11.08.2017 10:16

Սթիվեն Ջերարդ. Կոուտինյոն երազում է «Բարսելոնայի» մասին

Սթիվեն Ջերարդ. Կոուտինյոն երազում է «Բարսելոնայի» մասին

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը վստահ է, որ փլեյմեյքեր Ֆիլիպե Կոուտինյոն երազում է «Բարսելոնա» տեղափոխության մասին։ Նախօրեին պարզվեց, որ «Բարսելոնայի» պատվիրակությունը ժամանել է Անգլիա, որպեսզի համաձայնեցնի Կոուտինյոյի տրանսֆերը։ Ջերարդը հուսով է, որ բրազիլացին կմնա «Լիվերպուլում», բայց հասկանում է, թե ինչու է Ֆիլիպեն երազում «Նոու Կամպ» տեղափոխության մասին։
«Բարսելոնա» տեղափոխությունը յուրաքանչյուր հարավամերիկացու երազանքն է։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում։ Ինձ հետ «Լիվերպուլում» հանդես էին գալիս Խավիեր Մասկերանոն և Լուիս Սուարեսը, ովքեր հետագայում տեղափոխվեցին հենց «Բարսելոնա»։
Ամենահաճելին այն է, որ մարզիչն ու սեփականատերերն ուզում են, որպեսզի նա մնա։ «Լիվերպուլը» այն վիճակում չէ, որպեսզի վաճառի խաղացողին, նրանց փող պետք չէ։ Վստահ եմ՝ նրանք հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի պահեն Կոուտինյոյին։

Ամեն դեպքում խաղացողի կարծիքն է կարևոր։ Ֆիլիպեն պետք է որոշի. պատրա՞ստ է պատերազմ հրահրել, քանի որ «Լիվերպուլը» հենց այնպես նրան հրաժեշտ չի տա։ Ես աղոթում եմ, որպեսզի տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո նա ակումբում լինի»,- Ջերարդին է մեջբերում Daily Mirror-ը։