12.08.2017 21:15

ԱՊԼ գործող չեմպիոնը պարտվեց 9 ֆուտբոլիստով (տեսանյութ)

ԱՊԼ գործող չեմպիոնը պարտվեց 9 ֆուտբոլիստով (տեսանյութ)

Չեմպիոն «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Բերնլիին»: 

Արդեն 14-րդ րոպեին լոնդոնցիները մնացել են 10 ֆուտբոլիստով: «Բաց ոտքով» կոպիտ սահընկման համար խաղադաշտից հեռացվել է Գարի Կեհիլը: Առաջին կեսում «թոշակառուների» մղձավանջը շարունակվել է: Մրցակիցն օգտվելով թվային առավելությունից 3 գոլ է խփել:

Միայն ընդմիջումից հետո Անտոնիո Կոնտեին հաջողվել է փոխել իր թիմի խաղը: Փոխարինման մտած Ալվարո Մորատան կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը: Երբ «Չելսին» մոտ է եղել երկրորդ գոլին, ևս մեկ կարմիր քարտ է ստացել: Կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտին է արժանացել Ֆրանսեսկ Ֆաբրեգասը: Առաջին զգուշացումը կատալոնացուն ցուցադրվել էր մրցավարին հեգնական ծափահարելու համար:

Քիչ անց չեմպիոնին հաջողվեց 9 խաղացողով ևս մեկ գնդակ արձանագրել: Մորատայի փոխանցումից հետո աչքի ընկավ Դավիդ Լուիսը: Հյուրերը թվային առավելությամբ միայն կարողացան մեկ անգամ դարպասաձողին հարվածել: Իսկ վերջին գրոհի ժամանակ հրաշքով գնդակը հեռացրին սեփական տուգանային հրապարակից: Վերջնական հաշիվն է 2:3:

Այսպիսով, «Չելսին» դարձավ ԱՊԼ-ի պատմության երկրորդ թիմը, որը չեմպիոնի կարգավիճակով նոր առաջնությունը սկսում է պարտությամբ: Նախորդ դեպքը գրանցվել էր մեկ տարի առաջ, երբ «Լեսթերը» պարտվել էր «Հալ Սիթիին»:

ԱՊԼ. 1-ին տուր
«Չելսի» – «Բերնլի»` 2:3
Գոլերը. Մորատա (69), Լուիս (88) – Վոուկս (24, 43), Ուորդ (39)