11.08.2017 20:42

Արսեն Գրիգորյան. Լրագրողների բանը բուրդ է

Արսեն Գրիգորյան. Լրագրողների բանը բուրդ է

Իշխանությունը վտանգավոր գործի է կպել՝ մտնել լրագրողների համակարգիչների մեջ՝ տանը, թե աշխատավայրում: Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀԿ-ն Ազգային ժողով բերեց եւ անմիջապես «Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքից հանեց լրագրողներին վերաբերող դրույթը՝ 1-ին հոդվածի 3-րդ կետը, ըստ որի՝ անձնական տվյալներ հավաքելն արգելված չէ լրագրողներին եւ արվեստագետներին: Այս տարվա հունվարի 1-ից արգելված է:

Օրենքը լրագրողին հավասարեցրեց սովորական քաղաքացուն: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի տրամաբանությամբ Հայաստանում լրագրողներ չկան: Իսկ եթե լրագրողներ չկան, չի կարող լինել նաեւ լրատվություն: Սրա ղողանջները մենք դեռ հետո կլսենք, մասնավորապես՝ հետաքննող լրագրողների պարագայում:

Այս դրույթը որեւէ քննարկում չանցավ լրատվամիջոցներում: Հունվարի 1-ից լրագրողները կանգնեցին փաստի առաջ: Այսուհետեւ հատկապես հետաքննող լրագրողը պարտավորվում է իր «զոհին» տեղեկացնել, որ քչփորում է նրա հանրային գործունեությունը: Իշխանությունը էդ հանրային գործունեության անունը դրել է անձնական տվյալ: Ինքն արդեն 2004-ի ԶԼՄ մասին օրենքով լրագրողին արգելել էր զբաղվել մարդկանց ընտանեկան եւ նեղ անձնական տվյալներով: Արդեն իսկ սահմանել էր պատժաչափեր: Նոր օրենքով դրան կգումարվի 2-ամսա կալանքը կամ մինչեւ 200 հազար դրամ տուգանքը: Իշխանությունն ասում է, որ օրենքի էդ դրույթը (1-ին հոդված 3-րդ կետ) հանեցին էն պատճառով, որ ով ասես լրագրողի անվան տակ կարող է մարդու անձնական տվյալ հավաքել, այսինքն՝ օստապբենդերություն անել ու սպառնալ իշխանավորին:

Ուշադրություն դարձրեք՝ ով ասես: Ահա ինչու ոչ թե տարանջատեցին լրագրողին՝ Օստապ Բենդերից, այլ որոշեցին լրագրողին նույնացնել Բենդերի հետ ու նրան արգելել զբաղվել հետաքննությամբ: Ավելին, իշխանությունը լրագրողին տեղյակ չի պահել, որ այդ հոդվածը հանում է, բայց ուզում է, որ լրագրողներն իրենց տեղյակ պահեն, որ ուզում են գրել նրանց մութ գործերի մասին: Իրենք ամեն ինչ արել են լրագրողներից գաղտնի, բայց ուզում են, որ լրագրողներն իրենցից գաղտնիքներ չունենան: Վտանգավորությունն այն է այդ դրույթի, որ ցանկացած պարագայում լրագրողը պետք է իշխանությանը տեղյակ պահի, որ ուզում է գրել նրա մութ գործերի մասին, եւ սպասի, որ իշխանավորը հավանություն տա դրան: Ցանկացած պարագայում: Ինչու՞: Որովհետեւ հենց տեղյակ պահեց, իշխանավորը կարող է բողոքել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը, որը ժանդարմի գործառույթներով իրավունք ունի գալ եւ մտնել լրագրողի համակարգչի մեջ ու ստուգել՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, պաշտպանվա՞ծ է արդյոք լրագրողի համակարգիչը կողմնակի մուտքերից: Սա էլ է քիչ: Լրագրողը հրապարակայնորեն պետք է պատճառաբանի իր հետաքննության գերակա հանրային շահը:

Իրականում հիմարություն է օրենքից հանել լրագրողների վերաբերյալ դրույթը այն պարզ պատճառով, որ լրագրողը փաստեր է հավաքում հանցագործության կամ անգործության մասին: Եթե ոչ լրագրողն է դա անում, դրա համար գոյություն ունի քրեական օրենսգիրքը, նրանով կարող է զբաղվել Ազգային անվտանգությունը: Լրագրողը հենց նրանով է լրագրող, որ գործունեություն է իրականացնում լրագրողական էթիկայի եւ ԶԼՄ-ների մասին օրենքի շրջանակներում, որտեղ արդեն ամրագրված է անձնական տվյալների պաշտպանությունը: Լրագրողը չի կարող հետաքննություն սկսելիս տեղյակ պահել իշխանավորին, որ փաստեր է հավաքում: Իշխանության ինքնապաշտպանության զենքերը շատ են, ներառյալ դատարանը, որը բանտարկելու սպառնալիքով կարող է լրագրողին արգելել զբաղվել այս կամ այն իշխանավորով: Եթե լրագրողը փաստեր է հավաքում, որոնցում հանցագործության տարրեր չկան, ուրեմն ինչո՞վ է նա լրագրող: Պարզ է, չէ՞, որ իշխանությունը կարող է մտահոգվել միայն այն դեպքերով, երբ խոսքն իր հանցավոր գործունեության առիթով փաստեր հավաքելու մասին է: Օրենքից 1-ին հոդվածի 3-րդ կետի բացառումը լրագրողների համար աննկատ է անցել հենց այն պատճառով, որ դա նույնիսկ խորհրդարանում չի քննարկվել: Պարզապես բերել եւ հանել են: Հետեւաբար, դեռ իշխանությունն ինքը պետք է պատասխան տա այս հանցագործության համար: Դա նույնն է, որ սուսուփուս գնդակահարության մասին դրույթ մտցնես քրեական օրենսգրքում կամ պետության ամբողջ ունեցվածքը հայտարարես Սերժ Սարգսյանի անձնական ունեցվածք: