսիսային Կորեային զգուշացրել է, որ երկիրը պարտություն կկրի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ պատերազմում:

Փոխանցում է BBC-ն: