10.08.2017 13:46

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ օդային կապերի խորացմամբ

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ օդային կապերի խորացմամբ

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հրավերով օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու երկօրյա բանակցությունների:
Կողմերը քաղավիացիայի վերաբերյալ համաձայնագիր եւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Բանակցությունների ընթացքում, մասնավորապես, չինաստանցի պատվիրակները նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և միջկառավարական համագործակցության զարգացմանը:
Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյան հրավեր է ստացել՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկելու դեպի ՀՀ չվերթների իրականացման համար գործնական քայլերը: 
1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը կորցրել էր արդիականությունը և առաջացել էր վերանայման անհրաժեշտություն, նշվում է քաղավիացիայի վարչության տարածած հաղորդագրության մեջ: