16.08.2017 19:04

Արսեն Գրիգորյան. Մոր «սիրտը»

Արսեն Գրիգորյան. Մոր «սիրտը»

Մի քանի օր առաջ կինը ծննդաբերելուց երեք ժամ հետո երեխային թողել է Պռոշյան գյուղի սալորի ծառի տակ: Նրան հայտնաբերել է մի աղջնակ:

Շատ չար չլինենք: Մայր լինելով կարելի է զարմացնել միայն նրանց, որոնք չեն կարող դառնալ մայր: Իսկ ահա կինը, որը կարողացել էր մայրանալ, լքել է բալիկին: Առ այսօր մենք չգիտենք պատճառները: Մեր երեւակայությունը թող մնա մեզ: Փորձենք պատկերացնել, թե մայրն ինչ է զգացել երեխային թողնելուց հետո: Լքել երեխային, արդեն վճիռ է: Հետո պատկերացնել մոր քայլերը: Սրանք գերմարդու քայլեր չեն. ամենասովորական մի կին, որից ոչ մի ջանք չի պահանջվել մայր չլինելու համար: Որովհետեւ ընդամենը 4 ժամ առաջ ինքը մայր չէր:

Սակայն մտածել նաեւ, որ նա 9 ամիս կրել է երեխային: Մտածել, որ ոչինչ չի ձեռնարկել ծննդաբերելուց հետո երեխային սպանելու ուղղությամբ: Չէ՞ որ այնքան երեխաներ կան, որոնք սպանվում են ծնվելուց անմիջապես հետո: Այնքան երեխաներ են եղել, որոնք չեն հասցրել որբանալ: Մինչդեռ որբությունը սպանված չլինելու այլընտրանքն է: Մայրն այս դեպքում արել է առավելագույնը անձամբ չսպանելու համար, բայց լքելուց հետո նա արդեն քայլում է մարդասպան լինել-չլինելու մազե կամրջով, որովհետեւ երեխայի գոյությունն արդեն նրա իշխանության տակ չէ: Այսինքն, այդ կնոջ մեջ կան սպանողի բնազդներ: Որովհետեւ երեխային այդպես չեն լքում: Ահա հենց այստեղ է հարցը:

Նա ժամանակ եւ առողջություն չունի ճանապարհ կտրելու եւ երեխային որեւէ մանկատուն թողնելու համար: Նա գուցե թերսնված, թերառողջ մեկն է, նա գուցե դրանից հետո նույնիսկ գոյություն չունի: Կամ գուցե ունի «մի բուռ բալիկներ» եւ այս մեկի անգոյությունը ոչինչ չի նշանակում: Կամ «ամաչել» է երեխային թողնել անծանոթ մեկին: Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում: Ընդունենք, որ սա պատմություն է երջանկության հրամայականով:

Բայց կնոջ քայլերը... Միտքը, որ չի անջատվում լքելու ամբողջ ընթացքում: Սիրտը, որ... Մարդը, մինչդեռ, սրտի վրա արվող «խաղադրույքն» է: Փոքրիկ մի արարած, որը թողնվում է փողոցային շոգի ու փոշու, գուցե նաեւ շների քմահաճույքին: Մոր սիրտը, որ գուցե բաբախում է այն հրճվանքով, որ անձամբ չի սպանում: Փոքրիկի ամենաբնական լացը, որ կրծքի պահանջ է: Ո՞վ պետք է դա տա, քանի դեռ մի աղջիկ չի գտել նրան: Եվ ո՞ր պահից է, գրողը տանի, փողոցը դարձել մանկատուն:

Մենք ուզու՞մ ենք իմանալ, թե ով է այդ կինը: Այո, եթե այդ երեխան վերջինն է բոլոր ծնվածներից: Ոչ, եթե երեխաները շարունակելու են ծնվել: Որովհետեւ յուրաքանչյուր մայր առաջինն է, եւ պետք է գուրգուրել նրան, որը մայրանում է: Պետք է զբաղվել նրանով որպես հրաշքի ներկայացուցչի: Հարցրեք նրանց, որոնք երեխաներ չեն ունենում եւ կվկայեն, որ փողոցում է հայտնվել հրաշքը: Հարցրեք նաեւ նրանց, որոնք ունեն՝ նույնը կպնդեն: Մայր դարձած կինը կարող է որբանալ իր ամուսնով: Բայց երեխայով որբանալ, արդեն մոր մասին չէ խոսքը:

Այս պատմությունը երջանիկ պատմություն է, երբ մենք արդեն խնամում ենք այդ փոքրիկին: Բոլոր մանկատները լցված են այսպիսի, պայմանականորեն ասած, երջանիկ պատմություններով: Որովհետեւ մենք կորցրեցինք մի մայր, բայց գտանք երեխային:

Ասում են, որ Խոսրովի արգելոցի հրդեհի մեջ հայտնված արջի քոթոթները մարդկանցից իրենց մորն են պահանջել: Նրանք կրակից չեն փախչել, այլ հարձակվել են մարդկանց վրա, որոնց ոչինչ չէին կարող անել: Այդ քոթոթների ճակատագրի մասին մենք ոչինչ չգիտենք՝ գտա՞ն իրենց մորը, թե ոչ: Փաստ է, որ մայրը չի կարողացել մտնել կրակի տարածք կամ գոյություն չունի: Պատմությունը մամուլում կա: Աշխարհն ամեն վայրկյան հրդեհվող տարածք է երեխայի ծնունդից հետո: Բայց սարսափելի է մտածել, որ այդ հրդեհը կարող է դառնալ հարազատ մայրը: Կրակն ինքը գուցե հրաժարվեր իր բովանդակությունից: