15.08.2017 12:02

Լիզա Ճաղարյան. Բան չի պատահել. կշարունակեն սպանել ու լափել կալահարիներում

Լիզա Ճաղարյան. Բան չի պատահել. կշարունակեն սպանել ու լափել կալահարիներում

Խոսրովի արգելոցը ոչնչացնող հրո ճարակի դեմ Հայաստանի իշխանությունների անճարակությունը, ապաշնորհությունը, անպատրաստությունն ու հանցավոր անտարբերությունն անսպասելի չեն։ Անսպասելի չէ նաեւ Ֆեյսբուքում հնչող հարցը. «Իսկ կա՞ մի բնագավառ, որտեղ մենք պատրաստ ենք»։

Չշտապենք ասել՝ չկա։

Կա՛, ու Հայաստանի հասարակությունն իր մաշկի վրա քանի՜-քանի անգամ է զգացել այդ «բնագավառի» անթերի պատրաստվածությունը։

Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է, թե ինչ բարձիթողի ու մղձավանջային վիճակ է Խոսրովի արգելոցում եւ վերջում հավելում է. «Հա, մոռացա ասել, որ ոստիկանությունն էլ էր ներգրավված. կրակից մի 15 կմ հեռու՝ արգելոցի մուտքի մոտ մի 5 հոգի կանգնել էր, որ կողմնակի անձ չմտնի»։

Ահա՛։ Սրանք են Հայաստանում միակ կազմուպատրաստ բնագավառի ներկայացուցիչները։ Ուրեմն՝ ինչու՞ այս հզոր կառույցի «իգիթները» չեն շտապել փրկելու Խոսրովի անտառը, դարավոր ծառերը, շնչահեղձ լինող կենդանիներին...

Որովհետեւ Խոսրովի արգելոցի ծառերն ու կենդանիները հանրապետականների ու սրանց առաջնորդ Սերժիկ Սարգսյանի իշխանության հիմքերը չեն խարխլում։ Ծառերն ու կենդանիները հանրահավաքներ չեն կազմակերպում, չեն բարձրաձայնում Հայաստանի իշխանության բազմահատոր հանցագործությունների մասին, ապստամբության փորձ չեն անում, չեն խաթարում գող ու հանցագործ իշխանության հովվերգությունը, չեն ձերբակալվում ու դատարաններում չեն ըմբոստանում կամակատար դատավորների դեմ։

Ուրեմն, ինչու՞ զենքով եւ բռնությամբ իրենց իշխանությունը երկարաձգող հանրապետականները վտանգեն միակ կայացած ու անփոխարինելի հենարան ոստիկանությանը՝ ինչ-որ անշառ, անլեզու ծառերի ու վերանալու ճամփան բռնած կենդանիների փրկելու համար։ Հո իրենք իրենց թշնամի՞ն չեն։

Ա՛յ, փորձեք տասը հոգով փողոց դուրս գալ հակահանրապետական պաստառներով ու կոչերով, ու կտեսնեք, թե ինչ նախանձելի են պատրաստված Գասպարյան Վովայի «գելխեղդները», ժամանակակից ի՜նչ տեխնիկական միջոցներ ունեն, հինգ-տասը հոգու դեմ քանի-քանի հարյուր համազգեստավորներ են դուրս գալիս ու ինչ անխնա պայքար են մղում ճերմակամազ տատիկների ու մատղաշ աղջնակների դեմ։ Քաջ Նազարը կնախանձեր։

Իսկ Խոսրովի արգելոցը...

Հերն էլ անիծած։

Երբեմն-երբեմն այնտեղ բեզոարյան այծի կամ վարազի միս էին լափում, սրանից հետո կշարունակեն կալահարիներում կամ Բադեն Բադենի ռեստորաններում լափել։

Հո ձեռները քարի տա՞կ չի։